Ա. Լոպուխին
20-24․ «Եվ այն օրը կլինի այսպես․ կկանչեմ իմ ծառա Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն։ [20] Եվ նրան կհագցնեմ քո զգեստները, և քո գոտին կկապեմ նրա մեջքին, և քո իշխանությունը կհանձնեմ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի տան համար։ Եվ Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսերին, նա կբացի, և ոչ ոք չի փակի, նա կփակի, և ոչ ոք չի բացի։ Եվ նրան կամրացնեմ, ինչպես սեպը՝ ամուր վայրում, և նա փառքի աթոռ կլինի իր հոր տան համար։ Եվ նրանից կախված կլինի իր հոր տան, զավակների և թոռների, տնային բոլոր պարագաների ամբողջ փառքը՝ մինչև վերջին երաժշտական գործիքը»։ (Սինոդական թարգ․)
«Եղիակիմին․․․» (հմմտ․ 36։3, 37։2)։ Այն բանից, որ մարգարեն նրան անվանում է «Աստծո ծառա», պարզ է դառնում, որ Եղիակիմն աստվածավախ մարդ էր և, հնարավոր է, նաև մարգարեի ընկերն էր։
«Զգեստները և գոտին․․․» – ասել է թե՝ նրա վսեմագույն սպասավորության նշանները։
«Հայր կլինի․․․» – այսինքն՝ իսկապես կհոգա ժողովրդի բարեկեցության մասին, և դա այն դեպքում, երբ Սեբնան ավելի շատ ի՛ր իսկ մասին էր հոգում (ինչի մասին վկայում է գերեզմանի կառուցումը)։
«Բանալի» – այն իշխանության խորհրդանիշն է, և միայն այդ բանալու զորությամբ էր, որ նա իրավունք ուներ թագավորի մոտ թողնել վերջինիս տեսակցել ցանկացողներին (այս խոսքերը հիմք են ծառայել այն օրինակի համար, որը հանդիպում է նաև Նոր Կտակարանում (հմմտ․ Մատթ․ 16։19 և Հայտն․ 3։7)։
«Ինչպես սեպ․․․» - այս արտահայտությունը բացատրվում է 24-րդ համարում։
«Փառքի աթոռ», այսինքն՝ նա փառքով կպսակի իր ամբողջ ընտանիքը և իր ընտանիքի անդամների համար մուտք կբացի դեպի կարևորագույն պաշտոններ։
«Տնային բոլոր պարագաներ․․․» – եբրայերենից թարգմանությամբ՝ «բոլոր փոքր անոթները՝ սկսած բաժակներից ու վերջացրած լայն տարաներով»։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն,
(Արարատ թարգ․) Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ` կոչեցից զծառայ իմ զԵղիակիմ Քեղկեայ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: