Եսայու մարգարեության մեկնություն 44:21

Ա. Լոպուխին

«Հիշի՛ր սա, Հակո՛բ ու Իսրայե՛լ, քանի որ դու Իմ ծառան ես. Ես կերտեցի քեզ: Դու Իմ ծառան ես, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր Ինձ»: [21] (Սինոդական թարգ․)
   
   21-րդ համարն անմիջական կերպով հարում է 8-րդ համարին ու շարունակում է զարգացնել Իսրայելի ճշմարիտ Աստծո ամենակարողության ու փրկարար սիրո մասին միևնույն գաղափարը: Հեթանոսության կեղծ աստվածներին նման խայտառակ ձևով պախարակելուց հետո և այդ համատեքստում մարգարեի կողմից ճշմարիտ Աստծուն վերագրվող հատկությունները նորից հիշատակելն էլ առավել համոզիչ ու զորեղ է դարձնում դրանք:

   «Հիշի՛ր սա, Հակո՛բ…Իսրայե՛լ, մի՛ մոռացիր Ինձ» - «Հիշի՛ր սա», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, կուռքերի ոչնչության ու կռապաշտների տգիտության մասին քիչ առաջ բացահայտված միտքը, իսկ դրանից հետո նաև ա՛յն, որ «դու Աստծուն հայտնի և հավատարիմ նախնիների ժառանգ ես (Հակոբ, Իսրայել), որ դու Իմ ծառան ես»: Այսինքն՝ սա ենթադրում է, որ Իսրայելի ժողովուրդը մի կողմից, տրամաբանորեն, պետք է ծառայի ո՛չ թե ինչ-որ մեկին, այլ հենց Տիրոջը, իսկ մյուս կողմից էլ հրեաներն Աստծո մտերիմներն են՝ հարազատ ու թանկ Նրա համար, ու վերջապես պետք է հիշեն, որ Տերն է նրանց  արարել ու ընտրել այլ ժողովուրդների միջից և նրանց դաստիարակել իրենց կոչումի համաձայն, ու այդ իսկ պատճառով էլ այս ժողովրդի նկատմամբ Աստված հատուկ իրավունքներ ունի:

   Այս համարի երկրորդ հատվածը՝ «մի՛ մոռացիր Ինձ», գիտնականները տարբեր կերպ են թարգմանում: Եբրայեցերեն «լո ֆիննաշենի» արտահայտությունը կրավորական ձևով է կիրառված և, հետևաբար, պետք է այդպես էլ թարգմանվի՝ «դու մոռացված չես Իմ կողմից»: Այս հատվածն այդպես էլ թարգմանում են հրեա գիտնական րաբբիներից ու արևմտյան մեկնիչներից շատերը (Իբն Եզրա, Կիմխի, Վիտրինգ, Գեզեի, Էվալդ, Կնեյբել, Դելիչ, Դիլլման, Դում և այլն): Թարգմանության այս ձևին իրենց համաձայնություն են տալիս նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորներն իրենց հայտնի մեկնաբանության մեջ: Թարգմանության այս ձևի պարագայում միանգամայն բնական ու հասկանալի է դառնում նաև անցումը մյուս համարին, որում խոսվում է Իսրայելի փրկության մասին:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Յիշի՛ր դա, Յակո՛բ, նաեւ դու, Իսրայէ՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, եւ դու, Իսրայէ՛լ, մի՛ մոռացիր ինձ:
(Արարատ թարգ․) «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։
(Գրաբար) Յուշ լիցի քեզ այդ Յակովբ, եւ Իսրայէլ զի ծառայ իմ ես դու. ինձ ստեղծի զքեզ ի ծառայութիւն. եւ Իսրայէլ` մի մոռանար զիս: