Ելից գրքի մեկնություն 33։8

Ա. Լոպուխին

8-10. Եվ երբ որ Մովսեսը գնում էր խորանի մոտ, ամբողջ ժողովուրդը ելնում էր ու ամեն մեկը կանգնում էր իր վրանի մուտքի մոտ և հետևում էր Մովսեսին այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր մտել խորան: [8] Երբ որ Մովսեսը մտնում էր խորան, այդժամ ամպե սյունը իջնում և կանգնում էր խորանի մուտքի առջև, և Տերը խոսում էր Մովսեսի հետ: Եվ ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը՝ կանգնած վրանի մուտքի մոտ: Ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկն իր վրանի մուտքի մոտ երկրպագություն էր անում: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսի գործադրած միջոցների արդյունքը հիմք հանդիսացավ ժողովրդի զղջման զորեղացման համար: Եթե ժողովուրդն առաջ անտարբերությամբ էր մոտենում Մովսեսի այն կոչին, որով նա ասում էր. «Ով Տիրոջինն է, ինձ մոտ գա» (Ելք. 32:26), այժմ ձգտում է ընթանալ դեպի Աստված, փնտրում է նրան (Ելք 33։7) և հարգանքի տուրք է մատուցում իր աստվածընտիր առաջնորդին՝ Մովսեսին: Առաջ երկրպագում էին ոսկե հորթին, իսկ հիմա երկրպագում են Տիրոջը՝ բացահայտելով Նրա ներկայությունը ամպի սյան մեջ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը:
(Արարատ թարգ․) Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը ոտքի էր ելնում, յուրաքանչյուրը, կանգնած իր վրանի մուտքի մոտ, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա վրան էր մտնում:
(Գրաբար) Եւ յորժամ երթայր Մովսէս ի խորանն` կայր ամենայն ժողովուրդն դէտակն կալեալ իւրաքանչիւր ուրուք առ դուրս խորանի իւրոյ: Հայէին ընդ Մովսէս, մինչ երթայր մտանէր ի խորանն: