Թվոց գրքի մեկնություն 16։1

Ա․ Լոպուխին

1-2. Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբեի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին: [1] Ըմբոստացան Մովսեսի դեմ և նրանց հետ միասին նաև Իսրայելի որդներից երկու հարյուր հիսուն այրեր՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ: (Սինոդական թարգ․)
   
   Քանանի երկրում [տեսածների մասին] հետախուզածների պատմածներից առաջացած վախը, ինքնագլուխ արգելված տարածք ներխուժման ձախողումը և նոր−նոր անցած անապատում սպասվող դեգերումները մարդկանց մեջ ոգու համընդհանուր անկում և, միևնույն ժամանակ, իրենց վիճակից ծայրահեղ դժգոհություն առաջացրին: Մովսեսի ազդեցությունը թուլացավ, ինչի հետևանքով էլ թուլացավ նաև կարգապահությունը: Ժողովրդի նման վիճակից օգտվելով՝ ղևտացի Կորխը Ռուբենի ցեղի անվանի այրերից՝ Դաթանի, Աբիրոնի և Օնանի հետ միասին համայնքի քաղաքական−կրոնական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով դավադիր համաձայնության եկան: Շուտով ըմբոստացողների կողմն անցան նաև շուրջ երկու հարյուր հիսուն «անվանի» մարդիկ: Այս ըմբոստությունը քողարկվում էր ամբողջ ժողովրդի սրբության վեհ գաղափարով: «Բավակն է ձեզ,− ասում էին ըմբոստացողները Մովսեսին ու Ահարոնին,− քանի որ ամբողջ ժողովուրդը և ամեն ոք սուրբ են, և Տերը նրանց մեջ է: Արդ, ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»: Ըմբոստության վտանգը ակնհայտ էր։ Սա ջրից կամ սննդից զրկված մարդկանց անցողիկ վրդովմունք չէր․ վրդովմունք, որը դադարում է առաջանալուն պես: Գրգռված ժողովդրի դատին էին ներկայացված նրա կրոնա−քաղաքական կյանքի կառուցման հիմնարար սկզբունքները… Ըմբոստացողների կողմից մտածված ձեռնարկի հաջողության դեպքում քայքայված հրեական համայնքին կարող էր լուրջ վտանգ սպառնալ: Հրեաների մի մասը կվերադառնար Եգիպտոս՝ եգիպտական մսի կաթսաների մոտ, մի մասը կկորչեր անապատում, իսկ մնացյալ հատվածը կմիաձուլվեր Քանանի բնիկ բնակիչների հետ:

   Այստեղից էլ հասկանալի է դառնում այն սարսափելի պատիժը, որը վրա հասավ շարժումը հրահրողներին, և որն էլ պետք է սթափեցներ նրանց հետևորդներին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Խօսեցին Ղեւիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբէնի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբէնի որդի Փաղէթի որդի Օնանը, եւ իրար հետ պայմանաւորուելով՝
(Արարատ թարգ․) Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Կորխ` որդի Սահառայ որդւոյ Կահաթու որդւոյ Ղեւեայ եւ Դադան եւ Աբիրովն որդիք Եղիաբայ որդւոյ Ռովբենի, եւ Աւնան որդի Փաղեթայ որդւոյ Ռովբենի,