Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։38

Ա. Լոպուխին

«Մի սենյակ էլ կար, և նրա մուտքը դարպասի սյուների մոտ էր. այնտեղ էին լվանում ողջակեզները»։ [38] (Սինոդական թարգ․)
   

    «Մի սենյակ էլ կար, և նրա մուտքը դարպասի սյուների մոտ էր» - բառացիորեն՝ «Եվ սենյակն ու դրա դուռը դարպասների սյուների մեջ են»: Տեքստից անհասկանալի է մնում, թե՝

    1) արդյո՞ք այդ սենյակը դարպասին կցված մի հավելյալ սենյակ է եղել, թե՞ գտնվում էր հենց դարպասի կառույցի մեջ. եթե առաջին տարբերակն է ճիշտ, ապա այդ դեպքում անհրաժեշտ էր նշել, թե դարպասի ո՞ր կողմից էր արված այդ «հավելումը», ինչպես որ նշվում է հետագայում՝ 44-րդ համարում հիշատակված սենյակների պարագայում։ Այստեղից կարելի է հետևեցնել, որ երկրորդ տարբերակն ավելի հավանական է։

    2) Նշված չէ, թե ո՛ր սյուների (եբրայեցերեն՝ «Էլիմ») մասին է այստեղ խոսքը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախասրահի սյուները ոչ մեծ հաստություն են ունեցել՝ ընդամենը 2 կանգուն՝ պետք է ենթադրել, որ այս սենյակը գտնվում էր կողային սենյակները բաժանող կամ ծայրամասերը շքամուտքից բաժանող սյուների միջև։ Այս վերջին տարբերակն ավելի հավանական է, սակայն դարձյալ անհայտ է մնում, թե այդ 2 սյուներից հատկապես որի՞ մեջ է տեղակայված եղել սենյակը։ Հաշվի առնելով արդեն այն հանգամանքը, որ եբրայեցերենում «Էլիմ» բառը նմանություն ունի «էլամ» բառի հետ՝ չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ գուցե թե այստեղ խոսքը ոչ թե սյուների, այլ շքամուտքի մասին է. այդ դեպքում արդեն ավելի հասկանալի կլիներ «նրա դուռը» հավելադրումը․․․ Այդպիսի սենյակներն ամենաուղիղ իմաստով գտնվում էին բոլոր երեք ներքին դարպասների մոտ (եբրայեցերենում վերջին բառը հոգնակի թվով է կիրառված): Ուստի հազիվ թե արդարացի է այն տեսակետը, որի կողմնակից-գիտնականներն այս սենյակը տեղադրում են միայն արևելյան դարպասի կառույցի մեջ (տե՛ս Բերթոլետ, Կրեչմար)՝ ա՛յն պատճառաբանությունը բերելով, որ հյուսիսային և հարավային դարպասների սենյակներն այլ նպատակի էին ծառայում (44-րդ համար) և որ տաճարի աղբյուրը հոսում էր հենց արևելյա՛ն դարպասի տակից (Եզեկ․ 47:1-2), ինչպես նաև՝ որ այդ դարպասները մշտապես փակ էին, մինչդեռ հյուսիսային ու հարավային դարպասներով մարդիկ էին գնում-գալիս։ Եվ դեռ էլ ավելի քիչ հավանական է այն տեսակետը, որի կողմնակից-գիտնականներն (Գեֆերնիկ, Գենգստերման, Сurrey) այս սենյակը տեղադրում են միայն հյուսիսային դարպասի մոտ՝ ա՛յն պատճառաբանությամբ, համաձայն որի՝ ողջակեզի զոհը, որը լվացվել է այդ սենյակում, ըստ Մովսեսի օրենքի, մորթվել է զոհասեղանի հյուսիսային կողմում (Ղևտ․ 1:11, 13)․․․

--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Նրա թէ՛ սրահները, թէ՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, ուր ողջակէզներն էին լուանում:
(Արարատ թարգ․) Մի սենյակ կար, և նրա մուտքը դարպասների դրանդիների մոտ էր. ողջակեզն այնտեղ էին լվանում։
(Գրաբար) Եւ դահլիճք նորա ՝ և լայնութիւնք նորա ՝ և կամարք նորա հանդէպ երկրորդ դրանն ՝ ուր լուանային զողջակէզսն։