Եսայու մարգարեության մեկնություն 63:5

Ա. Լոպուխին

«Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, որ օժանդակող չկար, սակայն Ինձ օգնեց Իմ բազուկը, ու Իմ զայրույթն օգնական եղավ Ինձ»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, որ օժանդակող չկար․․․» - Սույն համարն իրենից ներկայացնում է նախորդ համարներից մեկի գրեթե բառացի կրկնությունը. «Եվ տեսավ (Տերը), որ մարդ չկար, ու զարմացավ, որ միջամտող չկար, և Նրան Իր բազուկն օգնեց, ու Նրա արդարությունն աջակցեց Նրան» (Ես. 59:16): Որպես հավելյալ մեկնաբանություն այս երկու համարների վերաբերյալ, կարելի է մեջբերել սույն համարներին զուգահեռ ևս մեկ համար, որը նույնպես պատկանում է նույն մարգարեին. «Ես (Տերը) նայում էի, ու ոչ ոք չկար, ու նրանց միջից մի խորհրդական չգտնվեց, որպեսզի Ես կարողանայի հարցնել նրանց, ու նրանք պատասխան տային» (Ես․ 41:28): Ի տարբերություն ներկայացված մյուս զուգահեռ հատվածների՝ մեր կողմից ուսումնասիրվող Ես․ 63։5-րդ համարի յուրահատկությունն այն է, որ այստեղ խոսվում է հեթանոս ժողովուրդների նկատմամբ Տիրոջ դատաստանի մասին, մինչդեռ նախորդ համարներում խոսվում էր Իսրայելի նկատմամբ տեղի ունենալիք դատաստանի մասին: Այս դատաստանի պահը, համաձայն վերոհիշյալ պատկերի արտահայտած իմաստի, մարդաբանական առումով նմանվում է Իր թշնամիների բազմության նկատմամբ Մեսիայի մղած մենամարտին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ: Իմ բազուկը փրկեց [ինձ], եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ:
(Արարատ թարգ․) Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։
(Գրաբար) Հայեցայ` եւ ոչ ոք էր որ աւգնէր. զմտաւ ածի` եւ ոչ ոք էր որ ի թիկունս հասանէր: Փրկեաց զնոսա բազուկ իմ. եւ սրտմտութիւն իմ միայն զդէմ կալաւ: