Եսայու մարգարեության մեկնություն 3։8

Ա. Լոպուխին

8-9․ Եվ այսպես Երուսաղեմը ավերվեց, Հուդան կործանվեց, քանի որ նրանց լեզուն և նրանց գործերը Տիրոջ դեմ են ու վիրավորական են Նրա վեհափառ հայացքի համար: [8] Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։ (Սինոդական թարգ․)
   
   8-15 համարներ: Մարգարեն խստորեն կշտամբում է ամբարիշտ հրեաներին իրենց բացահայտ ամբարշտության համար: Նա հատկապես հանդիմանում է հրեա ամբարիշտ կառավարիչներին, որոնք ժողովրդին հասցրել են ոչնչացման եզրին և դրա համար էլ պետք է սպասեն Աստծո վերահաս դատաստանին:

   Հրեաներն այնպիսի արարքներ են գործում, որոնք վիրավորական են Բարձրյալի վեհափառ հայացքի առջև: Տիրոջ աչքերը սուրբ ու մաքուր են և չեն կարող նայել հրեաների գարշելի արարքներին:

   «Երեսի տեսքը» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել իբրև «ճակատ, նրանց ճակատը»: Մենք ևս ունենք մի թևավոր խոսք, որն ասում է՝ «նրա ճակատին գրված է, որ նա անպիտան ու հիմար անձնավորություն է»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրէնութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ:
(Արարատ թարգ․) Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։
(Գրաբար) Զի լքաւ Երուսաղէմ, եւ Հրէաստան կործանեցաւ. եւ լեզուք նոցա անաւրէնութեամբ ի Տեառնէ ապստամբեցին: