Ա. Լոպուխին
1-2. «Երկրի տիրակալին գառնե՛ր ուղարկեք անապատում գտնվող Սելայից մինչև Սիոնի դստեր լեռը»։ [1] «Քանի որ բներից վտարված թափառող թռչունների նման են լինելու Մովաբի դուստրերը Առնոնի ծանծաղուտներում»։ (Սինոդական թարգ․)
1-5-րդ համարներ։ Մովաբացիները, սարսափի մեջ լինելով թշնամիների (ասորեստանցիների) արշավանքների պատճառով, օգնություն են խնդրելու հրեական թագավորից: Նրանք ամոթալի կերպով հրեաների թագավորին խնդրելու են իրենց ապաստան տրամադրել, քանի որ ստիպված են լինելու ժամանակավորապես լքել իրենց երկիրը:
«Ուղարկե՛ք…»։ Այստեղ մարգարեն իր խորհուրդն ուղղում է մովաբացիներին: Մովաբացիները դեռևս Մեշա թագավորի օրոք ամեն տարի Իսրայելի թագավորին ուղարկում էին 100 000 ոչխար ու 100 000 չխուզված գառներ (Դ Թագ. 3:4): Այժմ մարգարեն խորհուրդ է տալիս այդ տուրքն ուղարկել երկրի տիրակալին, այսինքն՝ իր երկրում իր իշխանությունը պահպանած հրեական թագավորին (Condamin-ի համաձայն՝ այստեղ խոսքը մովաբական իշխանի դստերը դեպի Սիոն լեռ ուղարկելու մասին է («բատ», այլ ոչ թե «բառ»՝ գառ), որտեղ նա կարող է իր համար ապաստան գտնել՝ խուսափելով հաղթողների կողմից խայտառակվելուց):
Սելան Եդոմի գլխավոր քաղաքն էր, որն այլ կերպ «Պետրա» էր կոչվում (հունական բառ, որը համապատասխանում է եբրայական «սելա»՝ «ժայռ» բառին): Բայց քանի որ մովաբացիների համար որպես վերջնակետ ծառայում էր ոչ թե այս քաղաքը, այլ Ցոարը (Սաղմ. 41:7), ուստի ավելի գերադասելի է Սելա բառը հասկանալ որպես հասարակ գոյական, որը նշանակում է «քար», «ծերպ», «ժայռ» (հմմտ. Եր. 48:28), և այստեղ պետք է հասկանալ մովաբական երկրի լեռնային շրջանները, որտեղ որ թշնամիներից թաքնվում էին մովաբացիներն իրենց հոտերի հետ:
«Սիոնի դստեր լեռը», այսինքն՝ այն լեռը, որտեղ բնակվում է Սիոնի կամ Երուսաղեմի բնակչությունը:
«Մովաբի դուստրերը», այսինքն՝ մովաբական քաղաքները (Եր. 48:4), որտեղ, իհարկե, մնում էին միայն կանայք, երբ տղամարդիկ պատերազմի էին մեկնում, ինչի պատճառով էլ մարգարեն հիշատակում է միայն դուստրերին՝ չհիշատակելով Մովաբի որդիներին: Մարգարեի միտքը հետևյալն է. մովաբական քաղաքների բնակիչները թափառելու են, ինչպես թռչուն, որի բույնը քանդված է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Միթէ ապառա՞ժ աւերակ իցէ լեառն դստեր Սիոնի:
(Արարատ թարգ․) Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։
(Գրաբար) Միթէ ապառա՞ժ աւերակ իցէ լեառն դստեր Սիոնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: