Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետին ու խորտակուեց:
Հարց. Արուսյակն ինչպե՞ս ընկավ երկնքից, որ ծագում էր առավոտյան:
Պատասխան. Ոմանք այս խոսքերը բացատրում են՝ նկատի ունենալով բաբելացիներին, որոնք հպարտանալով բարձրամիտ էին դարձել և կարծում էին, թե իրենք աստղի նման փառավոր են: Սակայն այն ընկավ և խորտակվեց առավոտյան, այսինքն՝ երբ Իսրայելի գերության առավոտն ու դարձը եղավ, նրանք (բաբելացիները-Հ.Ք) կորստյան մատնվեցին ու ջախջախվեցին մարերի ու պարսիկների կողմից: Սակայն բոլոր վարդապետները Արուսյակը բացատրում են իբրև սատանա, որ երկնքից ընկավ կայծակի նման՝ ըստ Տիրոջհրամանի: Նա Արուսյակ է հորջորջվում բազում պատճառներով. նախ՝ որովհետև ասում է, թե Արուսյակն ընկավ կարծեք թե լույսի փառքից, որ ուներ, և զրկվեց ու դարձավ խավար, ինչպես ասում է Հովհաննեսը. «Խավարը նրան չհասավ» (Հովհ. 1։5):
Երկրորդ՝ որովհետև հրեշտակները լույսից կազմվեցին, ու թեպետ ոտնահարեցին բնության պարգևները, Աստված նրանցից չվերցրեց ո՛չ անմահությունը, ո՛չ էլ անմարմին լինելը, նաև հայտնի է, որ «Դևերը լույսի հրեշտակների նման են» (Բ Կորնթ. 11։14), ինչպես ասում է Պողոսը: Երրորդ՝ Արուսյակ են կոչվում մշտնջենավորության պատճառով, քանզի ինչպես անապական է աստղերի բնությունը 1, այնպես էլ սատանան չունի ապականություն, այսինքն՝ վախճան, քանզի անմահորեն միշտ տանջվելու է:
Չորրորդ՝ Արուսյակ է կոչվում, որովհետև ուրիշ (աստղերի-Հ.Ք.) լույսից իր լույսի գեղեցկությունն առավելագույն չափով կուրացրեց իրեն, որից հայտնի է, որ չկարողացավ տեսնել [Աստծո] փառքը, այլ կույր մտքով կարծեց, թե այդ փառքն իրենն է:
Հինգերորդ՝ Արուսյակ է կոչվում, որպեսզի ցույց տրվի, որ սադայելը իշխան և գլխավոր էր յուրայինների դասում, ովքեր նրա հետ կործանվեցին, որովհետև համաձայն ոմանց խոսքի անկյալ հրեշտակների տասներորդ դասից էր: Բայց այսպես ևս հստակորեն չի իմացվում, թե հրեշտակները տասը դասե՞ր էին և նրանցից մե՞կն ընկավ, թե՞ բոլոր դասերից ընկածները մեկ դաս են կազմում:
Որ ծագում էր առավոտյան
Այսինքն՝ աշխարհի արարման սկզբում: Լույսի ու խավարի բաժանման ժամանակ միայն ծագեցին և ընկան երկնքից այդ հրեշտակները, և մեր Տերը այդ Արուսյակին, որ նրանցից մեկն էր, փայլակ է անվանում արագընթաց լինելու պատճառով: Դարձյալ, առավոտն այս հավիտենության վախճանն է, երբ սկսվում է անվախճան օրը, ինչպես Դավիթն է ասում. «Առավոտյան սպանում էի երկրի բոլոր մեղավորներին» (Սաղմ. 100։8): Արդ, (աշխարհի .ՀՔ.) վախճանին մոտ ժամանակներումսատանան դարձյալ մարդկանց վրա է հարձակվելու Նեռի միջոցով, և ապա ընկնելու է երկրի վրա, և կորչելու է նրա խաբեությունը: Ասում է. «երկնքից ընկավ»: Անմարմինն ինչպե՞ս կընկնի, քանզի ընկնելը մարմնին է (բնորոշ). նրա ծանրությունը ներքև է հակում. մեղսալից հպարտությունը, որը երկնային ախտ է, ծանրացավ ու երկիր ընկավ: Նա, որ մարդկանց բոլոր ազգերի վրա տարածեց ամբարտավանության ախտը, ասում է, թե նույն կորստյամբ, որով ինքն ընկավ, ցանկացավ նաև նրանց կորստյան մատնել, ինչպես նախ Ադամին աստվածանալու ցանկության պատճառով երկիր նետեց, և երկրորդ՝ աշտարակը կառուցողներին՝ ամբարտավանությամբ Աստծուն հակառակ լինելու հետևանքով: Այդ պատճառով իրենք իրենց ցրվեցին ու նրանց գործը ոչինչ եղավ: Այսպես և Սենեքերիմը հպարտացավ, թե ինքը միայն պետք է իշխան լինի: Եվ ասում էր, թե բովանդակ տիեզերքն իր ձեռքում է լինելու, ինչպես ձվերը թռչունների բներում, որի պատճառով նրա զորությունն ու փառքը Երուսաղեմի դարպասների մոտ մի գիշերվա մեջ խորտակվեցին՝ հարյուր ութսունհինգ հազար հեծյալների հետ միասին 2: Նույնպես և բաբելացին, որն իր սրտում ասում էր, թե՝ «Բարձրանալու եմ երկինք, նմանվելու եմ բարձրյալին», սակայն կորուստ և ոտքի կոխան եղավ (14։13-14) մյուս թագավորների առջև։ Չէ՞ որ ասվում է․ «Ահավասիկ, դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (14։15): Եվ մեր Տերն էլ ասում է. «Ով բարձրացնի իր անձը, խոնարհվելու է» (Մատթ. 23։12), որովհետև Տերն ամբարտավաններին հակառակ է, ինչպես ասում է Սողոմոնը: Եվ մեր Տերը եկավ, որպեսզի մեղքերի ախտը վերցնի մարդկանց վրայից. Նա խոնարհությամբ կատարեց Իր տնօրինությունը, քանզի Աստծո Խոսքը մարդ եղավ, ծվեց իբրև աղքատ, առաքյալներ ընտրեց խոնարհներից ու ձկնորսներից, [կրեց] խաչի տառապանքը, թուքը, ապտակը և մնացյալ ամեն ինչ, որպեսզի ամենայն ինչով մեզ խոնարհություն սովորեցնի: Դու քո մտքում ասում էիր՝ «բարձրանամ երկինք»: Իսկ Տերը խայտառակում է սատանայի չար խորհուրդները, որպեսզի ցույց տա, որ չար խորհուրդների համար ևս վրեժխնդրություն ու պատուհասի պատիժ կա:
Ա. Լոպուխին
«Ինչպե՜ս դու երկնքից ընկար, արուսյա՛կ, արևածագի՛ որդի, խորտակվեցիր դու՝ երկրի վրա ազգերին ոտնակոխ անողդ»: (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 14:11
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետին ու խորտակուեց:
(Արարատ թարգ․) Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։
(Գրաբար) Զիա՞րդ անկաւ յերկնից Արուսեակն` որ ընդ առաւաւտն ծագէր. անկաւ յերկիր, խորտակեցաւ` որ առաքէր առ ամենայն ազգս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: