Ա. Լոպուխին
11-14․ «Այն ժամանակ Նրա ժողովուրդը հիշեց հին օրերը՝ Մովսեսի օրերը, ասելով. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց Իր ոչխարների հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրա սրտում դրեց Իր Սուրբ Հոգին»»։ [11] «[Նա], Ով Իր աջ ձեռքի փառավոր բազկով առաջնորդում էր Մովսեսին, [Ով] պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի Իր համար»։ «[Նա], Ով նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, և նրանք չսայթաքեցին»: «Ինչպես որ հոտը հովիտ է իջնում, այնպես էլ Տիրոջ Հոգին առաջնորդում էր նրանց հանգստանալու: Այդպես էլ Դու առաջնորդեցիր Քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես Քեզ համար»։ (Սինոդական թարգ․)
11-14-րդ համարներ. գլխավորաբար քաղաքական ծանրագույն աղետների ազդեցության ենթարկվելու ճանապարհով, որոնք, մի կողմից, Տիրոջ զայրույթի արտահայտությունն էին Իր ժողովրդի նկատմամբ (Բ Օր. 31:27, 32:20, 23, Ողբ 2:5), իսկ մյուս կողմից էլ՝ համարվում էին միջոց այդ ժողովրդի աստվածապետական դաստիարակության համար, Իսրայելն աստիճանաբար հասնում էր այն գիտակցությանը, որ իր հանցավոր պահվածքը դատապարտելի է, ուստի ապաշխարության և դեպի Աստծուն դառնալու նախանշաններ էր սկսում ցուցաբերել:
«Այն ժամանակ Նրա ժողովուրդը հիշեց հին օրերը՝ Մովսեսի օրերը․․․» - «Այն ժամանակ», այսինքն՝ այդ աղետների ժամանակ, կամ էլ նույնիսկ դրանց ավարտից հետո, սակայն այդ իրողությունը հատկապես նկատելի է դառնում վերջին, գերությանը հաջորդող ժամանակներում: Այս համարի հետագա բովանդակության մեջ, ինչպես նաև նրան հաջորդող մյուս երեք համարներում (12-րդ, 13-րդ և 14-րդ համարներ) համառոտ կերպով հիշատակվում են Աստվածային հիմնական բարեգործությունները, որոնք Իսրայելի հանդեպ ցուցաբերվել էին Մովսեսի ու նրա հաջորդների ժամանակներում։ Այդ բարեգործություններն էին, մասնավորաբար, եգիպտական գերությունից ազատագրումը, Կարմիր ծովով անցումն ու փարավոնի հետապնդումներից փրկվելը, Սինայում օրենքի տվչությունն ու Արաբական անապատում Տիրոջ կողմից առաջնորդությունը, և որպես այդ ամենի ցանկալի վերջաբան՝ Ավետյաց երկրում բնակության հաստատումը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին.
(Արարատ թարգ․) Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին,
(Գրաբար) եւ յիշեաց զաւուրսն յաւիտենից, թէ ու՞ր է Մովսէս եւ ժողովուրդն նորա: Որ եհան յերկրէ զհովիւն հաւտից. ու՞ր է որ եդ ի նոսա զՀոգին Սուրբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: