Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։7

Ա. Լոպուխին

«Ներս բերել օտար որդիներին՝ սրտով անթլփատներին և մարմնով անթլփատներին, որպեսզի նրանք Իմ սրբարանում լինեն և պղծեն Իմ տաճարը, մատուցեն Իմ հացը, ճարպն ու արյունը և դրժեն Իմ ուխտը ձեր բոլոր պղծություններով»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    Այս տեսակի պղծություններից (որոնց 3 կատեգորիա է առանձնացվում) առաջինը և վատագույնը թույլ տալն էր, որ օտարերկրացիները մտնեն սրբարան (բանաստեղծական զորեղ շեշտադրումով այդ օտարերկրացիները կոչվում են ոչ հրեա կնոջից ծնված «օտար որդիներ»` նկատ ունենալով, որ նրանք հրեական ծագում չունեին և Աստծո հետ ուխտով հաստատված փոխհարաբերությունների մեջ չէին): Այդ օտարները բոլորն էլ կամ գոնե նրանց մեծամասնությունն իրենց օտարազգի ծագման պատճառով սրտով անթլփատ էին (այստեղ խոսքը թլփատության հոգևոր ըմբռնման մասին է, որը ակնարկում էր Պողոս առաքյալը): Այսինքն՝ այդ օտարազգիների մեծ մասը կռապաշտներ էին, իսկ մյուսներն էլ` անթլփատ էին նաև մարմնով (այդպիսին էին բոլոր հեթանոսները` բացառությամբ փյունիկեցիների, եգիպտացիների, ասորեստանցիների և որոշ այլ ժողովուրդների): Եվ նրանց թույլատրում էին մուտք գործել տաճարի այն հատվածները, որոնք կարող էին հասանելի լինել միայն քահանաներին և ղևտացիներին: Այդ «օտար որդիները» նույնիսկ հենց սրբավա'յր էին մուտք գործում (եթե «mikdash» բառն այստեղ հասկանանք նեղ իմաստով), ինչը գուցե նաև խոչընդոտում էր այնտեղ եկեղեցական-պաշտամունքային պարտականությունների կատարմանը՝ Աստծո հացի (զոհաբերություն, որը մատուցվում էր որպես խորհրդանշական կերակուր` Աստծո սեղանի վրա) մատուցմանը (այսինքն` հավանաբար, նրանց ներկայությունը խոչընդոտում էր քահանաներին` թույլ չտալով մատուցել առաջավորության հացը): Այդպիսով այս օտարները խանգարում էին նույնիսկ զոհաբերության ամենասրբազան մասերը՝ ճարպն ու արյունը (որոնք ամենից հաճախ այրվում էին) մատուցելուն, քանի որ խաղաղության զոհաբերությունը, որի ժամանակ այրվում էին զոհի միայն այս մասերը, կարծես թե հենց ամենատարածված զոհաբերությունն էր: Սրբազան արարողություններին հեթանոսների այսօրինակ մասնակցությունը, ինչը խիստ անհաճո էր Յահվեի համար, խախտում էր Աստծո ուխտը, որի մեջ կարող էր ներգրավված լինել միայն Իսրայելը։ Մարգարեն այս հատվածում հստակորեն վկայակոչում է դեռևս Հեսու Նավեի կողմից հաստատված կարգը (ինքը՝ Հեսուն իր գրքում իրեն չի մեղադրում դրա համար)` Գաբավոնացիների առնչությամբ (Հեսու 9:27), այն է` խորանի ստորակարգ աշխատանքի համար, որը, ըստ Մովսիսական օրենքի, ամբողջովին պետք է կատարեին ղևտացիները, օգտագործել ռազմագերիների ուժը … (Եզր. 2:43-54, Նեեմ. 7:46-56): Փայտ կտրատելուց և ջուր կրելուց սկսելով, որը նրանց պատվիրել էր անել Հեսու Նավեն, նեթինիմները, հավանաբար, անցան խորանին վերաբերող նաև այլ աշխատանքների կատարմանը, ինչն էլ նրանց հասանելի դարձրեց սրբազան պարագաների հետ հաղորդակցությանը` մի բան, որը բացի ղևտացիներից ուրիշ որևէ մեկի համար չէր կարող հասանելի լինել: Մարգարեական սույն հատվածը չի սահմանափակում Մովսեսի կողմից հեթանոսներին տրված իրավունքը` օրինական և մշտապես էլ ընդունելի կերպով (տե՛ս տաճարի օծման ժամանակ Սողոմոնի աղոթքը) տաճարում զոհեր մատուցելու համար, իհարկե, ոչ լիովին ազատ լինելով այդ հարցում (օրինակ՝ նրանց արգելված էր ուտել Պասեքի գառը): Եզեկիելն այստեղ ոչինչ չի ասում այն ամենի վերաբերյալ, ինչը թույլատրված էր Մովսիսական օրենքով։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) որ ձեր մէջ էք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին: Նրանք մտել են իմ սրբարանը եւ պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արիւնով: Դուք, որ զանց էք առնում ուխտս ձեր բոլոր անօրէնութիւններով,
(Արարատ թարգ․) որ ներս եք բերում օտարների որդիներին՝ սրտով անթլփատներին, մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանում լինեն, որ իմ տունը պղծեն, երբ մատուցում եք իմ հացը՝ ճարպը և արյունը, և դրժեցիք իմ ուխտը, ձեր բոլոր պիղծ բաներից բացի։
(Գրաբար)մուծանել ձեզ զորդիս այլազգիս անթլփատս սրտիւ՝ և անթլփատս մարմնով՝ լինել ‘ի սրբութիւնս իմ և պղծել զնոսա, ‘ի մատուցանել ձեզ զհացդ իմ ճարպով և արեամբ, և անցանէք զուխտիւ իմով ամենայն անօրէնութեամբք ձերովք: