Եսայու մարգարեության մեկնություն 54:12

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից:
   
   Քո աշտարակները հասպիսից պիտի բարձրացնեմ։
   Եկեղեցու ամրությունն է ցույց տալիս, որովհետև ինչպես պարսպի ամրությունները բուրգերն են, նույնպես և Եկեղեցունը՝ առաքյալները և մարգարեները, որոնց Աստված դրեց Եկեղեցու մեջ, ինչպես ասում է Պողոսը. «Եվ նրանք պատվական են մեծագին քարերից ավելի» (հմմտ. Ա Կորնթ. 3։12):
   Դռներդ բյուրեղից։
    Դուռը մեր Տերն է, ինչպես Նա Ինքն ասաց. «Ես եմ դուռը» (Հովհ. 10։9), որովհետև հավատացյալների առջև գոցում կամ բացում է դեպի կյանք տանող ուղին, ըստ իմաստուն և հիմար կույսերի առակի։ Ըստ այսմ ասում է. «Ով հնազանդվի Որդուն՝ կտեսնի կյանք, իսկ ով չհնազանդվի՝ չի տեսնի կյանք, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհ. 3։36):

   Եվ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից։

    Պարիսպը՝ Եկեղեցու շրջափակը, նահատակների ու բոլոր ընտրյալների բազմություններն են, որոնց նախատիպն այսպիսի թանկագին ակնեղենն է հետևյալ մի շարք պատճառներով. նախ՝ որովհետև ինչպես տարբեր ակնաքարեր զանազան զորություն ունեն, այնպես էլ սուրբ առաքյալների դասերը զանազան առաքինություններով են օժտված․ ոմանք՝ խոհեմությամբ, ուրիշներ՝ արիությամբ, մի մասը՝ ողջախոհությամբ, մյուսները՝ պահքի ամրությամբ, ոմանք էլ՝ մարտիրոսական չարչարանքներով, և այլն: Նրանց մասին հռոմեացիներին ուղղված նամակում խոսում է Պողոս առաքյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար» (Հռոմ. 14։5), և դարձյալ՝ եբրայեցիներին ուղղված նամակում էլ ասվում է. «Ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին» (Եբր. 13։35), և այլն: Երկրորդ՝ որովհետև ինչպես ակնաքարերն են տարբեր գույների լինում, այդպես էլ նրանք են տարբեր իրենց շնորհներով, ինչպես թվարկում է առաքյալը. «Մեկին Հոգուց տրված է իմաստուն խոսք» (Ա Կորնթ. 12։8), և այլն:

    Երկրորդ՝ որովհետև ինչպես ակնաքարերն են տարբեր գույների լինում, այդպես էլ նրանք են տարբեր իրենց շնորհներով, ինչպես թվարկում է առաքյալը. «Մեկին Հոգուց տրված է իմաստուն խոսք» (Ա Կորնթ. 12։8), և այլն:

    Երրորդ՝ որովհետև ակնեղենն ունի հաստատուն կարծրություն, նրանք էլ ի սեր Քրիստոսի սակավապետ են համբերության մեջ, ինչպես առաքյալն է ասում. «Ո՞վ մեզ կբաժանի Քրիստոսի սիրուց. ո՛չ նեղություն», և այլն (Հռոմ. 8։35):

    Չորրորդ՝ եթե մեկն այդ ակնաքարերն առանձնացնի զարդերից, նրանք տակավին նույն ազդեցությունն ու պատիվը կունենան, նույնպես և յուրաքանչյուր սրբի մահից հետո, երբ հոգին բաժանվում է մարմնից, նրանց նշխարներն ու մասունքները նույն զորությունն են ունենում, որն ունեին կենդանության ժամանակ։ Սա հայտնի է նրանից, որ Եղիսեի ոսկորները կենդանացրին մեռյալին (Դ Թագ. 13։21), ուրիշներինը հալածում են դևերին ու զանազան ցավեր են բժշկում:

   Հինգերորդ՝ ակնաքարերը պայծառանում են լույսով և իրենց պարզությամբ լուսավորում են ուրիշներին: Նույնպես և սուրբերն իրենց առավելագույն պայծառության շնորհիվ ընդունում են Աստծո շնորհներն ու դրանք սփռում են ուրիշների վրա, ուստի այդ «սրբազան ակնաքարերի» մասին Տերն ասում է. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5։14), և թե՝ «Ձեռքերը դնելով՝ Սուրբ Հոգի էին տալիս» (Գործք 8։18):

   Վեցերորդ՝ ինչպես ակնաքարը երկար մնում է հողի տակ, և հետո միայն՝ երևում, նույնպես և սրբերի մասին է առաքյալն ասում. «Աշխարհի լինելուց առաջ մեզ ընտրեց» (Եփես. 1։4), այսինքն՝ նրանք ընտրված են Աստծո նախածանոթ գիտության մեջ, բայց հետագայում յուրաքանչյուրը երևում է իր համար նախատեսված ժամանակամիջոցում:

    Յոթերորդ՝ ինչպես ակնաքարն ունի բնական առանձնահատկություններ, սակայն ճարտար [վարպետների] ձեռքում ավելի է գեղեցկանում, նույնպես և սրբերն իրենց մեջ ունեն հավատի զորությունը, սակայն չարչարանքների մեջ ավելի է [գեղեցկանում] վարձատրության պսակը, ինչպես օրինակ սուրբ Ստեփանոսն ուներ միայն աշակերտության պատիվը, բայց քարկոծվելով նաև մարտիրոսական պսակն ընդունեց: Այդպես և մյուսները, որի պատճառով առաքյալն ասում է. «Մեզ անհրաժեշտ է բազում նեղությամբ մտնել այն հանգիստը» (Եբր. 4։11):

    Ութերորդ՝ տգետների աչքին ակնաքարերն արժեք չունեն, նույնպես և սրբերը ոչ միայն անարժեք, այլև ատելի են աշխարհասերների համար, ինչպես Տերն է ասում. «Եթե աշխարհը ձեզ ատեց՝ իմացեք, որ նախ Ինձ ատեց, քանզի աշխարհը իրենն է սիրում» (Հովհ. 15։18), և այլն: Եվ դարձյալ՝ «Իմ անվան պատճառով ատելի կլինեք բոլոր ազգերի համար» (Հովհ. 21։17), և թե՝ «Ով սպանի ձեզ․․․» (Մատթ. 24։9):

   Իններորդ՝ ինչպես մեծագին ակնաքարերը կրակի միջոցով կամ այլ ներգործությամբ մյուսներից զանազանվում են իրենց գույնով ու ձևով, այդպես և ճշմարիտ սրբերը զանազանվում են կեղծավորներից կա՛մ հրաշքների, կա՛մ փորձություններին համբերելու միջոցով։ Նրանք, ովքեր շինված են հաստատուն ժայռի վրա, անշարժ են մնում, իսկ կեղծավորները կործանվում են, համաձայն այս խոսքի. «Անձրևներ եկան ու գետերը բարձրացան», և այլն (Մատթ. 7։25): Իսկ առաքյալն ասում է. «Եթե մեկն այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, դատաստանի օրը այդ պիտի երևա» (Ա Կորնթ. 3։12):

    Տասներորդ՝ որովհետև ակնաքարն առավելապես ծածուկ է մնում, իսկ երբ հայտնվում է՝ պատվական վայրում է «բազմում», ինչպես թագի կամ այլ զարդերի վրա՝ գեղեցկապես շքեղանալով: Նույնպես և այժմ սրբերը չարից պահպանվում են անվնաս կերպով, իսկ երբ նրանց փառքը հայտնի դառնա, պայծառությամբ կերևան՝թագակից լինելով Քրիստոս Աստծուն ու բազում համարձակությամբ կընդդիմանան իրենց նեղողներին, ինչպես ասում է Առակում (Իմաստ. 5։1):
   

Ա. Լոպուխին

«Եվ քո պատուհանները սուտակից կպատրաստեմ և քո դարպասները՝ մարգարիտներից, և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերից»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   «Ես քո քարերը սուտակի վրա պետք է դնեմ․․․ քո դարպասները՝ մարգարիտներից, և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերից» - Ի հակադրություն հինկտակարանյան հրեական Եկեղեցու ծայրահեղ անկայունության՝ նորկտակարանյան քրիստոնեական Եկեղեցին  (հավատավոր հրեաների գլխավորությամբ) հատկապես ամուր և կայուն կլինի․ նրա հիմքում սուտակներ և շափյուղաներ կլինեն, մարգարիտները նրա համար որպես դարպասներ կծառայեն, իսկ նրա պատերն ամբողջությամբ թանկարժեք քարերից պատրաստված կլինեն։ Այս ամենը մի կողմից վկայում է եկեղեցական կառույցի ծայրաստիճան ամրության և հաստատունության մասին, իսկ մյուս կողմից էլ՝ նրա արտաքին  ձևավորման ճոխության և շքեղության մասին։ Ըստ երևույթին, հենց այս նույն պատկերը՝ «Սիոն լեռան» կամ «երկնային Երուսաղեմի» տեսքով, մանրամասնորեն ներկայացվում է նաև Հայտնության գրքում (Հայտ․ 21։10-27), իսկ որոշակիորեն փոփոխված ձևով նաև Եզեկիելի մարգարեության մեջ (Եզեկ․ 40-48-րդ գլուխներ)։ Այս պատկերի ամենամոտ պատմական իմաստն այն է, որ թեկուզև նորկտակարանյան Եկեղեցին նույնպես զերծ չի լինի հզոր ցնցումներից և փոթորիկներից, սակայն դրանք նրան վնաս չեն պատճառի՝ ճիշտ այնպես, ինչպես ծովի կատաղի ալիքներն են անզոր գրանիտե ամուր ժայռի դեմ, կամ էլ ինչպես արտաքին շրջափակումը վտանգավոր չէ լավ և հզոր ամրացված քաղաքի համար։ Մարգարեական այլաբանական իմաստով, ըստ սուրբ հայրերի մեկնաբանության, Եկեղացու շինության հիմքում անկյունաքարի ներքո պետք է հասկանալ Քրիստոսին (հմմտ․ Ես․ 28։16, Ամ․ 7։8, Զաք․ 3։8-9, Սաղմ․ 117։22, Մատթ․ 21։42, Ղուկ․ 20։17-18, Գործք․ 4։11, Ա Պետ․ 2։4-8), իսկ մյուս թանկարժեք քարերն էլ, որոնք զետեղված են Նրա շուրջ, խորհրդանշում են Քրիստոսի առաքյալներին ու աշակերտներին, ինչպես նաև նրանց բոլոր արժանի հետնորդներին (Մատթ․ 16։18 և այլ տեղիներ)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից:
(Արարատ թարգ․) Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։
(Գրաբար) եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. եւ ածից շուրջ զքեւ պարիսպ յընտիր ընտիր ականց պատուականաց: