Եսայու մարգարեության մեկնություն 28։7

Ա. Լոպուխին

7-8․ Սակայն նրանք խոտորվում են գինուց և օղու պատճառով շեղվում են ճանապարհից, քահանան և մարգարեն սայթաքում են ոգելից խմիչքներից, արբած են գինուց, խելագարված են օղուց, տեսիլքի մեջ սխալվում են, դատի մեջ սայթաքում են։ [7] Քանի որ բոլոր սեղանները լիքն են զզվելի փսխանքով, մաքուր տեղ չկա։ (Սինոդական թարգ․)
   
   «Սակայն նրանք խոտորվում են»: Ցավոք,- ասում է մարգարեն,- ներկա ժամանակաշրջանում Երուսաղեմի կառավարիչները նույնպես իրենց կոչման բարձրության վրա չեն գտնվում։ Նրանք հարբած են բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով։ Արտահայտությունները, որոնք այստեղ մարգարեն կիրառում է, շատ բնութագրական են տվյալ իրավիճակի համար (եբր.՝ «շագու» - «տաու», «չագու» - «տաու», «շագու» - «պակու»). դրանք հիշեցնում են հարբած մարդկանց անկապակից խոսքերի մասին։

   «Տեսիլքի մեջ» (եբր.՝ «ռոե»), այսինքն՝ այն պահերին, երբ որ մարգարեի հոգին ամբողջովին պետք է լցված լինի Աստծո Հոգով, հուդայական մարգարեները հարբած վիճակում են գտնվում։ Իհարկե, այստեղ դժվար է իրական մարգարեների տեսնել։ Ավելի շուտ խոսքը նրա՛նց մասին է, ովքեր կեղծավորաբար իրենց Տիրոջ երկրպագու էին անվանում։

   «Դատի մեջ», այսինքն՝ դատական որոշումներ կայացնելու ժամանակ։ Խոսքը դատավորների մասին է։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Արդարեւ, նրանք մոլորուած են գինիով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարէն օղու համար յիմարացան, գինու համար ցնորուեցին. օղով հարբած՝ նրանք դանդաչեցին ու մոլորուեցին, որովհետեւ դա ինքնին յիմարութիւն է:
(Արարատ թարգ․) Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս,
(Գրաբար) Զի նոքա գինւով մոլորեալ են, մոլորեցան վասն ցքւոյն. քահանայն եւ մարգարէ յիմարեցան վասն ցքւոյ, ընկղմեցան վասն գինւոյ. դանդաչեցին յարբեցութենէ ցքոյն. մոլորեցան` զի այն ինքն է յիմարութիւն: