Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։7

Ա. Լոպուխին

7-9. «Եվ քեզ, մարդո՛ւ որդի, Ես պահապան կարգեցի Իսրայելի տան վրա, և դու Իմ բերանից խոսք պիտի լսես ու նրանց պիտի զգուշացնես Իմ կողմից»։ [7] «Երբ Ես անօրենին ասեմ. «Ո՛վ անօրեն, դու մահվամբ պիտի մեռնես», իսկ դու ոչինչ չխոսես՝ անօրենին իր ճանապարհից զգուշացնելու համար, ապա այդ անօրենը կմեռնի իր մեղքի պատճառով, բայց նրա արյունը պահանջելու եմ քո ձեռքից»։ «Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որպեսզի նա հետ դառնա դրանից, բայց նա իր ճանապարհից հետ չդառնա, ապա նա կմեռնի իր մեղքի պատճառով, բայց դու փրկած կլինես քո հոգին»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս հատվածում հանդիպում ենք Եզեկիելի մարգարեության 3:17-19-րդ համարների գրեթե բառացի կրկնությանը։ Սակայն այնտեղ հիմնականում նկատի էր առնվում թագավորության կործանումը, որի մասին մարգարեն պարտավոր էր նախազգուշացնել ժողովրդին, իսկ ահա այստեղ նկատի են առնվում Իսրայելի նկատմամբ Աստծո հետագա մաքրագործող դատաստանները:

   «Ո՛վ անօրեն» - սլավոներենում՝ «մեղավոր»։ Այս հատկորոշիչ անվանումը հավելվում է (և արտահայտիչ կերպով) 3-րդ գլխի զուգահեռ հատվածին, բայց հնագույն շրջանի շատ թարգմանություններ այն չեն տարընթերցում։ Մեղք գործող արդարի նկատմամբ վերաբերմունքը 3-րդ գլխից դուրս է թողնված որպես համեմատաբար հազվադեպ հանդիպող մի իրողություն:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քեզ պահակ եմ կարգել Իսրայէլի այդ տան վրայ, եւ դու պիտի լսես իմ բերանի խօսքերը, իմ կողմից պիտի զգուշացնես նրանց:
(Արարատ թարգ․) Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ, դէ՛տ կացուցի զքեզ տանդ Իսրայէլի, և լուիցես բանից բերանոյ իմոյ, և զգուշացուսջիր զնոսա իբրև յինէն: