Ա․ Լոպուխին
21-25․ Եվ սատկեցին գետում եղած ձկները, գետը նեխեց և եգիպտացիները չկարողացան գետից ջուր խմել: Եվ եգիպտացիների ամբողջ երկրում արյուն էր: [21]Եվ Եգիպտոսի մոգերը ևս իրենց կախարդություններով այդպես արեցին: Փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը՝ նա նրանց չլսեց: Եվ փարավոնը վերադարձավ իր տուն. սա էլ չդիպավ նրա սրտին: Եվ բոլոր եգիպտացիները գետի շուրջը հորեր փորեցին՝ խմելու ջուր գտնելու համար, որովհետև գետից չէին կարողանում ջուր խմել: Եվ յոթ օր անցավ այն օրից, ինչ Տերը հարված էր հասցրել գետին: (Սինոդական թարգ․)
Հիմնվելով հետևյալ արտահայտության վրա, թե՝ «իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացի մոգերը», կարելի է մտածել, որ մոգերը միևնույն զգալի ազդեցությունն ունեցան ջրի վրա, ինչն արել էին Մովսեսն ու Ահարոնը: Իրենց կրկնօրինակությամբ մոգերը կաթվածահար արեցին այն տպավորությունը, որը պետք է որ ստանար փարավոնը՝ ի տես գործված հրաշքի. «Նույնն արեցին…Եվ կարծրացավ փարավոնի սիրտը»:
Ըստ Ելից գրքի, ինչպես նաև հինկտակարանյան մյուս գրքերի հեղինակների տրամաբանության (Սաղմ. 77:44, 104:29), առաջին աղետը հրաշալի հայտնություն էր, որը կատարվեց Աստծո կամքով: Մինչդեռ ոչ միայն բնագետները, այլև անգամ աստվածաշնչյան մասնագետները բնական երևույթ են համարում այն, որ ամեն տարի Նեղոսի վարարման ժամանակ նրա ջրերը գունավորվում են: Սակայն ջրի՝ արյան վերածման և գետի բնական գունավորման նույնությունը տեքստային որևէ հիմք չունի:
Ըստ Աստվածաշնչի, առաջին աղետը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նեղոսի ջրերն իրենց բնական մակարդակի վրա էին, և երբ Նեղոսը հոսում էր ջրափերով: Այսպիսով՝ փարավոնը գալիք աղետի մասին կանխագուշակումը ստանում է այն պահին, երբ գնում էր գետափ (7:15), իսկ աղետից հետո եգիպտացիները գետի շուրջը հորեր են փորում (Ելք 7:24): Այս երկու տեղեկությունները հասկանալի են դառնում միայն այն ենթադրության շնորհիվ, ըստ որի՝ Նեղոսի հարակից տարածքը ծածկված չէր ջրով, ինչը թույլ չի տալիս մտածել Նեղոսի վարարման և առաջին աղետի կատարման մասին:
Վարարումը տևում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում, իսկ առաջին աղետը տեղի է ունենում հունվար ամսին, որը երևում է հետևյալից. ըստ Աստվածաշնչի՝ յոթերորդ աղետից հատկապես տուժել էին կտավատն ու գարին. «Կտավատն ու գարին կարկտահարվեցին, որովհետև գարին հասած էր, կտավատը՝ սերմնակալած, իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետև դեռ չէին հասունացած» (Ելք 9:31-32): Քանի որ կտավատը ծաղկում է փետրվարի վերջին՝ Եգիպտոսի ստորին հատվածում, իսկ մարտի կեսերին սկսվում է դրա բերքահավաքը և գարու հունձքը, ապա ակնհայտ է, որ յոթերորդ աղետը սկսվել է փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Այդ ժամանակից սկսած մինչև վերջին աղետը, որն ընկնում է ապրիլի սկզբին, մեկ ամիս ժամանակ է անցնում, հետևաբար հաջորդող չորս աղետները տեղի էին ունեցել մեկ ամսվա ընթացքում, և այդ աղետները ընդմիջարկվում էին գրեթե մեկ շաբաթվա դադարով: Եթե նման ժամանակահատվածում որոշվում էին առաջին վեց աղետների միջակայքերը, ապա դրանց կատարման համար անհրաժեշտ կլիներ մեկից մեկուկես ամիս, ընդ որում՝ առաջին աղետը տեղի էր ունեցել հունվարին:
Երկրորդ՝ Նեղոսի վարարումը ոչ միայն չի ուղեկցվում ջրի աղճատմամբ, այլև հանգեցնում է գետի անառողջ վիճակի վերացմանը, ա՛յն վիճակի, որը պատահում է դրան նախորդող շրջանում՝ այսպես կոչված «կանաչ Նեղոս»-ի ժամանակահատվածում:
Երրորդ՝ վարարումների ժամանակ ձուկը Նեղոսում չի սատկում, և վարարումն էլ տևում է ոչ թե 7 օր (Ելք 7:25), այլ՝ հուլիսից սեպտեմբեր: Այս բոլոր տվյալների համադրումն էլ արգելում է ջրի՝ արյան փոխակերպումը նույնացնել Նեղոսի՝ վարարման հետևանքով գունավորում ստանալու հետ:
Նման տեսակետի ճշմարտացիությունը, իմիջիայլոց, հաստատվում է հեղինակավոր հայրերի և Եկեղեցու ուսուցիչների կողմից: «Արյունով լցված ջուրը,-ասում է երանելի Թեոդորիտոսը,- եգիպտացիներին «մեղադրում» էր որդեսպանության մեջ»:
«Մովսեսը հարվածեց գետի ջրերին,- նշում է Եփրեմ Սիրիացին,- և ջրերը արյուն դարձան»: Ջրի բնության՝ արյան վերափոխվելու մասին շատ հստակ դիտարկում է կատարում Կյուրեղ Ալեքսանդրացին՝ ասելով. «Հնարավո՞ր է արդյոք հասկանալ այն,- հարցնում է նա,- թե ինչպե՞ս ջուրը փոխարկվեց արյան….»:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել: Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր:
(Արարատ թարգ․) Եվ սատկեցին գետում եղած բոլոր ձկները, գետը նեխեց և, եգիպտացիները չկարողացան գետից ջուր խմել: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն կար:
(Գրաբար) Եւ ձկունք որ ի գետ ի անդ էին` սատակեցան, եւ նեխեցաւ գետն. եւ ոչ կարէին Եգիպտացիքն ըմպել ջուր ի գետոյ անտի: Եւ էր արիւն յամենայն երկիրն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: