Ա. Լոպուխին
«Միայն Դու ես մեր Հայրը, քանի որ Աբրահամը չի ճանաչում մեզ, ու Իսրայելը մեզ որպես յուրային չի ընդունում. Դոʹւ, Տեʹր, մեր Հայրն ես, դարերից ի վեր է Քո անունը՝ «մեր Փրկարար»: [16] (Սինոդական թարգ․)
«Միայն Դու ես մեր Հայրը…Դոʹւ, Տեʹր, մեր Հայրն ես․․․» - Ահա Տիրոջն ուղղված ամենաջերմ և զորեղ խոստովանությունը Իսրայելի՝ հավատարիմ մնացած լավագույն զավակների անունից: Չնայած Աստծո կողմից Իր ժողովրդին որոշակի առումով մոռացության մատնելու երևույթին՝ Իսրայելի լավագույն զավակները չեն դադարում դիմել Նրան՝ որպես իրենց միակ պաշտպանի և Հոր: Իսրայելի այս զորեղ և հաստատակամ խոստովանությունը՝ Աստծո կողմից իր ընտրյալ լինելու հանգամանքի վերաբերությամբ, պետք է կապի մեջ դրվի մարգարեի կողմից միևնույն վստահությամբ և հաստատակամությամբ նախկինում արտաբերված խոսքերի հետ, որոնք նա մեջբերում էր՝ խոսելով արդեն Բարձրյալի՛ անունից (8-րդ համար):
«Իսրայելը մեզ որպես յուրային չի ընդունում․․․» - «Աբրահամն» ու «Իսրայելն» այստեղ, ակնհայտորեն, հոմանիշ բառեր են. դրանք համարվում են պատմական Իսրայելը բնորոշող ընդհանուր արտահայտություններ կամ էլ, ավելի ճիշտ, բնութագրում են հրեա ժողովրդի ա՛յն մեծամասնությունը, որն իր կուրության պատճառով չընդունեց Մեսիային ու, երբ որ Նա եկավ, չհավատաց Նրան: Սույն հատվածի նմանատիպ ընկալման համաձայն՝ այն անձինք, որոնք խոսում են մարգարեի միջոցով, նկատելիորեն առանձնանում են վերոնշյալ մեծամասնության միջից. նրանք համարվում են Իսրայելի այն հավատարիմ փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ճանաչեցին Մեսիային և այդպիսով արդարացրին իրենց Աստվածային ընտրությունը, չնայած որ դրա պատճառով ատելի դարձան իրենց իսկ հայրենակիցների կողմից:
«Դարերից ի վեր է Քո անունը՝ «մեր Փրկարար» - «Փրկարար» («Քավիչ») բարձրահունչ արտահայտությունն առաջին անգամ կիրառվել է դեռևս Հոբի գրքում (Հոբ 19:25), իսկ հետո էլ՝ Սաղմոսներում (Սաղմ. 73:2), ինչպես նաև բազմաթիվ անգամներ Եսայի մարգարեի շարադրանքում (Ես․ 41:14, 43:3, 47:4, 59:20, 62:11 և այլ տեղիներ): Սրա հետ մեկտեղ կարևոր է նշել, որ վերջինիս շարադրանքում այն առանց խտրականության կիրառվում է ինչպես Հայր Աստծո, այնպես էլ Մեսիա-Քրիստոսի վերաբերությամբ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դու ես մեր հայրը: Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը»:
(Արարատ թարգ․) Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։
(Գրաբար) Զի դու ես Հայր. զի Աբրահամ ոչ գիտաց զմեզ, եւ Իսրայէլ ոչ ծանեաւ զմեզ. արդ դու Տէր Հայր մեր փրկեա զմեզ, զի ի սկզբանէ անուն քո է ի վերայ մեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: