Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար,
Հարց. Ասում է՝ ընդունելության ժամանակ լսեցի քեզ ու փրկության օրը օգնեցի քեզ։
Ուրեմն անպատեհ ժամանակ ոչ լսո՞ւմ է, ոչ օգնո՞ւմ:
Պատասխան. Ո՛չ, բնավ, ինչը հայտնի է հիմար կույսերի ու հարուստի [պատմություններից], նրա՛նց, ովքեր օգնություն չգտան, քանզի սա է փրկության ժամանակը, քանի դեռ մարմնի մեջ ենք, ինչպես Պողոսն է ասում. «Ահա ընդունելի ժամանակը» (Բ Կորնթ. 6։2), և այլն:
Հարց. Ապա ուրեմն դրանից պարզ է դառնում, թե Աստված ժամանակի կարի՞ք ունի և Նրա ողորմությունը ենթակա է ժամանակի՞ն:
Պատասխան. Աստված կարիք չունի ժամանակի, այլ մենք ունենք դրա կարիքը, որովհետև Աստծո մոտ ժամանակը չի փոփոխվում, այլ մեզ մոտ է փոփոխվում: Եվ Նրա ողորմությունը կախված չէ ժամանակից, այլ բարեհաճ կամքից, որովհետև երբ քաղցրանում է Աստծո կամքը, այ դա է «ընդունելի ժամանակը»:
Հարց. Իսկ Աստծո կամքը ե՞րբ է բարեհաճ լինում:
Պատասխան. Աստծո բարեհաճ կամքի երեք ժամանակ կա. առաջին ժամանակը աղոթքի ժամանակն է, երբ մեր միտքը բոլոր կողմերից սևեռում ենք Աստծո վրա ու խոսակցում ենք Նրա հետ. «Երեկոյան, առավոտյան ու կեսօրին»(Սաղմ. 54։18), և այլն: Իսկ մյուս ժամանակները, երբ պարապ ենք լինում, և կամ՝ աշխարհի հոգսերի հետ, Նրան հաճելի չեն:
Երկրորդ՝ Աստծուն հաճելի է ապաշխարության ժամանակը, երբ դարձի ենք գալիս մեղքից ու բարիք ենք գործում: Իսկ երբ մեղքի մեջ անզեղջ ենք մնում, դա Աստծուն հաճելի չէ:
Երրորդ՝ «ընդունելի ժամանակը» մեր այս բովանդակ կյանքն է, իսկ մահից հետո այդ ժամանակը սպառվում է, որովհետև այս կյանքում Տերը բազմած է շնորհի աթոռին, իսկ մահից հետո՝ դատաստանի աթոռին է բազմում, որպեսզի արդար հատուցում իրագործի, ինչպես Պողոսն է հրավիրում. «Եթե նրա շնորհների աթոռի առջև ընկնենք և ողորմությունն ընդունենք պատեհ ժամանակ․․․» (Եբր. 4։16)։ Ճիշտ այնպես, ինչպես թողություն շնորհվեց նրան, ով հազար դահեկան էր պարտք, սակայն աղաչեց, և նրա պարտքերը մարվեցին: Իսկ հանդերձյալ կյանքի համար ասում է. «Հանե՛ք արտաքին խավարը» (Մատթ. 25։30), և թե՝ «Ձեզ չգիտեմ, հեռացե՛ք ինձանից» (Մատթ. 25։12), և այլն:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին Ես լսեցի քեզ, և փրկության օրը քեզ օգնեցի, և Ես կպահպանեմ քեզ և քեզ որպես ուխտ կսահմանեմ ժողովրդի համար, որպեսզի վերականգնես երկիրը, որպեսզի ժառանգներին բաժանես ավերված ժառանգությունները»: [8] (Սինոդական թարգ․)
«Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին Ես լսեցի քեզ, և փրկության օրը քեզ օգնեցի» - 8-րդ համարի բովանդակությունը ուղիղ պատասխան է տալիս և վերացնում է 4-րդ համարում արտահայտված տարակուսանքը. «Իզուր ես ջանացի, զուր և ունայն տեղը սպառեցի իմ ուժը...»: Սակայն ո՛չ, այդ ամենը իզուր չի արվել, այլ եկել-հասել է Աստծուն և համապատասխան գնահատանքի է արժանացել Նրա կողմից: Թեև «լսեցի» և «օգնեցի» բայերը, ինչպես երևում է, անցյալ ձևերով են դրված, սակայն դրանք իրականում վերաբերում են գալիք ժամանակին՝ կամավոր ինքնանվաստացումից հետո Աստծո Որդու փառավորման իրադարձությանը: Սա այսպես կոչված «praeteritum propheticum»՝ «մարգարեական անցյալ» ժամանակաձևն է, որն ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների՝ անկասկածելիորեն իրականացումն արտահայտելու համար դրանց մասին խոսում է անցյալ ժամանակաձևով։
Չնայած որ Իր Ծառային ուղղված Տիրոջ այդ օգնությունը, ինչպես հայտնի է, Նրան շնորհվում էր Իր մեսիական ծառայության ողջ ընթացքում (Ղուկ. 2:40, 52, Հովհ. 3:2, 8:28, 12:28, 14:10 և այլ տեղիներ), սակայն այդ վերին օգնության՝ վար իջնելու կարևորագույն ու ամենքի կողմից տեսանելի պահը մատնացույց է արվում որպես հատուկ բարենպաստ ժամանակ (καιρω̨̃ δεκτω̨̃)՝ «փրկության օր»։ Պողոս առաքյալը, մեջբերելով Եսայի մարգարեի այս խոսքը, այն կապում է իր ժամանակի, այսինքն՝ քրիստոնեական Եկեղեցու հաղթանակի հետ և, մասնավորապես, այս մարգարեության իրականացումը տեսնում է քրիստոնեության համընդհանրության և նրա ամենահաղթ զորության մեջ (Բ Կորնթ. 6։2-10 )։ Այս ամենը բոլոր բառերից էլ ավելի պերճախոս ձևով վկայում է, որ Մեսիայի առաքելությունը բնավ չէր կարող ապարդյուն լինել:
«Եվ քեզ որպես ուխտ կսահմանեմ ժողովրդի համար, որպեսզի վերականգնես երկիրը, որպեսզի ժառանգներին բաժանես ավերված ժառանգությունները» - Էլ ավելի պարզորոշ և հստակորեն բացահայտելով Իր կողմից Առաքվածի մեսիական սպասավորության շրջանակն ու բնույթը, Տերն ասում է, որ Նրա հիմնական դերը լինելու է Աստծո և մարդկանց միջև ուխտը սահմանողի կամ այն վերականգնողի կոչումը: Այդ առաքելությունը որոշակիորեն նման կլինի Հին Կտակարանի միջնորդների դերին (Մովսես և Հեսու (Բ Օրին. 3:28, Հեսու 1:6), որոնք վերականգնեցին հրեա ժողովրդի ուխտն Աստծո հետ և քանանացիների երկիրը բաժանեցին Իսրայելի ցեղերի միջև), սակայն Մեսիան նրանց նույնպես անսահմանորեն կգերազանցի իր քարոզության լայնընդգրկունությամբ և համապարփակությամբ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ցԻսրայէլ ի ժամանակի ընդունելութեան լուայ քեզ, եւ յաւուր փրկութեան աւգնեցի քեզ, եւ ստեղծի զքեզ, եւ ետու զքեզ յուխտ հեթանոսաց հաստատել զերկիր, եւ ժառանգեցուցանել զժառանգութիւնս աւերակ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: