Եսայու մարգարեության մեկնություն 1։18

Ա. Լոպուխին

18-20․ «Եկեք իրար հետ քննենք,-ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես: [18] Եթե հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքները։ Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն»։ (Սինոդական թարգ․)
   
   Միայն այդպիսի գործնական և անկեղծ ապաշխարության պարագայում Տերը կարող էր Իր մոտ թողնել հրեա-մեղավորներին և նրանց հետ քննարկեր նրանց գործերը: Ընդ որում խիղճը, իհարկե, նրանց պետք է սաստիկ տանջեր: Նրանք կարող են հուսահատության մեջ ընկնել՝ հիշելով իրենց կողմից գործված հանցավորությունները, այդ իսկ պատճառով էլ Աստված հանգստացնում է նրանց այն հույսով, որ նրանք կարող են ներում ստանալ գործած ամեն հանցանքի, անգամ ամենից ծանրերի համար:

   «Վառ կարմիր» (եբր.՝ «շանտում», որն առաջ է գալիս «շանի» բառից)․ հրեական միջավայրում այդ անվամբ էր կոչվում մուգ կարմիր այն ներկը, որը ստացվում էր ծովային փոքրիկ խխունջների ձվերից, որոնք գոյություն ունեին Փյունիկիայի ափերին և առհասարակ ամբողջ Միջերկրական ծովում: Այդ ներկի պատրաստման գաղտնիքը գիտեին միայն փյունիկեցիները:

   «Որթան կարմիր» (եբր.՝ «տոֆե») արտահայտությունը նույնպես նշանակում է «կարմիր ներկ»: Այս երկու հոմանիշային կապակցություններն էլ ծառայում են որպես արյան խորհրդանիշներ, որով, ինչպես որ վերևում արդեն իսկ ասվել է, հեղված էին հրեաների ձեռքերը։ Այդ երկու արտահայտությունները միասին ցույց են տալիս հրեաների ծայրահեղ մեղավորությունը, որը բուժման ենթակա չէ, ճիշտ այնպես, ինչպես որ անկարելի է կտորի վրայից լվանալով մաքրել որթան կարմիրը կամ վառ կարմիրը:

   «Ձյուն և բուրդ» (ոչխարի մաքրված մորթին, որը կատարյալ սպիտակ էր)․ այս երկուսը բառերը խորհրդանշում էին մաքրությունը, որը բոլոր ազգերի մեջ խորհրդաբանորեն արտահայտվում էր հագուստի ճերմակ գույնով (հմմտ. Սաղմ. 50:9, Դան. 7:9):

   «Կճաշակեք…սուրը պիտի ուտի ձեզ»։ Այստեղ գոյություն ունի ակնհայտ բառախաղ․ կա՛մ հրեաները կճաշակեն երկրի բարիքներից, կա՛մ էլ նրանց կուտի սուրը, որը, ինչպես ընդունված է ասել, խրվում է նրա մարմնի մեջ, ում վրա որ ընկնում է (հմմտ. Բ Օր. 32:42):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.- եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ:
(Արարատ թարգ․) Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։
(Գրաբար) Եւ եկայք խաւսեցարուք ընդ միմեանս` ասէ Տէր. եւ եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ` իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն իբրեւ զորդան կարմիր` իբրեւ զասր սուրբ արարից: