Ելից գրքի մեկնություն 27։9

Ա. Լոպուխին

9-13․ Եվ վրանի գավիթը կշինես հարավային կողմում, գավթի վարագույրները պետք է լինեն մանված նրբահյուս բեհեզից, որի մեկ կողմի երկարությունը պետք է հարյուր կանգուն լինի: [9] Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։ Եվ հյուսիսային կողմի վարագույրների երկարությունը նույնպես պետք է լինի հարյուր կանգուն: Եվ դրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների օղակներն ու դրանց խոյակները՝ արծաթից: Եվ արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրներ պատրաստիր հիսուն կանգուն չափով: Դրանց սյուները պետք է լինեն տասը հատ, խարիսխները՝ տասը հատ: Արևելյան կողմում գավթի լայնությունը պետք է հիսուն կանգուն լինի: (Սինոդական թարգ․)
   
    Վրանի բակը շրջապատող ցանկապատը բաղկացած էր սյուներից և դրանց վրա կախված նրբահյուս բեհեզյա առագաստներից։ Հարավային և հյուսիսային կողմերի երկարությամբ ձգվող վարագույրները 100 կանգուն երկարություն ունեին և դրանց երկարությամբ դրված են եղել 20 սյուներ, այնպես որ ամեն 5-րդ կանգունի համար դրված է եղել մեկ սյուն։ Լայնակի կողմերի վարագույրները տարածվել են 50 կանգուն երկարությամբ և ունեցել են 10 սյուներ՝ տեղեկայված միևնույն հեռավորության վրա։ Ինքնստինքյան հասկանալի է, որ ցանկապատի երկարության և լայնության բաժանումը 5-ական կանգուն հեռավորության չպետք է ներառեր սյուների հաստությունը, հակառակ դեպքում կստացվեր ոչ թե 100 կանգուն երկարություն և 50 կանգուն լայնություն, այլ ավելին։

    Սյուների տեղակայվածությունն ակնհայտորեն հետևյալ տեսքն է ունեցել․ եթե սյուների շարքը սկսվել է հարավային կողմից՝ շարունակվելով արևելքից արևմուտք, ապա առաջին սյունը դրված է եղել առաջին կանգունի մակարդակով, երկրորդը՝ 5-րդ կանգունի միջակայքով և այսպես շարունակ, այնպես որ 20-րդ սյունն ընկնում էր 100-րդ կանգունի եզրին, կամ հենց հարավարևմտյան անկյան վրա։ Նույն կերպ և հյուսիսային երկայնությամբ անցնող առաջին սյունը դրված է եղել 5-րդ կանգունի մոտ, իսկ վերջինը` 100-րդի կամ հյուսիսարևելյան կողմում։

    Պատվանդանները պատրաստվել են պղնձից և, ըստ Հովսեփիոս Փլավիոսի, ունեցել են փշաձև կառուցվածք ու հիշեցրել են այն երկաթե պատյանները, որոնք հույները հագցնում էին ցցերի վրա՝ հողի մեջ դնելուց առաջ։ Սյուների նյութն ու ձևը նշված չէ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ վրանի գավիթը կշինես հարավային կողմում, գավթի վարագույրները պետք է լինեն մանված նրբահյուս բեհեզից, որի մեկ կողմի երկարությունը պետք է հարյուր կանգուն լինի:
(Գրաբար) Եւ արասցես սրահ խորանին ի կողմ հարաւոյ. եւ զառագաստ սրահին ի բեհեզոյ մանելոյ. հարիւր կանգուն յերկայնութիւն միոյ կողմանն,