Ա․ Լոպուխին
Քո հողի առաջին բերքի արդյունքը քո Տեր Աստծո տուն կբերես: Ուլն իր մոր կաթի մեջ չեփես: (Սինոդական թարգ․)[19]
Քանի որ Աստծուն մատուցվող բերքի վերաբերյալ համընդհանուր կանոնը հայտարարված էր ավելի վաղ (Ելք 22:29), ուստի այս հատվածը չի կարելի համարել նրա կրկնությունը: Ավելի շուտ կարելի է կարծել, որ այս պարագայում խոսքը Շաբաթների կամ Հիսնակի տոներին մատուցվող բերքի մասին է: «Գառն իր մոր կաթի մեջ չեփես»:
Մեծ տոնակատարություններին հավաքվածների կրոնական նախանձախնդրությունը կարող էր արտահայտվել եփելու լավագույն ձևերի կիրառումով՝ մասնավորապես զոհաբերվող կենդանիների ա՛յն հատվածների «նկատմամբ», որոնք թողնվում էին ինչպես զոհաբերության, այնպես էլ քահանաների օգտագործման համար: Հրեաները իրենք էլ սեփական փորձով կարող էին իմանալ, և կամ օտարազգիներից տեղեկանալ, որ միսը՝ եփված կաթի մեջ, հատկապես ուլի շատ սիրված միսը (Ծննդ. 27:9, Դատ. 6:19, 13:15, Ա Թագ. 16:20), ստանում է հատուկ փափկություն: Մեծ տոնակատարությանը՝ սրբարանի մոտ, բավականին մեծ նախանձախնդրություն կար միսը լավագույն ձևով պատրաստելու համար: Օրենքը չի էլ արգելում միսը կաթի մեջ եփելը, այլ արգելում է եփել այն ուլի մո՛ր կաթի մեջ, քանի որ մարդու մտքում վրդովմունքի բնական զգացողություն կարող էր առաջանալ մայրական կաթի մեջ երեխային եփելու կիրառության վերաբերյալ:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես:
(Արարատ թարգ․) Քո հողի առաջին բերքի արդյունքը քո Տեր Աստծո տուն կբերես: Ուլն իր մոր կաթի մեջ չեփես:
(Գրաբար) Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն Տեառն Աստուծոյ քոյ: Եւ մի եփեսցես զգառն ի կաթն մաւր իւրոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: