Ա. Լոպուխին
10-14. Եվ զվարակը կմոտեցնես վկայության խորանի առջև, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքը թող զվարակի գլխին դնեն: [10] Եվ վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջ առաջ կմորթես զվարակը: Եվ կվերցնես զվարակի արյունից ու քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի հատակին: Եվ կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամները և դրանց վրա եղած ճարպը ու կայրես զոհասեղանի վրա: Բայց զվարակի միսը, նրա մորթին և նրա աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս: Սա զոհաբերություն է մեղքի համար: (Սինոդական թարգ․)
18-20-րդ համարներում նվիրագործման երկրորդ գործողությունը՝ զոհաբերությունը, Ահարոնին ու նրա որդիներին քահանայագործման պաշտոնակատարության գործընթացի մեջ էր ներառում՝ և՛ պարտավորեցնելով, և՛ իրավասու դարձնելով դրան, որի համար և նրանք առանձնացվել էին նախորդ գործողությունների միջոցով: Նմանատիպ ընկալումը հասկանալի է դառնում 9-րդ համարի խոսքերի հիման վրա. «Lցրու Ահարոնի ու նրա որդիների ձեռքին»: Ինչպես երևում է Ա Մնաց. 29:5-րդ և Բ Մնաց. 29:31-րդ համարներից՝ «ձեռքերը լցրու Բարձրյալի համար» արտահայտությունը նշանակում է «վերցնել այն, ինչը որ ընծայվում է Աստծուն»: Ոչ թե Ահարոնն ու նրա որդիներն իրենք են վերցնում այն, ինչ ընծայվում է Տիրոջը, այս դեպքում՝ զոհաբերությունները, այլ նրանք դա անում են Մովսեսի միջոցով, որը «լցրեց նրանց ձեռքերը», այսինքն՝ Մովսեսի միջոցով տրվեցին զոհաբերությունները և նրանք էլ իրավունք ստացան զոհաբերության կարգ կատարել:
Մեղքերի քավության համար նախատեսված զվարակը չէր բերվում սրբարան, ինչպես որ դա հետագայում է պահանջվում (Ղևտ. 4:5-7), այլ միայն դրվում էր զոհասեղանի եղջյուրների վրա: Սրա պատճառն այն էր, որ Ահարոնի ու նրա որդիների նվիրագործումը դեռ ավարտված չէր: Նա դեռևս քահանայապետ չէր, իսկ նրա որդիներն էլ դեռ քահանաներ չէին: Մեղքերի քավության համար բերված զոհի միսն այրվում էր բանակատեղիից դուրս, մինչդեռ զոհի արյունը բերվում էր սրբարան (Ղևտ. 4:11-12): Այս յուրահատկության բացատրությունը հետևյալն է. ընդհանուր պատվիրանի համաձայն՝ միսը պետք է ուտեր ծիսակատարը, այս պարագայում՝ Մովսեսը, սակայն նա չէր կարող մեղքերի քավության համար մատուցված զոհի միսն ուտել, քանի որ քահանա չէր:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կը դնեն զուարակի գլխին Տիրոջ առաջ:
(Արարատ թարգ․) Եվ զվարակը կմոտեցնես վկայության խորանի առջև, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքը թող զվարակի գլխին դնեն:
(Գրաբար) Եւ մատուսցես զզուարակն առ դուռն խորանին վկայութեան. եւ դիցեն Ահարոն եւ որդիք նորա զձեռս իւրեանց ի վերայ գլխոյ զուարակին առաջի Տեառն, առ դրան խորանին վկայութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: