Ելից գրքի մեկնություն 28։36

Ա. Լոպուխին

36-38․ Եվ մաքուր ոսկուց տախտակ կպատրաստես ու դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, կփորագրես՝ «Ընծայված Տիրոջը»։ [36] Եվ այն կանցկացնես մի կապույտ երիզի վրա, որ առջևի կողմից դրվի խույրի վրա: Այն թող լինի Ահարոնի ճակատի վրա, որ Ահարոնը կրի, և Իսրայելի որդիների բոլոր սուրբ ընծաների նվիրաբերության ժամանակ գործած անօրենությունները միշտ իր ճակատի վրա լինեն, որպեսզի այդ ընծաներն ընդունելի լինեն Տիրոջ առաջ: (Սինոդական թարգ․)
   
   Քահանայապետի գլխի ժապավենին ամրացվող ոսկե թիթեղը՝ «սուրբ պսակը» (Ելք 29:6, 39:30), իր վրա եղող գրվածքով՝ «Ընծայված Տիրոջը», մատնանշել է այն, որ քահանայապետը կրում էր Իսրայելի որդիների մեղքերն ու պատասխանատու է եղել նրանց մատուցած ընծաների թերություների համար։ Դժվար է հստակ ասել, թե ընծաներին ինչ թերություններ կարող էին ունենալ և թե դրանք ինչից էին առաջանում։ Ոմանք դրա պատճառը տեսնում են զոհը մատուցողի մեղքերի մեջ, որոնք իրենց անմաքրությամբ «վարակում» էին նաև այն, ինչ պիտի զոհ մատուցվեր։ Այլք մատուցված զոհի թերությունների տակ հասկանում էին քահանաների մեղքերը, որոնք նրանք գործում էին զոհաբերության ժամանակ՝ ծիսական կարգը խախտելով։ Եթե քահանայապետն իր վրա չկրեր, այսինքն՝ չվերցներ այդ մեղքերը, ապա սրբազան ընծաները, որոնք կոչված էին մարդուն մաքրագործելուն և Աստծո հետ հաշտեցնելուն, իրենց նպատակին չէին ծառայի։

   Սուրբ Գրքում բացակայում է քահանայապետի խույրի նկարագրությունը։ Հովսեփիոս Փլավիոսի խոսքերով՝ այն պատրաստված է եղել գործված կտորից՝ քահանայական հասարակ ժապավենից, որի վերևում եղել է մեկ այլ ժապավեն՝ պատրաստված նախշազարդ մանուշակագույն կտորից, եռյակ հյուսվածքով և ոսկե պսակով (Հրեական հնություններ, գիրք 3, գլ. 7, 6)։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես:
(Արարատ թարգ․) Եվ մաքուր ոսկուց մի թիթեղ կպատրաստես, ու նրա վրա՝ ինչպես կնիք վրա, կփորագրես «Տիրոջ սրբությունը»:
(Գրաբար) Եւ արասցես թիթեղն յոսկւոյ սրբոյ. եւ քանդակեսցես ի նմա քանդակ կնքոյ` սրբութիւն Տեառն: