Եսայու մարգարեության մեկնություն 31։7

Ա. Լոպուխին

7-9. Այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին և իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։ [7] Եվ Ասորեստանը վայր է ընկնելու, սակայն, ոչ մարդկային սրով, մարդկային սուրը չէ, որ կործանելու է նրան. և նա փախչելու է սրից, ու նրա երիտասարդները հարկատու են լինելու։ Եվ վախից վազելու է իր ամրոցի կողքով, և նրա իշխանները վախենալու են դրոշակից,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և հնոցը՝ Երուսաղեմում։
   
   «Այդ օրը» արտահայտությունը չափազանց անհստակ է։ Մարգարեն այստեղ ընդհանրապես չի տարբերակում ապառնի ժամանակի առանձին հատվածներ, և այդ պատճառով էլ, ըստ նրա, ասորեստանցիների պարտությունը և հրեաների՝ կռապաշտությունից հրաժարումը ներկայանում են որպես համաժամանակյա իրադարձություներ, մինչդեռ իրականում ասորեստանցիների տիրապետությունից ազատագրվելուց հետո էլ հրեաները զբաղվում էին կռապաշտությամբ։

   «Պիտի մերժի...»։ Հրեաները պիտի տեսնեն, որ լիովին ապարդյուն էին իրենց հույսն այդ կուռքերի վրա դրել (հմմտ. Ես. 2:8, 20):

   «...որպես մեղք»։ Կռապաշտությունը հրեաներին առաջնորդում էր ամեն տեսակի մեղքերի և անօրինությունների (Ովս. 8:11

   «Նա փախչելու է սրից».  հավանաբար ավելի ճիշտ կլինի՝ «Նա փախչելու է Աստծո սրից»:

   «Երիտասարդները» - եբր.՝ «bachurim»: Հաճախ հրեաներն այսպես էին կոչում զինվորներին՝ որպես առանձնահատուկ, մեծ զորություն ունեցողների (Բ Թագ. 6:1)։

   «Հարկատու» - ավելի ճիշտ՝ «գերի»։

   «Վախից վազելու է իր ամրոցի կողքով»- հավանաբար ավելի ճիշտ կլինի թարգմանել այսպես. «Եվ նրա ամրոցը կամ ժայռը (այսինքն՝ Ասորեստանի թագավորը) կվերանա Տիրոջ ահից»։»

   «Դրոշակից»։ Առավել հավանական է այստեղ հասկանալ հրեական դրոշակը, որից զարհուրած՝ պետք է փախչեն ասորեստանցիները և նրանց իշխանները կամ առաջնորդները։

   «Կրակ»։ Լուսավոր և փայլող հուր, որ կայրի թշնամիներին։

   «Հնոցի» մեջ պիտի այրվեն նաև հրեաների թշնամիները։ Ի դեպ, որոշ մեկնիչներ այստեղ տեսնում են պարզապես մի վառարան, որի մեջ հաց էին թխում, և այդ վայրը հասկանում են որպես Տիրոջ՝ Երուսաղեմին շատ մոտ լինելու նշան, որտեղ էլ որ Նա բնակվելու է այնպես, ինչպես մարդն է բնակվում իր տան մեջ։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) քանզի այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթէ եւ ոսկէ կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը:
(Արարատ թարգ․) որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։
(Գրաբար) զի յաւուր յայնմիկ բարձցեն մարդիկ զձեռագործս իւրեանց զարծաթեղէնս եւ զոսկեղէնս` զոր արարին ձեռք նոցա մեղս: