Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը, Որը փրկեց քեզ ու ձևավորեց քեզ մոր որովայնից. «Ես եմ Տերը, որ արարեցի ամեն բան, միայնակ տարածեցի երկինքն ու Իմ զորությամբ հաստատեցի երկիրը»: [24] (Սինոդական թարգ․)
24-28-րդ համարներով մի նոր հատված է սկսվում, որը, հասնելով մինչև սույն գլխի ավարտը, այստեղ ևս չի վերջանում, այլ շարունակվում է մինչև հաջորդ՝ 45-րդ գլխի առաջին ութը համարները: Այս հատվածի առաջին կեսն իրենից ներկայացնում է, այսպես ասած, միայն «աճի» (արսիս) գործընթացը, այսինքն՝ զարգացնում ու ամրապնդում է այն գաղափարները, որոնք մանրամասնորեն շարադրվելու են միայն հատվածի երկրորդ կեսում՝ նրա «անկման» ժամանակ (թեզիս), այսինքն՝ հաջորդ գլխում: Մեր կողմից ուսումնասիրվող հատվածի առաջին կեսը կազմված է Տիրոջ մեկ շարունակական խոսքից, որով որ Նա Իսրայելին հիշեցնում է իր հավատքի գլխավոր դոգման Արարիչ Աստծո մասին (24-րդ համար), մատնանշում է հեթանոսական հավատալիքների ոչնչությունն ու նրանց երևակայական իմաստունների տգիտությունը (25-րդ համար), հիշեցնում է Իր մի շարք նախկին մարգարեությունների իրականանալն ու հնչեցնում է մի նոր մարգարեություն՝ Երուսաղեմի ու Հուդայի քաղաքների վերականգնման մասին (26-րդ համար) և, վերջապես, խոսում է ինչ-որ մի խորհրդանշական անդունդ հրաշքով ցամաքեցնելու (27-րդ համար) ու Աստծո ընտրյալի՝ Կյուրոսի մասին՝ որպես Երուսաղեմի ու տաճարի հարցում Իր կամքն իրականացնող գործիք (28-րդ համար):
«Ես եմ Տերը, որ արարեցի ամեն բան, միայնակ տարածեցի երկինքն ու Իմ զորությամբ հաստատեցի երկիրը»: Սա Հին Կտակարանի ամենաարտահայտիչ ու պարզ հատվածներից մեկն է, որում խիստ համոզվածությամբ ու զորությամբ հաստատվում է Արարիչ Աստծո մասին դոգման: Արարչի միակության մասին այստեղ մատնանշված միտքը, բնականաբար, ուղղված է ոչ թե Աստվածության Անձերի եռամիասնության դեմ, այլ ընդդեմ հեթանոսական դիցաբանության մեջ լայնորեն տարածված այն գաղափարի, որ աշխարհի արարիչը եղել է ինչ-որ ստորին, երկրորդական աստված (δημιουργός), որը ո՛չ թե ոչնչից է ստեղծել աշխարհը, այլ միայն ձևավորել կամ կազմավորել է այն արդեն իսկ պատրաստի նյութից, և անգամ այդ կազմության գործընթացն էլ կատարել է ոչ թե ինքնուրույնաբար, այլ օտար մեկի (վերին աստվածների) հրահանգով ու բազում այլ օգնականների օժանդակությամբ (ստորին աստվածություններ): Որպես հակադրություն հեթանոսական նմանատիպ լեգենդների՝ Տերը մարգարեի շուրթերով հստակորեն հայտարարում է բարձրաձայնում է, որ Ինքն է գոյություն ունեցող ամեն բանի միակ Սկզբնապատճառը (Ես. 45:6-7), երկնքի ու երկրի ճշմարիտ Արարիչը (Ես. 40:22, 42:5), Որն այդ ամենն իրականացնելիս որևէ խորհրդական կամ օգնական չի ունեցել (Ես. 40:14, 28): Այս նկարագրությունը («տարածեցի երկինքը») մեզ քաջ հայտնի է Սաղմոսերգուի հայտնի արտահայտությունից. «Երկինքը փռեց վրանի պես» (Սաղմ. 103:2):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը.
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր որ փրկեացն զքեզ, եւ ստեղծ զքեզ յորովայնէ. ես եմ Տէր որ առնեմ, կատարեմ զամենայն. ձգեցի զերկինս միայն, եւ հաստատեցի զերկիր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: