Եսայու մարգարեության մեկնություն 63:19

Ա. Լոպուխին

«Մենք այնպիսին դարձանք, որոնց վրա Դու, կարծես թե, երբեք իշխանություն չես ունեցել, ու որոնց վրա երբեք չի եղել Քո անունը»: [19] (Սինոդական թարգ․)
   
   Այս խոսքերին կարելի է վերագրել կրկնակի իմաստ. կաʹմ բարոյական-ապաշխարողական, կաʹմ էլ մարգարեական-պատմական: Առաջին դեպքում մենք պետք է այստեղ տեսնենք մեղսալից ինքնախարազանման ամենախորը աստիճանը, երբ որ մարդիկ իրենց համարում են մեղավորներից ամենավերջինը: Իսկ երկրորդ պարագայում մենք պետք է նկատենք մարգարեի հոգևոր պայծառատեսությունն Իսրայելի ապագա պատմության առնչությամբ՝ Երուսաղեմի կործանման ու հրեաների՝ աշխարհի տարբեր կողմերում ցրվելու մասին, մի ժամանակաշրջան, երբ նրանք, զրկվելով իրենց քաղաքական ու կրոնական գոյության իրավունքից, ոչ մի կերպ չէին նմանվում աստվածապետական այն հզոր պետությանը, որի թագավորը Տիրոջ Որդին էր: Այս վերջին մեկնաբանությունը, համաձայն խոսքի համատեքստի (18-րդ համարը խոսում է հինկտակարանյան տաճարի մասին), էլ ավելի նախընտրելի է (տեʹս նաև հաջորդող համատեքստը, Ես․ 64:10-11):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում:
(Արարատ թարգ․) Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։
(Գրաբար) եղեաք իբրեւ զառաջինն` յորժամ ոչն տիրէիր մեզ, եւ ոչ կոչեցեալ էր անուն քո ի վերայ մեր: