Եսայու մարգարեության մեկնություն 43:8

Ա. Լոպուխին

«Դուրս հանիր ա՛յն ժողովրդին, որը թեպետ աչքեր ունի, սակայն կույր է, և ա՛յն ժողովրդին, որը թեպետ ականջներ ունի, սակայն խուլ է»: [8] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ առավել հակիրճությամբ կրկնվում է այն միտքը, որը նախորդ գլխի հիմնական գաղափարն էր կազմում (Ես. 41:1, 21-26), ասել է թե՝ Բարձրյալի դատաստանը ժողովուրդների հանդեպ: Տերը դարձյալ Իր հետ դատի է կանչում հրեաներին (8-րդ համար) ու հեթանոսներին (9-րդ համար) ու նրանցից «պահանջում» է ներկայացնել վստահելի վկաների, որոնք, բնականաբար, ո՛չ հրեաներն ու ո՛չ էլ հեթանոսները չունեին: Ի հակադրություն նրանց՝ Բարձրյալը սկզբում ստիպում է Իր բոլոր թշնամիներին անկախ իրենց կամքից վկաներ լինել՝ Իր իսկ մասին վկայություն տալով (10-րդ համար), իսկ այնուհետև անձա՛մբ է ելույթ ունենում հանդիսավոր «ինքնավկայությամբ»՝ Ինքն Իր մասին վկայելով (11-13-րդ համարներ): Որպես ամենամոտ զուգահեռ այս համարին ու իսրայելական ժողովրդին վերաբերող՝ այնտեղ առկա բնութագրումներին՝ կարող են ծառայել 42-րդ գլխի 7 -րդ և 18-19-րդ համարները (տե՛ս մեր մեկնաբանությունը դրանց վերաբերյալ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները:
(Արարատ թարգ․) «Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։
(Գրաբար) եւ հանի զժողովուրդն կոյր: եւ թէպէտ եւ աչք են, սակայն նոյնպէս կուրացեալ են, եւ խցեալ են ականջք իւրեանց: