Ա. Լոպուխին
9-10․ Հիշե՛ք նախկինում՝ դարերի սկզբից կատարվածը, քանի որ Ես եմ Աստված, և ուրիշ աստված չկա, և Ինձ նմանը չկա։ [9] Ես ի սկզբանե հայտարարում եմ այն, ինչ լինելու է վերջում, և հնագույն ժամանակներից ի վեր հռչակում եմ այն, ինչը որ դեռ չի կատարվել․ Ես ասում եմ, որ Իմ խորհուրդը պիտի իրականանա, և այն ամենը, ինչ որ Ինձ հաճելի է, Ես կատարելու եմ։ (Սինոդական թարգ․)
«Հիշե՛ք նախկինում՝ դարերի սկզբից կատարվածը․․․Իմ խորհուրդը պիտի իրականանա, և այն ամենը, ինչ որ Ինձ հաճելի է, Ես կատարելու եմ»։ Անդրադարձն այն ամենին, ինչն արդեն իսկ կատարված է, հղումն Աստվածային Նախասահմանության ծրագրերի հավիտենականությանն ու ժամանակային պատեհությանը, ինչպես նաև Տիրոջ խորհուրդների անփոփոխելիության վերաբերյալ ցուցումը՝ այդ բոլորը սույն մարգարեության ամենասիրելի և հաճախակի կիրառվող գրական միջոցներից մեկն են (Ես. 14։24, 41։22, 43։16, 18 և այլն)։ Այս դեպքում նմանատիպ, զուտ պաշտոնական հավաստիացումը ենթադրում է մի ակնարկ առավել դրական գաղափարի՝ Աստվածային նախասահմանության վերաբերյալ, համաձայն որի՝ մարդկային աշխարհը, որն իջել էր ցածր մակարդակի վրա, պետք է նորոգվեր նորեկ ժողովուրդների «հոսքով», և Հաբեթի հետնորդները պիտի բնակություն հաստատեին Սեմի վրաններում (Ծննդ. 9:25-27): Այդպես կարծելու իրավունք է մեզ տալիս հաջորդ համարը, որտեղ խոսքի ընթացքը դարձյալ վերադառնում է Կյուրոսին՝ այդպիսի փոփոխության գլխավոր «մեղավորին»։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ,
(Արարատ թարգ․) Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։
(Գրաբար) եւ յիշեցէք զառաջին գործսն յաւիտենից: զի ես եմ Աստուած, եւ չիք այլ ոք բաց յինէն,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: