Ա. Լոպուխին
1-2. Եվ եղավ այնպես, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Արամի Ռասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի գրավեն այն, սակայն չկարողացան նվաճել: [1] Եվ Դավթի տանը հաղորդվեց ու ասվեց. «Ասորիները տեղավորվել են Եփրեմի երկրում», և նրա ու նրա ժողովրդի սիրտը սկսեց դողալ այնպես, ինչպես որ քամուց դողում են անտառի ծառերը: (Սինոդական թարգ․)
1-9 համարներ: Աքազի՝ հրեաների արքայի թագավորության օրոք, Երուսաղեմին սկսեցին սպառնալ ասորական և իսրայելական թագավորների՝ միմյանց միջև կնքած դաշնակցական պայմանագրերը: Երուսաղեմում սկսեցին գործուն նախապատրաստություններ տեսնել ակնկալվող շրջափակման դեմ, քանի որ միացյալ զորքերի հարձակումը թագավորին և Երուսաղեմի բնակչությանը շատ վտանգավոր էր թվում: Այդ ժամանակ ոգևորող խոսքերով թագավորին է ներկայանում Եսայի մարգարեն և մատնացույց է անում թշնամի հրոսակների անկարողությունը՝ Հուդայի թագավորությանը որևէ լուրջ վնաս հասցնելու հարցում, ինչպես նաև ծանուցում է հակառակորդներին սպասվող մոտալուտ վախճանի մասին:
Դեռևս Հովաթամի վերջին օրերին Փակեեն՝ Իսրայելի արքան, և Ռասինը, Ասորիքի արքան, համատեղ թշնամական գործողություններ սկսեցին ընդդեմ Հուդայի թագավորության (Դ Թագ. 16:4): Աքազի թագավորության սկզբում (շուրջ 735թ.) այս երկու թագավորների կողմից Հուդայի թագավորությանը սպառնացող վտանգն ավելի մեծացավ, քանի որ ասորիներն ու իսրայելացիներն արդեն ուղղվել էին անմիջապես դեպի Երուսաղեմ: Նրանց նպատակն ամենայն հավանականությամբ այն էր, որ Հուդայի թագավորին ստիպեին միանալ այն կոալիցիային, որին Եգիպտոսի աջակցությամբ անդամակցել էին ասորիների տիրապետության տակ գտնվող փոքր պետությունները՝ ընդդեմ Ասորեստանի թագավորի, որն այդ ժամանակաշրջանում արդեն իսկ սպառնում էր իրեն ենթարկել ամբողջ Ասորիքը: Դաշնակիցները հավանաբար նաև ցանկանում էին իրենց հետ չհամագործակցած Աքազին գահընկեց անել Հուդայի գահից և նրա փոխարեն գահին բարձրացնլ ոմն Տաբելի որդիներից մեկին: Ամբողջ Դավթի տունն ահաբեկվեց հատկապես այն ժամանակ, երբ լուր ստացավ, որ ասորիները (որոնք հատել էին արևելյան Պաղեստինի սահմանը և արդեն իսկ պայմանագրեր էին կնքել եդովմացիների և հարավային այլ ժողովուրդների հետ, որոնք էլ իրենց հերթին արդեն իսկ զավթել էին Կարմիր ծովի Եվլաթ նավահանգիստը, Դ Թագ. 16:6) Միջերկրական ծովի ափամերձ հատվածով բարձրացել են դեպի հյուսիս՝ Իսրայելի թագավորության տարածք, և այդտեղ ճամբար են խփել՝ սպառնալով Երուսաղեմին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն:
(Արարատ թարգ․) Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Արամի Ռասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն բարձրացան Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան նրա դեմ պատերազմ մղել։
(Գրաբար) Եւ եղեւ յաւուրս Աքազու Յովաթամայ որդւոյ Ոզիայ` թագաւորին Հրէաստանի. ել Հռասիմ արքայ Արամայ, եւ Փակէէ որդի Հռովմելայ արքայի Իսրայէլի ի վերայ Երուսաղէմի, տալ ընդ նմա պատերազմ. եւ ոչ կարացին պաշարել զնա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: