Ա. Լոպուխին
4-6․ Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, շապիկ, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն։ [4] Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանվածք և նրբահյուս բեհեզ։ Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։ (Սինոդական թարգ․)
«Եփուդ» բառը, որն ըստ մեկնիչների առաջացել է եբրայերեն «ափադ»՝ «կապել» բայից, մատնանշում է զգեստի երկու կտորից բաղկացած լինելը, որոնցից մեկը ծածկել է մեջքը, մյուսը՝ կրծքավանդակը՝ մինչև գոտկատեղ։ Ուսերի վրա դրանք ամրանում էին կոճակներով (Ելք 28:7), իսկ գոտու հատվածում՝ ժապավեններով (Ելք 28:8)։ Եփուդի համար որպես կտոր էին ծառայում երկնագույն, ծիրանագույն և կարմիր մանվածքի թելերը, բեհեզը և ոսկին։ Վերջինը ձգվում և վերածվում էր շերտերի, կտրատվում թելերի, որոնք էլ մտցվում էին մատնանշված գույների հանգույցների մեջ (Ելք 39:3)։ «Եփուդը, - ասում է երանելի Հերոնիմոսը, - հյուսվել է չորս գույներից՝ մանուշակագույն, ճերմակ, կարմիր և ոսկեգույն։ Ոսկե շերտերը, այսինքն՝ ճյուղավորումները, ձգվում էին անասելի բարակությամբ, դրանցից կտրատված թելերը հյուսվում էին եռագույն համադրությամբ՝ թելից»։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի: Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
(Արարատ թարգ․) Եվ ահա այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի: Թող սուրբ զգեստներ պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ Ինձ քահանայություն անեն:
(Գրաբար) Եւ այս աւրինակ պատմուճանացն` զոր առնիցեն. զպճղնաւորն, եւ զվակաս` զուսովք եւ զլանջաւք. եւ զպատմուճանն բեհեզեայ. եւ խոյր. եւ կամար: Եւ արասցեն պատմուճան սուրբ Ահարոնի եղբաւր քում, եւ որդւոց նորա ի քահանայանալ ինձ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: