Ելից գրքի մեկնություն 31։1

Ա. Լոպուխին

1-11․ ․․Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [1] «Ահա կանչեցի Բեսելիելին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի՝ Հուդայի ցեղից, լցրեցի նրան Աստծո Հոգով, իմաստությամբ, և հանճարով, և գիտությամբ, և ամենայն ճարտարությամբ։ Որպեսզի նա հղկի ոսկին, արծաթը և պղինձը։ Քարեր քանդակի ընդելուզանլու համար և փայտեր քանդակի ամեն տիպի աշխատանքի համար: Ահա Ես նրան օգնական տվեցի Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, և ամեն իմաստունի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ որ պատվիրել եմ քեզ: Վկայության խորանը, վկայության տապանակը, նրա վրայի կափարիչը, խորանի ամբողջ սպասքը։ Սեղանն ու նրա ամբողջ սպասքը, մաքուր ոսկուց աշտանակը ու նրա ամբողջ սպասքը, և խնկարկության սեղանը։ Ողջակեզների զոհասեղանը և նրա բոլոր պարագաները, ավազանն ու նրա պատվանդանը։ Պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստները և նրա որդիների քահանայական զգեստները։ Օծման յուղը և սրբարանի համար նախատեսված անուշահոտ խունկը և այն ամենը, ինչ որ պատվիրեցի քեզ, նրանք կանեն»: (Սինոդական թարգ․)
   
   Վկայության խորանի կառուցումը պետք է իրականացվի ըստ Մովսեսին տրված օրինակի՝ ա՛յն շինարարների կողմից, որոնք նշանակված էին անմիջապես Աստծո կողմից: Այն, որ Եղիաբը ընդամենը Բեսելիելի օգնականն էր (Ելք 31:6), երևում է ոչ միայն այն հանգամանքից, որ Բեսելիելին առաջնակարգ տեղ է հատկացվում, այլ նաև այն բանից, որ հենց նրան են տրվում Աստծո հատուկ շնորհները (Ելք 31:3-4): Այդ մասին են վկայում նաև այլ տեղիներում առկա հիշատակումները նրա մասին (Ելք. 37:1): Վկայության խորանի համար նախատեսված պատրաստվելիք առարկաների թվարկման ժամանակ (Ելք 31:7-11) Ահարոնի զգեստներին հատուկ անվանում է տրվում՝ «սեռադ», որի իմաստը հստակ չէ: Բայց հենվելով Սուրբ Գրքի այլ տեղիների վրա (Ելք 35:19, 39:41)՝ կարելի է կարծել, որ այդ զգեստներն իրենց անվանումը ստացել են իրենց ունեցած ծիսական նշանակության համար, քանի որ դրանք նախատեսված են եղել միայն ծիսակատարությունների ընթացքում կրելու համար:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.