Եսայու մարգարեության մեկնություն 33։20

Ա. Լոպուխին

20-22․ Նայի՛ր Սիոնին, մեր տոնական հավաքույթների քաղաքին։ Քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես խաղաղ բնակավայր, որպես անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն շարժվի և որի պարաններից ոչ մեկը երբևէ չի կտրվի։ [20] Այնտեղ մեր մեծ Տերը մեզ համար կլինի գետերի, լայնատարած վտակների վայր, ուր ոչ մի թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու։ Որովհետև Տերը մեր դատավորն է, Տերը մեր օրենսդիրն է, Տերը մեր թագավորն է, Նա կփրկի մեզ։(Սինոդական թարգ․)
   
   Այստեղ մարգարեի հայացքն ակնհայտորեն տեղափոխվում է Մեսիայի թագավորության վրա։ Երուսաղեմն ընտրյալ ժողովրդի կրոնական կյանքի կենտրոնատեղին է, և չնայած որ այստեղ կոչվում է «վրան», սակայն այն այլևս հավաքվող վրան չէ, ինչպիսին որ էր Մովսեսի վրանը, որն անընդհատ քանդվում էր եբրայեցիների՝ մի բանակատեղիից դեպի մյուսն անցնելիս, այլ այս մի վրանը կառուցված է ամուր և անխախտ ձևով (հմմտ. Ամ. 9:11): Ի նկատի ունենալով, որ Նինվեն, Բաբելոնը, Թեբեն թշնամիների չնախատեսված հարձակումներից պաշտպանված էին լայն վտակներով, որոնք հոսում էին այդ քաղաքների պարիսպների շուրջ, մարգարեն Երուսաղեմում Մեսիայի օրերին անվտանգության խորհուրդը նկարագրելու համար ասում է, որ Տերն Ինքն է պահպանելու այդ քաղաքը։ Շնորհիվ այդ պաշտպանության թշնամիներն այլևս ոչ մի կերպ չեն կարողանալու գրավել Երուսաղեմը, մինչդեռ վտակներով շրջօղակված ամրություններն ամեն դեպքում կարող էին գրավվել թշնամիների կողմից, որոնք էլ կարող էին իրենց հետ «դատ ու դատաստան բերել»։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները,
(Արարատ թարգ․) Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։
(Գրաբար) Ահաւասիկ Սիոն քաղաք փրկութեան մերոյ. աչք ձեր տեսցեն զԵրուսաղէմ քաղաք մեծացեալ, խորանք որ ոչ շարժեսցին. եւ մի շարժեսցին ցիցք խորանի նորա յաւիտեանս ժամանակաց, եւ մի խզեսցին ապաւանդակք նորա,