Ա. Լոպուխին
23-25․ Խոնարհեցրե՛ք ականջը և լսե՛ք իմ ձայնը, ուշադի՛ր եղեք և լսե՛ք իմ խոսքը։ [23] Մի՞թե միշտ է հողագործը հերկում՝ ցանելու համար, բանում և տափանում իր հողը։ Ո՛չ, երբ որ հարթեցնում է նրա մակերեսը, նա ցանում է անջրդեղը կամ էլ չամանը, կամ էլ ցորենն է շարքերով ցանում, և գարին՝ հատուկ վայրում, և հաճարը՝ նրա մոտ։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն, սակայն, չի ցանկանում Հուդայական պետությանը թողնել առանց մխիթարության։ Առակի միջոցով նա իր համաքաղաքացիներին սպասվող դժվարին ճակատագրի փոփոխության հույս է ներշնչում։ Ինչպես որ հողագործն անընդմեջ չի հերկում, բայց նաև ցանում է, իսկ հետո էլ տարբեր միջոցներով կալսում է աճած և հասունացած հացահատիկը՝ յուրաքանչյուրը համապատասխանեցնելով իր տեսակին, որպեսզի անհամապատասխան մշակումով չփչացնի այն, այդ նույն ձևով էլ Ամենաիմաստուն Աստված միշտ չէ, որ պիտի պատժի Իր ժողովրդին, և բացի այդ էլ բոլոր հրեաներին միատեսակ եղանակով չի պատժելու, այլ զանազանություն է սահմանելու և վերջ է դնելու նրանց տանջանքներին։
«Խոնարհեցրեք ականջը»: Ուշադրության այս կոչը բացատրվում է նրանով, որ հետագայում պատկերավոր խոսք է հնչելու, որն էլ իր հանդեպ հատուկ ուշադրություն է պահանջում։
«Մի՞թե միշտ է հողագործը…»: Ակնհայտորեն մարգարեն հողագործի փխրեցնող, չոր հողը գութանող և տափանող գործողությունը համեմատում է կարծրացած Իսրայելական ժողովրդի հանդեպ Տիրոջ պատժիչ գործունեության հետ։
25-րդ համարում մարգարեն ներկայացնում է մի մեծ կալվածք, որի վրա համաչափորեն տարբեր տեսակի հացահատիկներ են ցանված։
«Անջրդեղը» (լատ.՝ «nigella saliva») հացթուխների կողմից օգտագործվում է որպես համեմունք: «Չամանը» նույնպես ուտեստներին հատուկ համ է տալիս։
«Ցորենը՝ շարքերով…», քանի որ հրեաները ցորենը հատուկ ուշադրությամբ էին ցանում և, անգամ կարելի է ասել, որ այն ոչ թե ցանում, այլ տնկում էին, ինչպես այգու պտուղները։
«Հաճարը՝ նրա մոտ» (գարու հետ)։ Հաճարը հացահատիկային բույս է, որը նման է գարուն։ Անասուններն այն այնքան էլ շատ չեն սիրում, այդ իսկ պատճառով էլ Արևելքում հաճարի մարգերով ցանկապատում էին ա՛յն հատվածը, որտեղ գարի էր ցանված, որպեսզի անասունը, հաճարը փորձելով, այլևս առաջ չգնար դեպի գարին, որն ավելի շատ է սիրում։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ունկնդի՛ր եղէք եւ անսացէ՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրէք եւ լսեցէ՛ք իմ խօսքերը:
(Արարատ թարգ․) Ակա՛նջ դրեք և լսե՛ք իմ ձայնը, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքը։
(Գրաբար) Ունկն դիք եւ լուարուք բարբառոյ իմոյ. անսացէք եւ լուարուք բանից իմոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: