Ա. Լոպուխին
«Եվ Տափնիսում օրը պիտի մթնի, երբ որ Ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը։ Ամպը պիտի ծածկի նրան, և նրա դուստրերը գերության պիտի մատնվեն»։ [18] (Սինոդական թարգ․)
«Տափնիս» - սլավոներենում՝ «Տաֆնես», հունարենում՝ «Tafnai», որ հիշատակվում է նաև Երեմիայի մարգարեության 2։16-րդ համարում և այլուր՝ եբրայեցերեն տեքստում մի փոքր այլ արտասանությամբ․ այստեղ՝ «Տխաֆնեխես», այնտեղ՝ «Տախպանեխես»՝ Մեմֆիսի հետ մեկտեղ որպես եգիպտացիների իշխանության գլխավոր ներկայացուցիչ։ Դա պետք է որ լինի նույնը, ինչ Հերոդոտոսի «պելուսական» Դաֆնան էր (II, 30, 107)՝ ամուր բերդ Պսամետիքոսի շուրջ, որն այդպես մնաց մինչև. Պարսկական տիրապետությունը։ Այն հիշատակվում է դեռևս Անտոնիի ճանապարհորդության մեջ՝ Պելուսիայից 16 մղոն հեռավորության վրա, Նեղոսի Պելուսիական ճյուղավորման արևմտյան ափին: Հնարավոր է, որ այս բնակավայրը համապատասխանում է Թել-էլ-Դեֆենին, չնայած որ վերջինս գտնվում է Պելուսիայից 27,5 հռոմեական մղոն հեռավորության վրա։ Այն չի հիշատակվում հիերոգլիֆներում և Հովսեփոս Փլաբիոսի երկում։
«Օրը պիտի մթնի» - սա Աստծո դատաստանի խորհրդանիշն է (տե՛ս 3-րդ համարը)։
«Կոտրեմ Եգիպտոսի լուծը» - սլավոներենում՝ «գավազանները», ինչն արդյունք է այն բանի, որ «մոտոտ»-ը տարընթերցվում է որպես «մատոտ»։ Սա ավելի ճիշտ տարբերակ է, չնայած որ անհասկանալի է, թե ով է կրում այդ լուծը (թերևս կարելի է նկատի ունենալ Իսրայելի եգիպտական ստրկությունը): Ըստ Երեմիայի մարգարեության 43:8-րդ համարի՝ Տափնիսում թագավորական մի շքեղ պալատ է եղել։
«Ամբարտավան զորությունը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 6-րդ համարը։
«Ամպը պիտի ծածկի նրան» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 3-րդ համարը։
«Դուստրերը» - քաղաքները (Եզեկ․ 16։46)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ցերեկը խաւարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ ես եգիպտացիների իշխանական մականը: Եւ այն ժամանակ կորչելու են նրա ամբարտաւան զօրքերը. մէգն է ծածկելու այն: Նրա դուստրերն էլ գերի են քշուելու:
(Արարատ թարգ․) Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։
(Գրաբար) Եւ խաւարեսցի՛ տիւ 'ի Տափնաս,' ի փշրել ինձ անդ զգաւազան իշխանութեան Եգիպտացւոցն. և կորիցէ անդ հպարտութիւն զօրութեան նորա, և զնոյն մէ՛գ ծածկեսցէ. և դստերք նորա 'ի գերութիւն վարեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: