Ա. Լոպուխին
6-7․ «Իսկ այն օտարազգիների որդիներին, որոնք միացել են Տիրոջը, որպեսզի ծառայեն Նրան և սիրեն Տիրոջ անունը, լինեն Նրա ծառաները, բոլորին, ովքեր պահում են շաբաթը պղծությունից և ամուր կառչած են մնում Իմ ուխտին»: [6] «Ես կբերեմ Իմ սուրբ լեռան վրա և նրանց կուրախացնեմ Իմ աղոթքի տանը. նրանց ողջակեզներն ու նրանց զոհերը ընդունելի կլինեն Իմ զոհասեղանի վրա, որովհետև Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։ (Սինոդական թարգ․)
«Ես կբերեմ Իմ սուրբ լեռան վրա ․․․ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։ «Սուրբ լեռան» մասին հիշատակությունը բնականորեն մեր միտքն ուղղում է դեպի այս սուրբ լեռան մասին միևնույն մարգարեի՝ ավելի վաղ արտաբերած առանձնահատուկ խոսքին, որում այդ «սուրբ լեռ» արտահայտության ներքո մարգարեն, առհասարակ, նկատի է ունենում նորկտակարանյան, Քրիստոսի Եկեղեցու ճակատագիրը (2-րդ գլուխ)։ «Աղոթքի տուն» արտահայտության ներքո էլ, որի մասին, ի դեպ, այստեղ ոչ մեկ անգամ է խոսվում, շատերը հակված են հասկանալու հինկտակարանյան, երուսաղեմյան տաճարը, սակայն դա հազիվ թե իրավացի տեսակետ է՝ հատկապես եթե հաշվի առնենք Տիրոջ այն պարզ խոսքերը, թե «ժամանակ է գալու, երբ միայն Երուսաղեմում չէ, որ հոգով և ճշմարտությամբ երկրպագելու են Հորը (Հովհ․ 4։21, 23-24)։
«Այս իսկ պատճառով էլ, - ինչպես որ արդարացիորեն նկատում է Վլաստովը, - Եսայու մարգարությանը պետք է լայնընդարձակ նշանակություն տրվի և այն պետք է տարածվի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցո՛ւ վրա, որը հավիտենական Աստծո հավիտենական տաճարն է, որում յուրաքանչյուր քրիստոնեական հոգի, որը Տեր Աստծուն երկրպագում է «հոգով և ճշմարտությամբ», լսելի կլինի ողորմած Հոր կողմից» (Վլաստով, «Սրբազան գրառումներ», V գլուխ, էջ 332)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ,
(Արարատ թարգ․) Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին,
(Գրաբար) Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր` ծառայել նմա, եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս. եւ զամենայն ոյք պահիցեն զշաբաթս իմ` եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: