Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։5

Ա. Լոպուխին

«Որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ՝ Իսրայելի տան մոտ»։ (Սինոդական թարգ․)[5]

   

   Արդեն իսկ այն քաղցրությունը, որը մարգարեն զգաց մագաղաթն ուտելուց հետո, և որը նրան ցույց էր տալիս, որ քարոզչությունն ինքնին օրհնությամբ լեցուն մխիթարություն էր բերելու մարգարեին, այդ քաղցրությունը պիտի թեթևացներ իր ծառայության ծանր լուծը։ Սակայն Տերը նաև հավելում է, որ այնպես էլ չէ, թե մարգարեի հարաբերությունները ժողովրդի հետ աներևակայելիորեն խրթին են լինելու։ Եզեկիել մարգարեն, ամեն դեպքում, ստիպված չի լինելու գործ ունենալ մի ինչ-որ օտար ժողովրդի հետ, որոնց լեզուն նույնիսկ նա չէր հասկանա:

   «Օտարախոս և դժվարալեզու» - բառացիորեն՝ «խորը շուրթերով (սլավոներենում՝ «խորալեզու մի ժողովուրդ», որը, այդ իսկ պատճառով էլ, խոսում է ցածրաձայն) և ծանրախոս, այսինքն՝ դժվարությամբ շարժվող (սլավոներենում՝ «լեզուն կապ ընկած») լեզվով»։ Այստեղ կարելի է նշել, որ մարգարեի ունկնդիրների շրջանակում է լինելու հրեական բնակչության ընտրյալ զանգվածը (որը ժողովրդի հենց այն մասն էր, որ գերեվարվեց Բաբելոն, և որի թվում էին ինքը՝ Եզեկիել մարգարեն ու Հեքոնիան), և ոչ թե հասարակ մարդիկ՝ իրենց բարբարոսական ժարգոնով և դրան համապատասխան զարգացվածության աստիճանով, մինչդեռ 6-րդ համարում խոսքն օտար լեզուների և ժողովուրդների մասին։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն,
(Արարատ թարգ․) որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ Իսրայելի տան մոտ.
(Գրաբար) Զի ո՛չ եթէ առ ժողովուրդ խորախօս ծանրալեզու առաքեսցիս առ տունն Իսրայէլի․