Ա. Լոպուխին
3-4․ «Այն օրը լինելու է այսպես․ Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից և վախից ու ծանր գերությունից, որին որ դու մատնված էիր»: [3]«Դու Բաբելոնյան թագավորի մասին այս հաղթական երգն ես հնչեցնելու ու ասելու ես. «Ինչպե՞ս այլևս չկա մեզ տանջողը, դադարեցվե՜ց կողոպուտը»: (Սինոդական թարգ․)
3-23-րդ համարներ. փրկված ու Աստծո կողմից փառավորված Իսրայելը հաղթական, ուրախալի երգ է երգելու բռնակալի՝ բաբելոնյան թագավորի կործանման մասին, ու այս տոնախմբությանը միանալու են նաև մյուս ժողովուրդները: Բաբելոնյան թագավորի այդ անկման համար ուրախանալու են կիպարիսներն ու լիբանանյան մայրիները, և դժոխքի բոլոր բնակիչները չարախնդորեն ծիծաղելու են այնտեղ իջած բռնակալի վրա: Մարգարեն նույնպես ձայնակցում է այս ուրախալի երգչախմբին՝ նշելով, որ բռնակալի գոռոզամտությունը խստագույնս խայտառակվել է: Նրա ողբերգական ճակատագրի համար զարմանում են նաև այլ վկաներ: Վերջիվերջո, ինչպես որ հայտնում է Եսային, բաբելոնյան թագավորի ամբողջ գերդաստանը բնաջնջվելու է, իսկ դրանից հետո ոչնչանալու են նաև Բաբելոնի բոլոր բնակիչները:
«Հաղթական երգ»․ այստեղ կիրառվող եբրայերեն «մաշալ» բառը նշանակում է «համեմատություն, առակ», ինչպես նաև՝ «ծաղրական խոսք»: Վերջին իմաստը լավագույնս համապատասխանում է սույն երգին (հմմտ. Ամբ. 2:6, Միք. 2:4):
«Բաբելոնյան թագավորը» ոչ թե ինչ-որ կոնկրետ թագավոր է, այլ արտահայտություն, որի ներքո հասկացվում են Բաբելոնի բոլոր արքաները, որոնք գործում էին միևնույն ոգով:
«Կողոպուտը»․ այստեղ ավելի ճիշտ է թարգմանել՝ «նեղություն պատճառելը, տանջելը» (գուցե այստեղ տեղադրված է եղել «մերեխավա» բառը՝ «րախավ»-«ճնշել» բայից): Այս հատվածն այսկերպ են հասկանում Սեպտուագինտան, Թարգումներն ու Պեշիթթոն:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր:
(Արարատ թարգ․) Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր,
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, հանգուսցէ զքեզ Տէր ի ցաւոց եւ ի սրտմտութենէ քումմէ. եւ ի ծառայութենէ խստութեան զոր ծառայեցեր նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: