Ա. Լոպուխին
«Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել Ինձ, քանի որ Իսրայելի ամբողջ տունը պնդաճակատ ու խստասիրտ է»։ (Սինոդական թարգ․)[7]
Սակայն եթե, ինչպես որ կանխատեսվում էլ է, Իսրայելի ժողովուրդը մարգարեին չունկնդրի, ապա դրա պատճառը մարգարեն չէ, այլ կա մեկ ուրիշ պատճառ․ «որովհետև նրանք չեն ուզում լսել Ինձ»։ Միևնույն զգացմունքայնությամբ Աստված մի ժամանակ մխիթարել էր Սամուելին (Ա Թագ․ 8:7, 8), իսկ Փրկիչն էլ՝ առաքյալներին (Ղուկ․ 10:16): Մարգարեին չլսելու ավելի խորը պատճառներն արմատավորված են Իսրայելին հատուկ բնական, հոգևոր հատկությունների խորխորատներում. այդ ժողովուրդը «պնդաճակատ» (նման հատուկ տեսակի կենդանիներին։ Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «filoneikoi» բառը՝ «անհնազանդ» նշանակությամբ, քանի որ թարգմանիչները «մացահ»՝ «ճակատ» բառի փոխարեն փոխադրել են «մացա»-«վիճաբանություն») և խստասիրտ (կարծր սիրտ ունեցող) ժողովուրդ է: Չնայած արտահայտության նմանությանը 2:4-րդ համարի գաղափարին՝ այստեղ միտքն այլ է․ այստեղ Իսրայելը բնութագրվում է հոգեբանական տեսանկյունից, այնտեղ նկարագրվում էր պատմական կողմից («նրանք և նրանց հայրերը»):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու խստասիրտներ են:
(Արարատ թարգ․) Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։
(Գրաբար) Այլ տունն Իսրայէլի ո՛չ հաւանին լսե՛լ քեզ, քանզի ո՛չ կամին լսել ինձ. զի ամենայն տունն Իսրայէլի հակառակօղք և խստասիրտք են։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: