ԿՈՐԱԾ ԷՐ, ԳՏՆՎԵՑ, ՄԵՌԱԾ ԷՐ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ

Հոկտեմբերի երկրորդ շաբաթն էր: Վանքն արդեն պատրաստ էր իր սննդով թե՛ պատերազմին և թե՛ ձմռանը: Չորս ավետարանիչների տոնի օրն էր, և Սուրբ Պատարագից հետո  ամբողջ  միաբանությունը  տոնական  խնջույքի  էր  հավաքվել  ճաշասրահում:  Սակայն  տոնը  ստվերապատված  էր պատերազմի  արհավիրքով:  Հյուրընկալ  սարկավագը  մոտեցավ վանահորը և շատերի կողմից լսելի ձայնով ասաց.

–        Աբբահա՛յր, Ամրդոլի վանքից մի հյուր ունենք: Ուզեցի անհապաղ  բարի  լուր  տալ:  Գիտեմ,  որ  լուրը  ձեզ  մի  փոքր ուրախություն կպատճառի այս տխուր օրերին:

–        Ո՞վ է,– ասաց Գրիգոր վարդապետը` իրապես դեմքը պայծառացած:

–        Անունն, ասաց, Մանուկ վարդապետ է:

–        Մանուկ  Վարդապե՞տ:  Ամրդոլում  մի  քանի  Մանուկ վարդապետ  կա:  Վարդանի  ամենասիրած  անուններից  մեկն էր, այդ անունով չորս-հինգ հոգու ձեռնադրեց:

–        Չգիտեմ, թե սա որ մեկն է: Ալեհեր է և հագուստները շատ հնացած: Այո, ուրիշ բան էլ հիշեցի: Ինձ անունս էլ հարցրեց: Երբ պատասխանեցի`  Արշակ,  ժպտալով  ասաց,  որ  ձեռնադրվելուց առաջ իր աշխարհիկ անունն էլ Արշակ էր:

–        Մանուկ  Վարդապե՞տ,  անհնա՜ր  է,–  միաբերան  գոռախցին ամրդոլցի վարդապետները:

Գրիգոր   վարդապետի   գդալը   մի   պահ   օդում   կախված մնաց:

–        Մանուկ  վարդապետ  ճգնասե՞ր:  Բայց  նա  տասնհինգ տարի առաջ լեռների վրա կորել էր:

Ծանրագլուխ վանահայրը վեր ցատկեց. աթոռն աղմուկով գետնին  ընկավ,  և  նա  վազելով  հեռացավ  ճաշարանից:  Վազում էր և անընդհատ կրկնում. «Մանուկ Վարդապե՜տ, Մանուկ Վարդապե՜տ»: Մյուս ամրդոլցիները ևս` հինգ վարդապետ ու չորս սարկավագ, դուրս խուժեցին՝ Գրիգորի ետևից շտապելով:  Հազվադեպ  երևույթ  էր.  վանահայրը  սրընթաց վազում էր` սքեմի քղանցքները վեր բռնած և վեղարը օդում ծածանվելով, իսկ տասը հոգի նրա ետևից էին վազում` կարծես  ջանալով  բռնել  նրան:  Նրանց  հանած  աղմուկը  գրավեց բոլորի ուշադրությունը: Հյուրասենյակների հարկն էին վազում  և  երկրորդ  հարկ  տանող  աստիճանները  երկու-երկու ցատկելով  էին  բարձրանում:  Աբրահամ  վարդապետի  սքեմի քղանցքն ընկավ ոտքի տակ, և նա վայր ընկավ:

Ուրիշներ,  նրան  զարնվելով,  իրար  վրա  ընկան  գետնին` ծիծաղելի  տեսարան  առաջացնելով:  Երկրորդ  հարկի  բոլոր սենյակների դռները բացվեցին, և մարդիկ դուրս ելան` աղմկալից այդ եռուզեռի պատճառն իմանալու: Դուռը բացվեց, և երկար մորուքով ու ցնցոտիներով մի ծերունազարդ մարդ դուրս  եկավ:  Անմիջապես  շրջապատեցին  նրան`  լայն  բացված աչքերով ոտքից գլուխ նրան զննելով: Նա՛ էր` Մանուկ վարդապետը:  Չհավատալով  իր  աչքերին`  Գրիգորը  երկչոտ շարժումներով դիպավ նրա թևին և երկմտությամբ շոշափեց:

–        Ի՞նչ է եղել, եղբայրնե՛ր, կարծես ուրվական եք տեսել:

–        Մանուկ  Վարդապե՛տ,  դո՛ւ  ես,–  շփոթվածների  երգչախումբն ուրախ ճիչ արձակեց և սիրալիր մեղեդու նման կրկնեց Մանուկ վարդապետի անունը:

Իրապես,  արժեր  տեսնել  նրանց  տենդոտ  գրկախառնվելն ու  անկեղծ  արցունքները  իրենց  նախկին  վարդապետին  վերագտնելիս և անցյալի ջերմ հուշերը վերապրելիս: Ճաշարանից դուրս ելած բոլոր միաբաններն ու ուխտավորները` երեք հարյուրից  ավելի  մարդ,  կամաց-կամաց  հավաքվեցին  հյուրահարկի առջև գտնվող հրապարակում: Գրիգոր վարդապետը,  Մանուկ  վարդապետին  թևանցուկ  արած,  պատշգամբի ճաղերին մոտեցրեց նրան ու հավաքվածներին բարձրաձայն դիմեց` ասելով.

–        Ահա մեր առասպելը` Ամրդոլի վերջին հերոսը, Վարդան վարդապետի  ճշմարիտ  ժառանգը:  Ահա  Մանուկ  վարդապետը՝ լեռների սպիտակ վարդը: Տասնհինգ տարի առաջ կորել էր և հիմա գտնվեց, մեռած էր և հարություն առավ:

Մեծ  աղմուկ  ու  ծափահարության  փոթորիկ  բարձրացավ  ներքևում:  Մանուկ  վարդապետը  ետ  գնաց`  դիմագիծը փոխելով:

–        Գրիգոր Վարդապե՛տ, լեզուդ բավական երկարել է:

Ներս մտան սենյակ: Հյուրը նստեց անկողնու վրա ոտնածալ, և բոլոր ամրդոլցիները նրա շուրջ հավաքվեցին` շատերը գետնին նստելով:

–        Այս  ի՞նչ  մեծ  անակնկալ  է,  հա՛յր  սուրբ:  Դու  մեզ  մոտ ուղարկվեցիր  որպես  Աստծո  մեծագույն  նվեր:  Ինչո՞վ  ենք քեզ պարտական այս թանկագին այցելությանդ համար:

–        Է՛հ,  ուխտ  արեցի  Սուրբ  Քաղաք`  Երուսաղեմ  գնալ  և, բնականաբար,  ճանապարհիս  վրա  հանդիպած  մեր  վանքերն եմ  այցելում:  Ինչպե՞ս  կարող  էի  շրջանցել  Մշո  Սուլթանը. դրա  համար  էլ  այստեղ  եմ,–  ժպտալով  ասաց  Մանուկ  վարդապետը: Երեսն իրեն հատուկ միամիտ տեսք ստացավ` ցուցադրելով բերանի բոլոր ատամները:

–        Մանուկ  վարդապետի  ատամների՛ն  նայեցեք,–  զարմացած գոռաց Աբրահամ վարդապետը: Բոլորն էլ շատ լավ էին հիշում,  որ  Մանուկի  գրեթե  բոլոր  ատամները  փչացած  էին. առջևի ատամները` ընկած, իսկ կողքինները` սևացած, կարծես  դա  նրա  դեմքի  մնայուն  հատկանիշը  լիներ  և  բոլորի մտքում  տպավորված  նրա  պատկերի  անբաժանելի  մի  մասը:  Սակայն  նրանց  առջև  ժպտում  էր  կատարյալ  ատամներով:  Բոլորը  զարմացած  էին  այս  հրաշքի  համազոր  տեսարանի  առջև:  Մանուկը,  անակնկալի  գալով,  մի  պահ  սառած ժպիտով մնաց՝ ձերբակալված գողի նման, ապա անմիջապես փակեց  բերանը`  հանցագործ  երեխայի  նման  շրթունքները պրկելով: Բոլորը, աչքերը հառած, նրանից պատասխան էին ակնկալում:

–        Կրակով է մկրտվել, կրակով է մկրտվել Մանուկ վարդապետը,– հուզմունքով աղաղակեց հայր Գևորգը, և մյուսներն էլ միացան նրան` երգչախումբ կազմելով.

–        Մանուկ վարդապետը կրակով է մկրտվել, Մանուկ վարդապետը կրակով է մկրտվել: Ի՜նչ սքանչելի է, Մանուկ վարդապետը կրակով է մկրտվել:

Գրիգորը  ձեռքով  լռեցրեց  բոլորին  և  հիացած  ձայնով հարցրեց Մանուկին.

–        Վարդապե՛տ, ասա՛ մեզ, խնդրում եմ: Ինչպե՞ս այս կատարյալ ատամներն ունեցար: Իրապես, կրակո՞վ մկրտվեցիր:

–        Էէէ՜,  թողե՛ք  այդ  շատախոսությունը:  Ստիպված  չեմ ամեն բան ձեզ պատմելու: Ինչ որ տեսնում եք, այդ է: Մանուկը  չէր  ուզում  այդ  պահին  մտնել  այդ  տեսակ  թեմաների  մեջ,  Գրիգորը  շատ  լավ  գիտեր,  որ  եթե  ստիպեին, անդենականից  եկած  այդ  հյուրին  կկորցնեին:  Հետևաբար նյութն  անմիջապես  փոխեց`  մեկընդմիշտ  վերջ  տալով  կրակով մկրտության թեմային:

–        Բարի՛  եկար,  սիրելի՛  վարդապետ,  որքան  ենք  փափագում, որ մեզ մոտ մի փոքր երկար մնաս: Երուսաղեմը միշտ իր տեղում է ու կարող է քեզ մի քիչ էլ սպասել: Մենք, սակայն,  պատերազմական  այս  օրերին  հացի  ու  ջրի  նման  քո օրհնության կարիքն ունենք: Շատ տխուր ենք, վարդապե՛տ, ամեն  վայրկյան  մեր  շուրջը  կարող  է  արյունահեղ  պատերազմ բռնկվել:

–        Պատերազմ չի լինի, այսինքն` անմիջապես այս օրերին, առնվազն մի քանի ամիս չի լինի:

Միաբաններն   ուշադիր   նայեցին   վարդապետի   երեսին: Ի՞նչ էր ասում. արդյոք մարգարեությո՞ւն էր անում:

–  Այս  տարի  ձմեռը  շուտ  պիտի  գա,  հետևաբար  առատ ձյունը նրանց կռվելու առիթ չի տա:

Այս լսելով` Գրիգորը նստած տեղից ելավ, ծնրադրեց Մանուկ վարդապետի առջև և ձեռքերը բռնելով` համբուրեց:

–        Մեզ  այսպիսի  խոսքեր  են  պետք,  վարդապե՛տ,  մարգարեական  խոսքի  մխիթարանք  է  պետք:  Վարդանի  մահից հետո  հետզհետե  որբացանք,  աղքատացանք,  փոքրացանք: Նույնիսկ   չկարողացանք   եղբայրասիրությունն   ապրեցնել մեր  մեջ,  դավաճանեցինք  Վարդանի  ժառանգին  ու  լքեցինք մեր օջախը՝ Ամրդոլը: Սակայն, ահա, քո միջոցով վերադարձան Վարդանն ու լեռների վսեմ երազանքը:

–        Ես մի քանի շաբաթ Ամրդոլում անցկացրի: Վանքը շատ էր զարգացել, աշակերտների թիվը` ավելացել, տպարան էին հիմնել  ու  տեսակ-տեսակ  գրքեր  էին  հրատարակում:  Եղիա վարդապետը, ով արդեն արքեպիսկոպոս է, սքանչելի վանահայր է դարձել, խորապես հոգևորական:

Երբ այս լսեցին, բոլորն էլ իրենց երեսի գույնը փոխեցին, ինչը Մանուկ վարդապետի աչքից չվրիպեց:

–        Ի՞նչ,  այսինքն`  Ամրդոլի  և  Եղիա  վարդապետի  մասին բարի լուրերը ձեզ ընդհանրաես չուրախացրի՞ն:

–        Եղիա վարդապետը մեզ շատ տխրեցրեց, հա՛յր սուրբ,– միջամտեց Աբրահամ վարդապետը:

–        Եթե  նրա  հնարքների  մասին  պատմենք,  դու  էլ  նրանից հեռու կմնաս: Վարդանի տեղը գրավելու համար բոլոր սատանայությունները փորձեց: Հիմա նրա պատճառով չենք կարողանում Վարդանի գերեզմանն այցելել:

–        Նա այլևս ձեզ հետ գժտված չէ, այլ իր ողջույնները ձեզ ուղարկեց:

–        Է՛հ, իր ցանկացածը ձեռք բերելուց հետո, իհարկե, սատանան  էլ  հրեշտակ  կդառնա,  գողը՝  օրինապաշտ,  և  ոճրագործը՝ խաղաղասեր,– քմծիծաղեց հայր Գևորգը:

–        Օձն իմաստության խորհրդանիշն է, որովհետև հաճախ իր  մաշկը  փոխում  է`  այն  ամբողջովին  նորոգելով:  Տեսնում եմ,  ահա,  որ  Եղիան  մի  քանի  անգամ  նորոգել  է  իր  մաշկը, իսկ  դուք  հին  մաշկով  ու  նրա  վրա  բացված  հին  վերքերով

եք դեռ շրջում: Մարդիկ փոխվում են և կարող են ամբողջությամբ  փոխվել:  Սա  է  Քրիստոսի  բարի  լուրը,  Սուրբ  Հոգու հեղաշրջող  շնորհը,  իր  անցյալի  դեմ  մարդու  տարած  ազատ կամքի հաղթանակը: Եթե չեք հավատում, որ ուրիշները կարող են փոխվել ու նոր մարդ դառնալ, այդ դեպքում դուք էլ եք զրկվում նորոգվելու շնորհից: Իմաստուն դերձակի նման վարվեք,  որ  ամեն  նոր  հագուստի  համար  վերստին  է  վերցնում իր հաճախորդի չափերը:

Մանուկ վարդապետը հայտնեց, որ հոգնած է և ուզում է մի քիչ հանգստանալ: Ընթրիքին Գրիգորն անձամբ եկավ ու վարդապետին  ճաշարան  տարավ:  Ճաշելու  ընթացքում  վանականները լռություն էին պահպանում, միևնույն ժամանակ որպես   վանական   ավանդություն`   Ավետարանի   ընթերցանություն էր կատարվում: Բոլոր միաբանները մի աչքի ծայրով  կառչել  էին  Մանուկ  վարդապետին:  Ճաշից  հազիվ  մի պատառ  էին  վերցնում  ու  փախուցիկ  հայացքներով  զննում նրան:  Ճաշի  ավարտին  վանահայրը  ձեռքով  նշան  արեց,  և միաբաններից  մեկը  ճաշարանի  դուռը  բացեց:  Ուրիշ  միաբաններ,  աշակերտներ  և  հյուր  ուխտավորներ  սկսեցին  հերթով  ճաշարան  մտնել:  Երեք-չորս  հարյուր  հոգի  սեղմվեցին սեղանների  արանքում,  երիտասարդները  նույնիսկ  պատուհանների գոգերի վրա էին բարձրացել:

–        Այս  բոլոր  մարդիկ  ինչո՞ւ  եկան,–   հարցրեց  Մանուկ վարդապետը Գրիգորին:

–        Ճաշելու և կշտանալու,– պատասխանեց աբբան:

–        Եթե այդպես է, մենք ելնենք, որպեսզի նրանց տեղ բացվի:

–        Դու  պիտի  կերակրես  նրանց,  հա՛յր  սուրբ,  այս  բոլոր մարդիկ քեզ մոտ են եկել՝ քեզանից հաց խնդրելու:

–        Ես նրանց չեմ հրավիրել և նրանց հանդեպ նման պարտականություն  չունեմ:  Այդ  քո  գործն  է,  աբբահա՛յր,–  Մանուկը  ոտքի  ելավ  ու  շտապ  քայլերով  հետևի  դռնով  դուրս ելավ:

Գրիգորը   ետևից   վազեց   ու   միջանցքում   կանգնեցրեց նրան` թևից բռնելով:

–        Դու  էլ  ես  ճիշտ  Վարդանի  նման  վարվում:  Ինչո՞ւ  եք այսքան  ժլատ  խոսելու  և  ձեր  հոգևոր  փորձառությունն  ու ժառանգությունը հավատացյալներին բաժանելու մեջ:

–        Նրանք ճշմարտությունը չեն փնտրում: Նրանց ուզածը նոր ու հետաքրքրական, հոգեցունց հեքիաթներ են:

–        Թող  այդպես  լինի:  Երեխաները  հեքիաթներով  են  մեծանում, այդպես չէ՞: Հեքիաթները ներշնչանքի աղբյուր են:

–        Նրանք ուզում են լսել, բայց չեն ուզում փոխվել: Չե՞ս հիշում, թե Աստված Եզեկիել մարգարեին ինչ հայտնեց նրա առջև հավաքված և Աստծո խոսքերը լսել ուզող ժողովրդի մասին. «Ահա, դու նրանց համար քաղցր երգի ես նման՝ գեղեցկաձայն ու հաճելի: Նրանք լսում են քո խոսքերը, բայց չեն կատարում»: Ես այս գիշեր չեմ ուզում երգիչ լինել:

–        Բայց  Եզեկիելը  չդադարեց  Աստծո  խոսքը  խոսելուց, այդպես  չէ՞:  Իսկ  դու  խախտում  ես  պողոսյան  սկզբունքը. «Նա, ով ուզում է հաց ուտել, պետք է աշխատի»: Դու մեր հացը կերար, ուրեմն պետք է այն վաստակես:

–        Շատ լավ, պատրաստ եմ ափսեները լվանալու:

–        Ո՛չ, դու վարդապետ ես, քո գործն ուսուցանելն է: Հիմա հնազանդվի՛ր վանահորը և ճաշարան վերադարձի՛ր ու այնտեղ աշխատի՛ր՝ ծառայելով Քրիստոսի հոտին:

Կես լուրջ-կես կատակ Գրիգորին հաջողվեց Մանուկ վարդապետին հետ դարձնել, որը գնաց ու կրկին նույն տեղը նստեց:

–        Խնդրեցեք, և պիտի տրվի ձեզ: Ձեր հարցերին եմ սպասում:

Մի պահ լռություն տիրեց: Ի վերջո, մեկը քաջություն ունեցավ խոսելու:

–        Լեռներում  ձեր  անցկացրած  կյանքի  մասին  մեզ  պատմեք: Ի՞նչ եք արել այնտեղ, ինչե՞ր են Ձեզ հետ պատահել:

–        Քարայրներում եմ ապրել և առ Աստված աղոթել:

–        Այսքա՞ն է տասնհինգ տարվա մասին Ձեր պատմելիքը,– նորից պնդեց հարց տվողը:

–        Եթե  ես  տասնհինգ  տարի  թագավորի  պալատի  խոհարարը  լինեի  և  երեք  ժամ  ձեզ  պատմեի  նրա  սեղանի  ճաշերի մասին,  ի՞նչ  օգուտ  պիտի  քաղեիք  դրանից:  Նույնիսկ  մեկ պատառ չոր հացի չափով ձեր փորը չէր կշտացնի:

–        Ես  ավելի  մասնագիտական  հարց  ունեմ,  հա՛յր  սուրբ,–այս անգամ հարցնողը տարեց վարդապետներից մեկն էր: –     Ո՞րն է լեռների գաղտնիքը մարդուն սրբացնելու մեջ, և ինչո՞ւ վանականն իր խցում չի կարող նույն արդյունքներին հասնել:

–        Եթե խուցը քարայրի վերածվի, խնդիր չկա, հնարավոր է նույն արդյունքներին հասնել: Սակայն քարայրն անպատրաստ և արկածախնդիր հոգիների համար կարող է դժոխքի դուռ  դառնալ:  Ամբողջ  հարցը  քարայրի  պատը  ծակելն  է` ոսկե հանքին հասնելու:

Վարդապետը մի պահ լուռ մնաց` բոլոր լավ վարդապետների նման առիթ տալով, որ հարցեր ծագեն իր ունկնդիրների մտքերում:

–        Եթե մեկը քարայրից ներս է մտնում և այլևս այնտեղից դուրս գալ չի ուզում, մինչև չհանդիպի Աստծուն, քարայրի պատը չի դիմանա նրա սիրո հարվածներին ու կբացվի նրաբառաջ:  Բոլոր  ժայռերը  վարագույրի  նման  մի  կողմ  կքաշվեն ու նորեկի համար ճանապարհ կբացեն` Կյանքի մեջ մտնելու:

–        Բայց քարայրն ինչպե՞ս կարող է դա անել:

–        Անանուն սուրբը բացատրել է Վարդանին, որ շատ հազվադեպ  է  լինում,  որ  մեկը  առանց  արգանդում  սաղմային որոշ շրջան անցկացնելու անմիջապես հասնի հոգևոր ծննդի հասունության:  Այս  առումով  քարայրն  ավելի  այդ  արգանդի խորհրդանիշն է, քան վայրը: Երանի թե կարողանաս այն գտնել վանքի քո խցում կամ նույնիսկ քաղաքում. այնպիսի մի  արգանդ,  որտեղ  հոգին  վերակազմվում  է  երկնքի  Արքայության համար:

–        Ի՞նչ է տեղի ունենում հոգու այս սպասման շրջանում:

–        Մարդը  շատ  է  սիրում  իր  զգայարանները,  որոնց  միջոցով նրա ամբողջ էությունն ուղղված է դեպի աշխարհ: Երբ մեկը  հոգնում  է  իր  հինգ  զգայարաններից  և  կամենում  է հոգու մեջ սուզվել, առանձնանալու և հոգևոր այլակերպությանն  առիթ  տալու  անհրաժեշտություն  է  զգում  այնպես, ինչպես  թրթուրն  է  իր  կոկոնի  մեջ  քաշվում:  Քրիստոնյաներն  ուզում  են,  որ  միևնույն  ժամանակ  թե՛  թրթուրի  պես մնան և աշխարհն «ուտեն», թե՛ թիթեռնիկ լինեն և դեպի երկինք ճախրեն: Նրանց բազմազբաղ կյանքը թույլ չի տալիս  կոկոն  դառնալ  և  այլափոխության  հրաշալի  արշալույսին  սպասել:  Մարդն  իր  բնության  մեջ  աստվածային  սերմ ունի, պարզապես պիտի հողի տակ սպասի, որպեսզի արևն իր  գործը  կատարի:  Եվ  այսպես,  երբ  մարդն  իր  երեսը  դեպի պատն է դարձնում հիվանդ Եզեկիա թագավորի նման և միայն Աստծո երեսն է փնտրում, այն ժամանակ կյանքի դռները նրա  առջև  ընդարձակ  բացվում  են,  և  անառակ  որդին  տուն է վերադառնում. Երկնավոր Հայրն ընդունում է նրան` բոլոր մեղքերը ներելով:

–        Մենք  էլ  վանքում  մեր  խցերն  ունենք,–  ասաց  վարդապետներից  մեկը,–  և  այնտեղ  երկար  ժամեր  աղոթում  ենք: Անշուշտ,  օգուտ  քաղում  ենք,  բայց  մեզ  հետ  քո  ասած  այդ հայտնությունն ու այլակերպությունը չեն պատահում:

–        Որովհետև  դուք  դեռ  զգայարանների  մեջ  մնալով  և նրանց միջոցով եք Աստծուն պաշտում: Աստված Հոգի է և փնտրում  է  հոգով  ու  ճշմարտությամբ  պաշտողների:  Դուք բավարար չափով չեք մնում պատի առջև՝ ձեր զգայարանների թագավորությունից մերկանալով: Հոգին, ըստ զգայարանների,  նման  է  «դատարկության»,  «քամու  նման  է,  չգիտես` որտեղից  է  գալիս  և  ուր  է  գնում»,  չգիտես  նաև  նրա  այցելության  պահը:  Պետք  է  սպասել  «դատարկության»  առաջ, մինչև  դատարկությունը  Նրա  գեղեցկությամբ  լցվի:  Դուք նման  եք  այն  մանուկներին,  ովքեր  մեծ  հաճույքով  ծառ  են բարձրանում`  միրգ  ուտելու,  իսկ  հետո  ուրիշ  խաղի  ետևից են   վազում:   Նրանք   ձանձրանում   են   այգեգործի   աշխատանքից,  աշնանն  ու  գարնանը  ծառերի  դատարկ  ճյուղերով զբաղվելուց:  Նրանք  սիրում  են  առանց  վաստակի  վայելել ուրիշի  աշխատանքը:  Լաց  են  լինում,  երբ  քաղց  են  զգում, և  նրանց  հաց  է  տրվում:  Նրանք  գաղափար  անգամ  չունեն, թե  հողագործն  ինչքան  է  զբաղվում,  չարչարվում  անմշակ հողով`  այն  հերկելով,  մշակելով  ու  ջրելով,  մինչև  դատարկ արտերը հնձով լցվեն: Բավական է, որ Նոյի մասին կարդաք, հաճույքով կլսեք ու կվայելեք նրա կյանքի պատմությունը և շատ հեշտությամբ կանտեսեք նրա երկարամյա վաստակը, որ անցավ փրկության նավը շինելով: Հիանում եք, որ Աստված այրվող  մորենու  միջից  Մովսեսի  հետ  խոսել  է,  բայց  ուշադրություն  չեք  դարձնում,  որ  հիսուն  տարի  Մովսեսը,  եգիպտացի  իշխանի  բոլոր  առավելություններից  զուրկ,  լեռների մերկության  մեջ  որպես  հովիվ  խոսել  է  Աստծո  հետ:  Միայն հիշում եք, որ Եղիա մարգարեն երկինք է բարձրացել` հրեղեն կառքերի  կողմից  հափշտակված,  բայց  չեք  անդրադառնում, որ  քանի՜  տարիներ  Կարմել  լեռան  քարայրներում  նա  ողջ- ողջ թաղված էր և խավարի մեջ երկնքի մասին էր երազում: Դուք սիրում եք իմանալ սուրբերի և մարգարեների կյանքի ու գործերի մասին և հիանում եք նրանց հրաշքներով, բայց ասեմ ձեզ, որ բոլորն էլ «դատարկության» վարպետներ էին. նման այն նավապետին, որ հրամայում է` մեռյալ ծովի վրա օրերով  բացված  պահվեն  նավի  բոլոր  առագաստները,  որպեսզի  երբ  դատարկությունը  շարժման  անցնի,  պատրաստ լինեն քամու կողմից քշվել-տարվելու: Աստված նախանձոտ է և միայն Իրեն սպասողներին է սիրում:

–        Ես  մի  անգամ  փորձեցի  մեկ  ձմեռ  լեռան  վրա  ապրել,– հոգնած  ձայնով  ասաց  Տիրան  վարդապետը՝  վանքի  ամենատարեց  միաբանը,  որ  արդեն  անկողնում  էր  օրերն  անցկացնում,  բայց  ելել-եկել  էր  ժողովին`  Մանուկ  վարդապետին լսելու:– Ոչ շատ հեռու՝ ամպաբլրի վրա, թափուր վանքի երկու  խուց  կեցության  համար  պատրաստեցի  ամբողջ  ամառ: Հետս  ոչ  մի  գիրք  չէի  վերցրել,  քանի  որ  ամբողջ  էությամբ միայն  աղոթքի  և  խորհրդածության  պիտի  տրվեի:  Սակայն ձանձրությունից  և  հողմի  ձայնից  գրեթե  խելագարվում  էի: Հազիվ  երկու  ամիս  դիմացա  և  ինքս  ինձ  ասացի.  «Հիսուս անգամ քառասուն օր միայն կարողացավ դիմանալ անապատում և հետո ետ դարձավ: Ես արդեն Իրենից ավելի երկար մնացի, այսքանը բավական է», և ձյան գալուց առաջ փախա ու վանք եկա:

Մեծ  ծիծաղ  առաջացավ  ճաշարանում:  Մանուկ  վարդապետն  էլ  ծիծաղեց  այդ  անկեղծ  խոստովանության  վրա`  կրկին փայլեցնելով իր կատարյալ ատամները:

–        Հիմա  հարցս  սա  է,  Մանո՛ւկ  վարդապետ:  Այս  փորձից հետո  լեռների  վրա  ճգնելու  ողջ  ախորժակս  անհետացավ: Սակայն ես միշտ տառապել եմ այն մտածումով, թե արդյոք սխալ եմ արել ետ դառնալով, իսկ եթե կարողանայի մի փոքր

էլ համբերելով` դիմանալ, այսօր հավանաբար սրբության ու կատարելության ավելի բարձր աստիճանների վրա կգտնվեի: Դու ի՞նչ կասես:

–        Դու  ճիշտ  ես  արել,  որ  վերադարձել  ես,  հա՛յր  սուրբ: Եթե   այնտեղ   մնայիր,   կարող   է   դժոխքի   աստիճաններից ներքև  գլորվեիր:  Ինչպես  հասկացա,  դու  առանձին,  առանց առաջնորդի ես փորձել իրագործել մենակեցությունը, ինչը շատ վտանգավոր է: Վարդան վարդապետն ինձ ու Միհրան վարդապետին (Աստված հոգին լուսավորի) երկու տարի վանքում  պատրաստեց  և  լեռների  վրա  որոշ  շրջան  անձամբ կրթեց:

–        Ա՜հ, այդ ի՜նչ լավ է: Կարո՞ղ ես մեզ պատմել, թե Վարդան վարդապետն ինչպես ձեզ պատրաստեց,– հարցրեց երիտասարդ   մի   սարկավագ`   ձեռքերը   խանդավառված   իրար շփելով:

–        Սա  ևս  իզուր  հարց  է,  որի  պատասխանը  պարզապես բերանս  պիտի  հոգնեցնի:  Եթե  կա  մեկը,  որ  վաղն  ուզում  է լեռները  գնալ  ճգնելու,  թող  առանձին  ինձ  մոտենա  խոսելու: Հաճախ մարդիկ, առանց մտնելու պատշաճ հոգևոր մթնոլորտի  մեջ,  փափագում  են  հատուկ  հոգևոր  ապրումներ ունենալ  և  կատարելության  հասնել:  Միայն  ջրում  կարելի է լողալ, իսկ եթե ցամաքի վրա ես, միայն երևակայությանդ շնորհիվ  կարող  ես  այդ  անել:  Շատ  քրիստոնյաներ,  իրենց

փափուկ  անկողնում  պառկած,  երևակայում  են,  որ  լեռներում  ճգնող  մենակյաց  են,  բայց  մեկ  րոպեից  նրանց  քունը տանում  է,  և  նրանք  սկսում  են  տարբեր  աշխարհիկ  երազներ տեսնել: Շատ ճգնավորներ ու վանականներ երևակայում են, որ փրկում են աշխարհը. այն դեպքում, երբ տարիներով մարդու երես չեն տեսնում: Հավատացյալը պետք է մարմնով ներկա  գտնվի  իր  փափագած  հոգեվիճակի  մեջ,  որովհետև միտքը հեղհեղուկ է և անկայուն, ուստի միտքը որևէ գաղափարի համար միայն մարմնով է խարսխվում: Սուրբ Անտոն Անապատականն իրենից խրատ հարցնող վանականին ասում է.  «Փակվի՛ր  խցիդ  մեջ  և  մի՛  հեռացիր  այնտեղից,  խուցդ քեզ ամեն ինչ կսովորեցնի»: Եթե ուզում ես մենակյաց լինել, մի քարայր գտիր ու պատրաստ եղիր այնտեղ մեռնելու, ինչպես քո գերեզմանում:

–        Ինչո՞ւ  այստեղ  ամեն  մարդ  մխրճվել  է  մի  կետի`  լեռ ելնելու   կամ   չելնելու   մեջ,–   սրդողած   ձայնով   միջամտեց աշխարհական   մի   ուխտավոր :–   Աշխարհում   միլիոնավոր քրիստոնյաներ  կան,  որոնց  համար  երբեք  այդպիսի  խնդիր գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Մենք, որ երբեք լեռ չենք  ելնելու  և  քարայրի  մեջ  էլ  չենք  թաղվելու,  լեռներից մեզ համար ի՞նչ օգտակար բաներ եք բերել, վարդապե՛տ:

–        Կեցցե՛ք,  պարո՛ն,  ամենալավ  հարցը  դուք  տվեցիք,  և ես  հաճույքով  կպատասխանեմ:  Վարդանը  երբեք  չուզեց, որ  իր  բոլոր  աշակերտներն  իրեն  հետևեն,  այլ  օգնեց  միայն նրանց, որոնց ի վերուստ տրված էր լեռների զավակ դառնալը: Անանուն սուրբը բոլոր հավատացյալների հետ կապված շատ  էական  սկզբունք  էր  նրան  հայտնել.  «Այն  մարդը,  ով ուզում է հոգևոր կյանք վարել, նախևառաջ պետք է հստակեցնի  իր  միջավայրն  ու  նրա  սահմանները,  որի  մեջ  կատարելության  պետք  է  ձգտի:  Առանց  անապատի  հնարավոր  չէ անապատական կյանք վարել, առանց քարայրի մեջ ապրելու մեկը չի կարող խոտաճարակ մենակյաց լինել: Առանց վանքում  տարիներ  անցկացնելու  վանական  կյանք  գոյություն չի կարող ունենալ: Իսկ Քրիստոսի Ավետարանը չի քարոզվում լեռների գազաններին, այլ քաղաքներում և գյուղերում ապրողներին: Երեխան կարող է ապրել որպես քրիստոնյա իր խաղի մեջ` չստելով, որպեսզի Քրիստոս չտխրի, վաճառականը՝ չխաբելով, որպեսզի արդար Հայրն Իր ունքերը չկիտի:

–        Այո՛,  լեռների  վրա  իմ  փորձառությունից  զտված  հզոր մի   պատգամ   ունեմ   տալու   միլիոնավոր   քրիստոնյաների. մարդու  ճակատագիրը  գծվում  է  իր  հիշողության  և  ուշադրության կողմից: Աստծով լեցուն հիշողություն և միշտ այդ հիշողությանը  կառչած  ուշադրություն  ապահովեք:  Ես  դա սովորեցի  վանքի  խցերում  և  լեռների  քարայրներում:  Բայց դուք այն պիտի սովորեք քաղաքների ոստայնների մեջ ծուղակավորված:  Հազար  ու  մեկ  գողեր  պիտի  ջանան  հափշտակել ձեր հիշողությունը և ուշադրությունը: Այնպես կկողոպտվեք, որ ձեզանից շատերը Աստծուն կհիշեն միայն այն ժամանակ,  երբ  հիվանդանան,  աղքատանան  կամ  մահամերձ լինեն:  Եկեղեցու  զանգակներն  ինչի՞  համար  են  ղողանջում. որպեսզի շուկայում կորած հավատացյալի հիշողությունը և ուշադրությունը  ետ  բերեն:  Տոներն  ինչո՞ւ  են  ամեն  տարի կրկնվում. որովհետև բոլորն էլ աստվածային հիշողությունը զորացնելու մարզանքներ են:

Հետո  լեռներն  ինձ  հավատարիմ  բարեկամի  հետ  ծանոթացրին.  դա  ցավն  է:  Առանց  փշե  պսակի  հարության  լուսե պսակ գոյություն չունի, և միայն արցունքների անձրևից հետո  կարելի  է  յոթնագույն  ծիածանը  տեսնել:  Ես  հասկացա, որ  բոլոր  թանկագին  բաները  ցավով  են  ցանկապատված,  և միայն ցավից չվախեցողներն են այնտեղ մուտք գործում:

Մանուկ վարդապետը մի պահ լռեց. ուրիշ հարցի էր սպասում: Մեկը նորից հարցրեց.

–        Այս բազմության մեջ Եկեղեցու բոլոր խավերից մարդիկ կան`  վանականներ,  քարոզիչներ,  քահանաներ,  հավատացյալ  ժողովուրդ:  Ինչպե՞ս  ես  մեր  կոչումը  գնահատում,  երբ մեզ դիտում ես լեռների բարձունքից:

–        Ուզում  ես  վանակա՞ն  լինել,  սիրի՛ր  վանքիդ  պատերը, երկար  ժամերգությունները,  փոշոտ  մագաղաթները,  լռությունն ու առանձնությունը և սովորի՛ր հաշտ ապրել կիսակատար  եղբայրներիդ  հետ:  Տարիներ  հետո  այս  բոլորը  քեզ իրենց  խորը  գաղտնիքները  կհանձնեն,  և  դու  կհասկանաս, որ  վանքը  մեռնելուց  առաջ  քո  մտած  քավարանն  է,  որտեղ սիրտը,  կրակների  միջով  անցնելով,  սովորում  է  Աստծուն համբուրել: Բայց շուտով վանականն իրազեկ է դառնում, որ իր շուրթերն աղտոտ են, իսկ թևերը` պիղծ, Սիրելիին մոտենալու  և  Նրան  ողջագուրվելու  համար:  Եվ  վանականը մեղքերի հանդեպ իր գիտակցությամբ  Սուրբ  Նարեկի նման տառապում  է  և  հազար  ու  մեկ  ձևեր  փնտրում,  որպեսզի

 

մեկ  աստիճան  ավելի  մոտենա  Սիրելիին:  Վանքը  նպատակ չէ,  նույնիսկ  եթե  ամբողջ  մի  կյանք  տրամադրես  դրան  ուբայնտեղ  թաղվես:  Վանքը  մեր  ճամփորդության  վրա  դեպի երկինք ուղղված սոսկ կայարան է:

–        Ուզում   ես   քարոզի՞չ   լինել.   խոսքերի   անտառի   մեջ վրանդ պատրաստի՛ր ու մի՛ դադարիր տարբեր ժամերի քարոզելուց ամեն տեսակ մարդու և ամեն կացության մեջ: Քո ամբողջ  էությունը  տրամադրի՛ր  ուրիշին  պատմելու  և  լուսաբանելու  և  ճամփաներ  փնտրի՛ր,  առակներ  զարգացրո՛ւ` առավել  պարզաբանելու  համար  երկնքի  արքայության  ուսուցումները:  Տարիների  ընթացքում  քո  քարոզները  կմաքրեն  քեզ,  և  քո  խոսքերով  կիմաստնանաս,  կսրբանաս:  Ասելով  դու  ավելի  կհավատաս,  կրկնելով  ճշմարտությունները հոգուդ մեջ գամի նման կհաստատվեն, որ զարկվելով ավելի խորն են մխրճվում: Ամեն օր քո քարոզները քո դատավորը կլինեն:  Քարոզներիդ  մեծագույն  հրաշքը  դո՛ւ  կլինես.  դու` ո՛վ  մեղավոր,  դու`  ո՛վ  կեղծավոր,  երբ  սկսես  ինքդ  քեզ  հավատալ:

–        Եթե ուզում ես քահանա լինել, միշտ պետք է ոչխարներիդ հետ քայլես, և նրանք քեզ կսովորեցնեն ինչպես հովիվ դառնալ: Սրբության բոլոր երանգները կարող ես քո համայնքում  ապրել`  Սուրբ  Խորանի  վրա  և  կեղտոտ  փողոցներում ամբողջ կյանքդ անցկացնելով: Ո՛չ ճգնավորը, ո՛չ էլ վանականը քեզանից լավ չգիտեն մեղքերի և վերքերի օվկիանոսը, որի մեջ միլիոնավոր մարդիկ են խեղդվում: Հաճախ ես տեսնելու  անճարակությունդ,  երբ  հազարավոր  խեղդվողներից միայն մի քանի հոգու կարողանաս փրկարար ձեռքդ երկարել: Քո անճարակությունից հոգուդ լավագույն աղոթքներն են  պոռթկալու,  և  սովորելու  ես  Մեծ  Հովվի  ձեռքը  բռնել: Նաև զորության մասին պողոսյան չափանիշն ես սովորելու, թե. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»:

Պարզ  հավատացյա՞լ  ես.  դու  ամենաբախտավորն  ես:  Ոչ մեկի կյանքը քոնի չափ հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ  հավաքել  անդնդի  չքնաղ  ծաղիկները,  որ  դու  կարող  ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի  մի՛  քայլիր:  Քայլի՛ր  եկեղեցու  հետ,  որովհետև  դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը՝ անթիվ, անհամար:  Դու  բախտավոր  ես,  որովհետև  Քրիստոս  արցունքներով քեզ է փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս: Սուրբ Հոգու շնորհները Եկեղեցու ծորակներից լիառատորեն քեզ համար են հեղվում: Վերևում հիշված բոլոր  մարդիկ  քեզ  համար  են,  սիրելի՛  հիվանդ  եղբայր,  այս աշխարհի անտառներում կորած, խաբված, ցեխերի մեջ տապալված  ու  ցեխոտված,  բայց  միշտ  ադամանդ  եղբայր.  դու` ոսկի, դու` անգին, թանկագին եղբայր:

Մանուկը լռեց. այս անգամ, սակայն, ոտքի ելավ գնալու: Երբ ետևի դռնից ելնում էր, դարձավ դեպի Գրիգորը, ուսին թփփթփացնելով` հարցրեց.

–        Էէէ՜, աբբահա՛յր, կարողացա՞ քեզ գոհացնել: Արդյո՞ք արժանացա այսօրվա կերակուրին: Աշխատանքս քեզ բավարարե՞ց:

–        Առավել քան, հա՛յր սուրբ, առավել քան բավարարեց:

 

Հաջորդ գլուխը՝

ԵՐԿՈՒՆՔԻ ՑԱՎԵՐ