Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»:
Թող ներքինին չասի, թե՝ ես չոր փայտ եմ։
Այսինքն՝ արդարը թող չասի, թե՝ ես անպտուղ եմ: Այդպիսի մեկին է երանի տալիս Սողոմոնը. «Երանելի է անարատ ամուլը, որ հանցավոր անկողիններ չճանաչեց» (Իմաստ. 3։13): Իսկ մարգարեն հետագայում ևս խոսում է ներքինիների մասին՝ ասելով. «Ովքեր կպահեն Իմ պատվիրանները, նրանց Իմ տան մեջ ավելի անվանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին» (Եսայի 56։4-5): Ուստի և շատ ավելի մեծ առաքինություններ են տեսնվում առաքյալի մեջ, որը հոգևոր զավակ է ծնում, այսինքն՝ բարեգործություններ է անում, քան մարմնավոր զավակներ ունեցողների:
Երկրորդ՝ որովհետև նա, ով մարմնավոր զավակ է ունենում՝ բնության «հարկադրանքով»է դա անում, իսկ ներքինին հոժար կամքով է «սերնդագործում», և հոժար կամքով արվածը նախապատվելի է, քան հարկադրաբար եղածը:
Երրորդ՝ մարմնավոր զավակները սակավաթիվ են, իսկ հոգևորները՝ բազում, որովհետև հոգևոր զավակները համապատասխանում են բարի գործերի թվին, ինչպես մարգարեն է ասում. «Բազում են լքվածիդ զավակները, քան տղամարդ ունեցող կանանց» (Ես. 54։1, Գաղատ. 4։27):
Չորրորդ՝ որովհետև մարմնավոր զավակները կյանքի բերումով կամ մահվան պատճառով հեռանում են ծնողներից, իսկ հոգևոր զավակները՝ երբեք, որովհետև «հոգևոր հոր» գործերը հարատևում են ինչպես կյանքում, այնպես էլ մահից հետո, ըստ Տիրոջ խոսքի. «Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ անկողոպտելի է» (Ղուկ. 10։42):
Հինգերորդ՝ որովհետև մեկը գուցե անիծի ցավերով ծնած զավակին, իսկ ներքինին օրհնությամբ և ուրախությամբ է լցվում, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Բնակեցնելու է ամուլին տան մեջ» (Սաղմ. 112։9): Այս իմաստով է ասում Սողոմոնը. «Իմաստուն որդին ուրախացնում է հորը, և անմիտ որդին տխրեցնում է մորը» (Առակ. ԺԷ 21): Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ միասին Աստծուց օրհնված սերունդ են» (65։23):
Վեցերորդ՝ մարմնավոր զավակներ ունեցողը «աճում» է այս աշխարհում, իսկ ներքինին՝ հանդերձյալ: Ուստի և երանի է տալիս նրան, «ով զավակ կունենա Սիոնում և ընտանիք՝ վերին Երուսաղեմում» (31։9):
Յոթներորդ՝ որովհետև մարմնավոր հայրերը խրատում են որդիներին, իսկ մյուս պարագայում հոգևոր զավակնե՛րն են խրատում և ուղղում իրենց ծնողներին:
Ութերորդ՝ մարմնավոր ծնողը պախարակվում է չար զավակների պատճառով, ըստ այն խոսքի, թե՝ «Պոռնկածին որդիներ, շնության որդիներ» (57։3): Իսկ հոգևոր զավակները՝ բարի գործերը, գովաբանության և դրվատանքի պատճառ են դառնում:
Իններորդ՝ որովհետև այն առաջինը մեղքի ու դժոխքի առիթ է դառնում իր հոր համար, իսկ մյուսն առաջնորդում է դեպի արքայություն 4:
Տասներորդ՝ որովհետև մեկը ժամանակավոր և ջնջելի հիշատակ է ապահովում, իսկ մյուսը՝ անջինջ և հավիտենական: Ինչպես և ասվում է. «Նրանց հավիտենական անուն եմ տալու, որ չի կորչելու» (56։5), այսինքն՝ անկորնչելի է մնալու թե՛ այս, և թե՛ հանդերձյալ կյանքում:
Ա. Լոպուխին
3-4․ «Տիրոջը միացած օտարականի որդին թող չասի․ «Տերն ինձ ամբողջովին բաժանել է Իր ժողովրդից», և թող ներքինին չասի․ «Ահա ես մի չորացած ծառ եմ»»։ [3] «Որովհետև Տերն այսպես է ասում ներքինիների մասին․ «Ովքեր պահում են Իմ շաբաթները և ընտրում այն, ինչը հաճելի է Ինձ, ու ամուր կառչած են մնում Իմ ուխտին»»։ (Սինոդական թարգ․)
Դեպի հինկտակարանյան Եկեղեցի մուտքը փակ էր այն անձանց համար, որոնք չէին պատկանում հրեական ազգին, և նույնիսկ նրա՛նց համար, ովքեր ունեին այնպիսի ֆիզիկական թերություններ, որոնք նրանց զրկում էին սերունդ թողնելու հնարավորությունից (խոսքը վերաբերում է ներքինիներին կամ ամորձատվածներին, Բ Օր․ 23։1)։ Մեսիայի կողմից նորոգված Եկեղեցի մուտք գործելու համար այդ բոլոր արգելքները կորցրել էին իրենց ուժը․ և՛ օտարազգու որդին (նորադարձը), և՛ ներքինին, բոլորի հետ հավասարապես, կարող են այդ Եկեղեցու լիիրավ անդամները լինել, եթե իհարկե նրանք կատարում են այն գլխավոր ներքին պայմանը՝ «ամուր կառչած մնալ Աստծո ուխտին», այսինքն՝ Մովսեսի օրենքին, որն աստվածային այդ ուխտի արտաքին, խորհրդանշական արտահայտությունն է։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»:
(Արարատ թարգ․) Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ»,
(Գրաբար) Մի ասիցէ աւտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ի Տէր, եթէ մերժելով մերժէ զիս Տէր ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի ասիցէ ներքինին` թէ ես եմ փայտ չոր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: