Եսայու մարգարեության մեկնություն 33։2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու:
   
   Տեր, ողորմի՛ր մեզ, քանզի Քեզ հուսացինք

    Տե՛ս, որ ողորմելին չպիտի հուսալքվի արդարություն չունենալու, այսինքն՝ ողորմության արժանի գործեր կատարած չլինելու պատճառով, որը նրա աղքատության, պահք չպահելու և տկարության հետևանքն է, այլ այդուամենայնիվ, պիտի հույսով դիմի Տիրոջը, և Տերը կկատարի նրա խնդրանքը, համաձայն այրու առակի, որի «հերոսը» ստացավ իր խնդրածը (Ղուկ. 18։1-8), նաև նա, ով պարտք էր բյուր դահեկան, խնդրանքի շնորհիվ անպարտ համարվեց (Ղուկ. 16։1-8):

    Բայց դրան հասնելու համար չորս բան է անհրաժեշտ. նախ՝ ամեն կողմից պետք է զսպի մարմին ու զգայարանները և մտքի զորությամբ առաջնորդվի, այլև հոգով ու մտքով ձգտի Աստծուն, ըստ այն խոսքի, թե՝ «Սաղմոս ասենք հոգով և մարմնով» (Ա Կորնթ. 14։15):

    Երկրորդ՝ պիտի հավատով խնդրի՝առանց երկբայության, ըստ այն խոսքի, թե՝ «Ամեն ինչ, որ խնդրեք հավատով՝ կստանաք, որովհետև երկմիտ մարդը չի կարող ակնկալել Աստծուց ինչ-որ բան ստանալ» (հմմտ. Հակոբոս 1։7-8):

    Երրորդ՝ պետք է խոնարհությամբ խնդրի, ինչպես մաքսավորը, և ո՛չ թե հպարտությամբ, ինչպես փարիսեցին. «Տերը նայեց խոնարհների աղոթքին ու չարհամարհեց նրանց խնդրանքները» (Եսայի 63։9), այսինքն՝ մշտապես հարկ է հիշել նախածնողների նկատմամբ Աստծո մեծ գթության ու մեր բնության տկարության մասին:

    Չորրորդ՝ անհրաժեշտ է, որ մարդ օգտակար բաներ խնդրի հոգու, կամ եկեղեցու, կամ իշխանների, կամ աշխարհի համար, և ո՛չ թե անօգտակար, այսինքն՝ մարմնավոր բաներ, ըստ աշխարհային ցանկությունների, որովհետև դրանք հեթանոսների խնդրանքն են: Այդ պատճառով ասում է, թե՝ «Նախ Աստծո արքայությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ ավելիով» (Մատթ. 6։3): Խնդրելիս անհրաժեշտ էայս չորս «պահանջները» կատարել, սակայն դրանք օգտակար են, երբ տեղին ու ժամանակին են կատարվում: Եվ եթե մեկը լիարժեք կատարի այս ամենը, ինչ որ խնդրի՝ կստանա, և ինչ որ փնտրի՝ կգտնի: Ուստի մի՛ ասա, թե՝ մեղավոր եմ, քանի որ քո մեղքը Աստծո ողորմությունից մեծ չէ, ու չի կարող քո մեղքը հաղթել Աստծո ողորմությանը, քանզի քո մեղքը կրակի մի կայծի նման է Նրա ողորմության անդունդի մեջ: Տե՛ս, թե ինչպես Աստծո ողորմությունը հուսահատված ու դատապարտված մեղավորին Աստծո որդի և Իրեն ժառանգակից դարձրեց: Տե՛ս նաև Աստծո զորությունը մեղքի նկատմամբ. «Եթե ձեր մեղքերը արյան պես լինեն՝ ձյան նման ճերմակ կդարձնեմ» (Եսայի 1։8): Տե՛ս նաև դյուրությունը. «Ցողիր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա ու ձյունից ճերմակ կլինեմ» (Սաղմ. 50։9): Մեծ է քո մեղքը, մեծ է նաև Նրա ողորմությունը, [և հասնում է] մինչև երկինք։Խորն է քո վերքը՝ մարդասեր է Բժիշկը ու ձրի բժշկում է: Ահագին է քո մեղքի ծովը՝ իմաստուն է Նավապետը, խորն է մեղքիդ վիհը՝ ամենազոր է Աստծո ձեռքը, բոլոր մեղքերից մեծ է հուսահատությունը, սակայն հուսահատությունից դուրս գալու դեղահաբը Աստծո ձեռքում է: Նրան հուսա՛, և հույսն երբեք չի ամաչեցնի (Հռոմ. 5։5). «Տեր, Քեզ հուսացի, թող հավիտյան չամաչեմ» (Սաղմ. 30։2):
    Անհավատների սերունդը կործանվեց
    Նկատի ունի Հռափսակի զորքին, որ կորավ ու ջախջախվեց Երուսաղեմի դարպասի մոտ: Սակայն այժմ անհավատների բոլոր ծնունդներին կորստյան չի մատնում ու չի լքում, այլ ոմանց թողություն է տալիս և ոմանց կորստյան մատնում: Ինչո՞ւ է այսպես. ոմանց թողություն է տալիս, որպեսզի նրանցով երևան ու նրանց միջոցով փորձվեն ընտիրները, իսկ ոմանց կորստյան է մատնում, որպեսզի առաքինիները հուսահատված չծուլանան: Դարձյալ ոմանց թողություն է տալիս, քանզի ներող ու քաղցր է Տերը, և ոմանց վերացնում է, քանզի արդար ու հատուցող է Նա:
   

Ա. Լոպուխին

2-6․ Ո՜վ Տեր, մեզ ողորմի՛ր, քեզ ենք հուսացել, մեր բազո՛ւկը եղիր վաղ առավոտից, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։ [2] Քո ահարկու ձայնից ժողովուրդները պիտի փախչեն, Քո բարձրանալուց ազգերը պիտի ցրվեն։ Եվ ձեր ավարը պիտի ժողովվի այնպես, ինչպես թրթուրն է ժողովվում, և մորեխի ոստնելու պես ոստոստելու են նրա վրա։ Բարձր է Տերը, որը բարձունքում է բնակվում, Նա կլցնի Սիոնը դատաստանով ու արդարությամբ։ Եվ կգան քո ապահով ժամանակները, և կլինի փրկության, իմաստության և գիտության առատություն. Տիրոջ երկյուղը կլինի քո գանձը։ (Սինոդական թարգ․)
   
   Մատնանշելով Ասորեստանի իշխանությունից ազատագրվելու պայմանը՝ Տիրոջ նկատմամբ հավատքը, մարգարեն նկարագրում է հենց Ասորեստանի անկումը, որի թալանին գործուն մասնակցություն է ունենալու նաև Իսրայելը։ Իսրայելի այս ժամանակավոր փրկությանը հաջորդելու է նոր, ավելի լավ ապագան, և սկսվելու է Մեսիայի թագավորությունն Իր մեծագույն բարիքներով։ Այդ ժամանակ Սիոնում թագավորելու է արդարությունը, Երուսաղեմի բնակիչներն իմաստություն և գիտություն են ձեռք բերելու։

   «Ո՜վ Տեր, մեզ ողորմ՛ր»։ Մարգարեն օգնության աղոթք է բարձրացնում ի դեմս բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մնացել Բարձրյալին։

   «Մերբազո՛ւկը եղիր»։ Այսինքն՝ «մեր պաշտպա՛նը եղիր, պայքարի՛ր մեզ համար»։

   «Ձեր ավարը․․»։ Այստեղ մարգարեն դիմում է ասորեստանցիներին, որոնց  Երուսաղեմից հեռանալու ժամանակ հրեաները, իհարկե, կշտապեն տիրանալ ասորեստանցիների կողմից վերցված մեծաքանակ ավարին, ինչն էլ խուճապի կմատնի ասորեստանցիներին։ Հրեաներն այնքան արագ կյուրացնեն այդ ավարը, որքան արագ որ մորեխները ոչնչացնում է մի որևէ շրջանի ամբողջ բուսականությունը (հմմտ. Հով. 2:9

   «Բարձր է Տերը», այսինքն՝ Տերն ամենքի կողմից պիտի մեծարվի իր մեծագույն գործի համար, որ Նա իրականացնելու է ընդդեմ հպարտ Ասորեստանի։

   «Դատաստանով ու արդարությամբ» - տե՛ս գլուխ 32-րդ, համար 1-ին և 16-րդ:

   6-րդ և 7-րդ համարներում մեկնիչները «հաշվառում» են մեսիական ժամանակաշրջանի յոթը երանիներ. ա) Դատաստան, բ) արդարություն, գ) անվտանգություն, դ) փրկություն, ե) իմաստություն, զ) գիտություն, է) Տիրոջ երկյուղ։

   Կասկածի ենթակա չէ, որ մենք այստեղ զուգահեռ հատված ունենք ի դեմս 11-րդ գլխի, որտեղ Իրեն՝ Մեսիային են վերագրվում Սուրբ Հոգու յոթ շնորհները (Ես. 11:2-3
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։
(Գրաբար) Տէր ողորմեաց մեզ` զի ի քեզ յուսացաք. եղեւ զաւակ անհաւատիցն ի կորուստ. այլ մեր փրկութիւն ի քէն է ի ժամանակի նեղութեան: