Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան:
Ոչ թե մի ոմն պատգամաբեր և ոչ էլ հրեշտակ, այլ Տերն Ինքը կփրկի մեզ։
Եվ դա երկու պատճառով է. նախ՝ որովհետև ոչ ոք չէր կարող նորոգել մեզ, բայց միայն Նա, Ով ստեղծել էր: Երկրորդ՝ որպեսզի դարձյալ դիվապաշտ ու մարդապաշտ չլինենք։ Ահա այս պատճառով մեր Տերն Ինքը, Որ արարել էր մեզ, Ինքն էլ փրկեց, և Նրան պաշտելու միջոցով հայտնվեցինք աստվածգիտության լույսի մեջ:
Ա. Լոպուխին
«Նրանց բոլոր նեղությունների ժամանակ Նա չի թողել նրանց, ու Նրա երեսի Հրեշտակը փրկել է նրանց, Իր սիրով և Իր բարեհոգությամբ Նա փրկագնեց նրանց, նրանց բարձրացրեց և կրեց վաղնջական բոլոր օրերում»: [9] (Սինոդական թարգ․)
«Ու Նրա երեսի Հրեշտակը փրկել է նրանց․․․» - «Երեսի Հրեշտակ»-ը Աստվածաշնչում հանդիպող եզակի արտահայտություն է, որն իրեն ոչ մի զուգահեռ չունի` համենայնդեպս արտաքին հնչերանգի իմաստով: Սակայն այն, իր ներքին բովանդակության տեսանկյունից, հավանաբար, հավասարազոր է Աստվածաշնչում հանդիպող այնպիսի եզրույթներին, ինչպիսիք են «Աստծո Հրեշտակ» կամ «Տիրոջ Հրեշտակ» արտահայտությունները (Ելք 14:19):
Հետաքրքրական կարող է լինել նաև ուսումնասիրվող արտահայտության համեմատությունը Ելից գրքի հետևյալ հատվածի հետ, որում առկա է եթե ոչ էական, ապա գոնե անձնական տարբերություն Իր՝ Տիրոջ, ու Նրա Հրեշտակի միջև. «Եվ քո առաջից (այսինքն՝ Մովսեսի ու հրեա ժողովրդի առջևից) կուղարկեմ [Իմ] հրեշտակին Հրեշտակին…Սակայն Ինքս չեմ գա ձեր հետ, որպեսզի ճանապարհին չկործանեմ ձեզ, քանի որ դուք խստապարանոց ժողովուրդ եք» (Ելք 33:2-3): Մեր կարծիքով՝ ամենից ճիշտը կարծելն է, որ Եսայի մարգարեն նույնպես այս պարագայում նկատի ունի հենց այն իրողությունը, որի մասին խոսում էր քիչ առաջ Ելից գրքից մեջբերված հատվածը: Ավելի վերևում Եսայի մարգարեն մատնանշեց այն հանգամանքը, որ Աստված հանդիսավորաբար Իսրայելին է ընտրում Սինա լեռան վրա (8-րդ համար), իսկ այժմ էլ, հաջորդականությունը չխախտելով, մարգարեն մատնանշում է Աստծո կողմից հրեաների շոշափելի առաջնորդությունն Արաբական անապատով՝ նրանց քառասնամյա ճանապարհորդության ընթացքում (Ելք 14:19-20, 33:9-10):
«Նրանց բարձրացրեց և կրեց․․․» - Սա ակնարկ է Աստվածաշնչյան այն հայտնի պատկերին, որում Իսրայելի հանդեպ Տիրոջ հուզական-նախախնամական վերաբերմունքը համեմատվում է արծվի՝ իր զավակների հետ ունեցած հարաբերության հետ: Այդ պատկերն առաջին անգամ հանդիպում է հենց Ելից գրքում (Ելք 19:4), իսկ հետագայում էլ ավելի մանրամասն կերպով նկարագրվում է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից (Մատթ. 23:37):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան:
(Արարատ թարգ․) Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։
(Գրաբար) յամենայն նեղութենէ նոցա: Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա. եւ վերացոյց եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: