Ա. Լոպուխին
«Նրանք պիտի ուտեն հացի ընծայից, մեղքի համար մատուցված զոհաբերությունից ու հանցանքի համար մատուցված զոհաբերությունից, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը (երդումով տրվածը) հենց նրանց պիտի պատկանի»։ [29] (Սինոդական թարգ․)
Սրբությունը հաղորդվում է քահանաներին և նրանց կերակուրներին, որոնք բոլորն էլ բաղկացած են մեծագույն սրբություններից: Քահանաներին են պատկանում`
1) անարյուն զոհաբերությունը («minkha»), որը բաղկացած էր հացից և որոշ այլ կերակուրներից: Քանի որ այս զոհաբերությունն անարյուն զոհաբերության նախատիպը և առաջավորության սրբազան հացի սկզբնապատկերն էր, ուստի այստեղ այն համարվում է մեծագույն սրբություն (Ղևտ. 2:3, 10, 6:9-11, 7:9 և այլն),
2) մեղքի և հանցանքի համար մատուցված զոհաբերությունները, որոնք, հնարավոր է, փոխարինում էին մեղքերի համար խորանի վրա մատուցվող սկզբնական փրկագնին և, հետևաբար ու բնականաբար` ամբողջությամբ պատկանում էին քահանաներին (Ղևտ. 6:19, 22, 7:6, Թվ. 18:9): Այս զոհաբերությունը, որպես մեծագույն սրբություն, կարելի էր օգտագործել միայն տաճարային սենյակներում (Եզեկ. 42:13),
3) «նվիրաբերված» - «kherem», այսինքն՝ նվիրված Աստծուն` առանց փրկագնման իրավունքի (Ղևտ. 27:28): Սա, որպես Աստծո բացառիկ սեփականություն, անձեռնմխելի սրբություն էր` նույնիսկ եթե դա անմաքուր էլ եղած լիներ (խոսքը գրավված քաղաքների պարագայի մասին է - Ղևտ. 27:21, Թվ. 18:14)...
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թէ յանցանքի, ու Իսրայէլի բոլոր նուէրները նրանցն են լինելու:
(Արարատ թարգ․) Հացի ընծան, մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը նրանք պիտի ուտեն, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը նրանցը պիտի լինի։
(Գրաբար) Եւ զզոհսն, և զվասն մեղացն, և զվասն անգիտութեանն՝ նոքա՛ կերիցեն. և ամենայն նուէրք Իսրայէլի՝ նոցա լիցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: