Ա. Լոպուխին
«Եվ պիտի նշանակեն մարդկանց, որոնք մշտապես կշրջեն երկրում և անցորդների օգնությամբ կթաղեն երկրի երեսի վրա մնացածներին՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո նրանք պիտի սկսեն որոնումները»։ [14] (Սինոդական թարգ․)
Նույնիսկ «երկրի ամբողջ ժողովրդի» համար անհնարին կլիներ անգամ 7 ամիսների ընթացքում նմանօրինակ հսկայածավալ աշխատանք իրականացնել (սպանված- ընկածներն ահա այդքա՜ն շատ են լինելու): Ահա թե ինչու է անհրաժեշտ նշանակել (բառացիորեն՝ «առանձնացնել») մի տեսակ հատուկ «հանձնաժողովի» (Կրեչմար՝ «անոշեյ տամիդ» - «մշտական մարդիկ»)՝ երկիրն ամբարիշտ հեթանոսների բոլոր մեռած մնացորդներից վերջնականապես մաքրելու համար։
«Անցորդների օգնությամբ» - ոչ թե այն անցորդների, որոնք հիշատակված են 11-րդ համարում, այլ նրա՛նց օգնությամբ, որոնց մասին խոսվելու է 15-րդ համարում՝ «երկրով շրջողներ» անվան նորքո։ Այսինքն՝ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հատուկ նշանակված են հենց դիակներ և ոսկորներ փնտրելու համար։ Ուստի թերևս հարկ էր թարգմանել ոչ թե «անցորդներ», այլ «շրջողներ», «քայլողներ», «հսկիչներ»։ Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունն առհասարակ չի տարընթերցվում։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը ամիս յետոյ երկիրը մաքրեն:
(Արարատ թարգ․) «Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտի սկսեն որոնել։
(Գրաբար) Եւ ա՛րս նմին իրի գումարեսցեն երթալ շրջել ընդ երկիրն, և թաղե՛լ զմնացորդս 'ի վերայ երեսաց երկրին. և սրբել զնա յետ եւթն ամսոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: