Ա․ Լոպուխին
4-5․ Ահա, ամբարտավան հոգին չի հանգստանա, իսկ արդարը իր հավատով կապրի: [4] Ամբարտավան մարդը, ինչպես թթված գինին, չի հանգստանում, ուստի իր հոգին ընդարձակում է դժողքի պես, և մահվան պես անհագ է, և դեպի իրեն է հավաքում բոլոր ազգերին, բռնությամբ տիրում բոլոր ժողովուրդներին: (Սինոդական թարգ․)
Աստվածային պատասխանի 4−րդ համարում երկու հակառակ, բայց փոխադարձաբար միմյանց բացատրող թեզերով պատկերվում է աստվածային դատաստանը, ինչպես Աստծո ժողովրդին կեղեքող մարդկանց, այնպես էլ այս վերջինիս մասին․ առաջինի համար դատապարտություն է կանխատեսվում, իսկ երկրորդի համար՝ արդարացում, կյանք ու փրկություն: Բռնավոր ժողովրդի մեղքը արտահայտվում է «ուպելա՝ уппела» և «յայշերա՝ йашэра» բայերով: Առաջին բայը (որին համապատասխանում է «օֆել՝ офел»՝ ուռուցք, պալար գոյականը) նշանակում է ուռչել, փքվել և իրենով արտահայտում է քաղդեացիների, որպես նվաճող ազգի, բնավորության հիմնական հատկանիշները՝ ամբարտավանությունը, Աստծո հանդուգն մոռացությամբ ինքնաաստվածացումը (Թվ. 14:44, Բ Օր. 1:43 համարները, որտեղ նույն «աֆալ՝ афал» բայը օգտագործվում է նկարագրելու համար հրեաների քառասուն տարի դեգերումների դատապարտումից հետո Աստծուն հակառակվելու և Քանանը գրավելու համարձակ փորձը): Երկրորդ բայը նույնպես ցույց է տալիս այս ժողովրդի բնության մեջ բարոյական անկեղծության, պարզամտության և հեզության բացակայությունը (այստեղ «յաշար՝ йашар» բայը նյութական իմաստով նշանակում է ճանապարհների հարթեցում, լեռների, ժայռերի և բլուրների ցածրացում (Ելք. 40:3, 4), իսկ բարոյական իմաստով՝ կյանքի ուղիների ճշմարիտ լինելը, խոնարհությունը և սրտով արդար լինելը (Սաղմ․ 31:11, 36:14, 130:2): Ասպիսով՝ երկու բայերով էլ զավթիչ ժողովրդի բնավորության մասին մարգարեի բողոքի ճշմարտացիության Աստվածային հաստատումն է տրվում (Ամբ․ 1:15, 16), մարգարեի կողմից վերջինիս մասին ասված մտքերի հետ համաձայնությունն է արտահայտվում, և նրանց հետ համեմատած Աստծո ժողովրդի բարոյական արժանիքների գերազանցությունն է ցուցադրվում (Ամբ․ 1:13): Արդեն 4−րդ համարի առաջին մասից կարել է եզրակացնել սրբապիղծ ժողովրդին՝ քաղդեացիներին սպասվող Աստծո պատժի մասին:
Սակայն այս միտքը ավելի հստակորեն երևում է 4−րդ համարի երկրորդ մասում՝ «իսկ արդարը իր հավատով կապրի» (եբրայերեն՝ «վեցադիկ բեեմունատավ հիյխէ՝ вецаддик беемунатав йихьэ»): Այստեղ Աստված Աստծո ընտրալ ժողովրդին «արդար» անունով է կոչում, ինչպես ավելի վաղ նրան անվանել էր մարգարեն (Ամբ․ 1:13), նմանապես և նրան սպասվող երջանիկ, երանելի ապագայի մասին համառոտ, բայց ամբողջական կերպով խոսում է «կյանք» անվամբ՝ ի հակադրություն ժողովրդին սպառնացող մահվան վտանգի մասին մարգարեի խոսքերի (Ամբ․ 1:12): «Կյանք» բառի ներքո, իհարկե նկատի է առնվում այն բարձր ընկալումը և իմաստը, որը, ընդհանուր առմամբ, բնորոշ է Մովսեսի օրենքին (Բ Օր. 30:15–19) և մարգարեներին (Եզ. 18:22, Ամբ. 5:4): Նմանատիպ կյանքը կշնորհվի «беемунато՝ բեյեմունատո»−ի (բարեպաշտ) հավատի միջոցով: Այս պարագայում վերջին «էմունա՝ эмуна» (լեզվաբանորեն՝ «էմունա՝ эмуна» բառը նշանակում է Աստծո խոստման ու խոսքի հանդեպ վստահություն և կայունություն, իրականության ցանկացած հակասությամբ չխորտակվող հավատ անտեսանելիի հանդեպ (հունարեն՝ «upostasin» Եբր. 11:1, լատիներեն՝ «constantia, fiducia») անվան «հենց Աստծո և Նրա փրկության» հանդեպ հույս և հավատ (այլ ոչ թե մարդկային ազնվություն ու արդարություն, ինչպես բացատրել են ռացիոնալիստական ուղղությունը ներկայացնող որոշ մեկնաբաններ) նշանակելը ակնհայտ է դառնում ոչ միայն տվյալ հատվածի (3, 4 համարներ) համատեքստից, որտեղ խոսվում է միայն մարդու և Աստծո փոխհարաբերության մասին, այլ նաև ուրիշ հինկտակարանյան տեղիներից, որտեղ հենց նույն այս («էմունա՝ эмуна») բառը, ինչպես նաև իր նույն արմատն ունեցող բայը (մասնավորապես «հեմին՝ хеэмин՝ հասկանալ» ձևով) տեխնիկական իմաստով նշանակում են հավատք առ Աստված (Ծննդ. 15:6, Ելք․ 14:31, 19:9, Թվ. 14:11, 20:12, Բ Օր․ 1:32, 9:23, Դ Թագ․ 17:14, Բ Մնաց. 20:20, Սաղմ. 77:23, Հով. 3:5, Ես. 13:10 և այլն)։ Ընդ որում՝ սովորաբար կյանքի երջանկությունը և փրկությունը կախվածության մեջ էին դրվում հավատից (Բ Մնաց. 20:20, Ես. 28:16 և այլն): Դիտարկվող տեղին այսպես է մեկնաբանել նաև հին եբրայական ավանդությունը, ինչպես ցույց են տալիս դրա Թալմուդում և որոշ րաբբիների աշխատություններում պահպանված հետքերը (Բաբելոնյան Թալմուդ` Gemara, tractatus Makkot, f. 24 a): Սա կարևոր է այնքանով, որ այս ընկալումը հինկտակարանյան Եկեղեցուց փոխանցվել է նաև նորկտակարանյանին և հաստատվել է սուրբ Պողոս առաքյալի եռակի վկայություններով․ Հռոմ. 1:17, Գաղ. 3:11, Եբր. 10:38: Ընդ որում՝ վերջին դեպքում քարոզիչը մարգարեության 4−րդ համարը մեջբերում է ըստ Յոթանասնիցի թարգմանության, ինչպես նաև համարի երկու հատվածները դնում է մեկը մյուսի տեղում: Յոթանասնից թարգմանության կողմից 4−րդ համարի փոխանցումը տարբերվում է նրանով, որ
1․ համարի առաջին կեսում խոսվում է ոչ թե թշնամու ամբարտավանության, այլ կասկածի, տատանման, հավատի պակասի մասին (հրեաների մոտ ևս),
2․ իսկ երկրորդ հատվածում այն ունի «Իմ հավատքով» (այլ ոչ թե «իր հավատքով») ձևը, թեպետ շատ ձեռագրեր այդ «mou»−ին չեն ընթերցում (Գոլմեսի մոտ եղած հետևյալ ձեռագրերը՝ 26, 36, 42, 49, 62, 68, 70, 86, 87, 91, 97, 228, 240, 310, 311):
Առաջին առանձնահատկությունը առկա է Վուլգաթայում, ինչպես նաև սլավոներեն թարգմանության մեջ: («Նույնիսկ եթե կասկածեմ, իմ հոգին չի ուրախանա դրանով․ արդարը հավատքով էլ կապրի»):
4−րդ համարով, որտեղ նկարագրվում է Իսրայելի առջև դրված սխրանքի էությունը, ավարտվում է Ամբակումին տրված Աստծու պատասխանը։ Այժմ, ինչպես նախկինում (Ամբ․ 1:12), մարգարեն ավելացնում է 5−20−րդ համարներում իրեն շնորհված մարգարեական հայտնությունները և դրանց վերաբերյալ իր լայն խորհրդածությունները։ Դրանք Աստծո Հոգու կողմից լուսավորելու պահին մարգարեի ունեցած խորհրդածություններն են, հետևաբար դրանք ևս ճշմարիտ մարգարեություններ են: Քաղդեացիներին սպասվող սարսափելի ճակատագրի մասին իր մտքերին ավելի մեծ արտահայտչություն հաղորդելու համար, 6−րդ համարից սկսած, մարգարեն քաղդեացիների հանդեպ դառնությամբ և հեգնանքով լցված իր խոսքը դնում է նրանց կողմից թալանված և նվաստացված ժողովրդների և ցեղերի շուրթերին: Նրանց անունից քաղդեացիներին սպասվող հնգապատիկ «վշտի կամ վայի» մասին է հայտարարում: Սակայն քաղդեացիներին սպասվող այս սարսափելի կանխատեսումների մասին թեման բացվում է 5−րդ համարում: Այստեղ քաղդեացիների մահացու գոռոզությունն ու մեծամտությունը բացատրվում են՝ հարբեցողության հետ համեմատությամբ, քանի որ երկուսի իմաստներն էլ հարազատ են միմյանց։ Բացի այդ՝ քաղդեացիները, համաձայն պատմական վկայությունների, շատ են անձնատուր եղել գինուն, իսկ նրանց երկրի մայրաքաղաքի կործանումն էլ տեղի է ունեցել հենց նրանց հարբած ժամանակ (Երեմ. 51:31, 39, Ես. 21:5, Դան․ 6:1 և այլն): «Ինչպես գինին է հարբածի վրա ազդում այնպես, որ երբ նա ցանկանում է վեր կենալ, ո՛չ ոտքերը, ո՛չ գլուխը և ո՛չ էլ մտքերը իրենց պարտականությունները չեն կատարում, մտքի արագությունն էլ դանդաղում է, այդպես էլ գոռոզամիտ մարդը երբեք չի փառաբանվում և իր սկսած գործը ավարտին չի հասցնում: Նա, ով նման է մահվան ու դժոխքի, անոթի կմնա և չի տեսնի իր ագահության վերջը, անգամ այն ժամ, երբ իրեն ենթարկած կլինի բոլոր ազգերին ու ժողովրդներին (Հերոնիմոս, Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր… Կիև, 1898, էջ 161): Այդ նույն անհագության պատկերը Ելք․ 5:14, Առ. 20:20 և 30:16 համարներում: Քաղդեացիների համար «վիշտ կամ վայ» կանխատեսող մեղադրական խոսքը բաղկացած է 5 բանաստեղծական տներից, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք համար 1) 6–8, 2) 9–11, 3) 12–14, 4) 15–17 և 5) 18–20: Ընդ որում՝ առաջին չորս տներում յուրաքանչյուր առաջին համարն իր մեջ «վայի» կամ անեծքի խոսք է պարունակում, իսկ երկրորդը («վայ»−ը որպես պատկեր կամ ձև, իսկ երրորդը եբրայերենում միշտ սկսում է «կի» շաղկապով) դրա հիմքերի, պատժի կամ վշտի շարժառիթների մատնանշումն է: Միայն 5−րդ տան մեջ է «վայ» բառին (համար 19) նախորդում դրա հիմքերի մատնանշումը (տե՛ս համար 18): Ամբողջ խոսքը, ինչպես արդեն ասվեց, դրված է քաղդեացիների կողմից մի ժամանակ նվաճված ու ճնշված ժողովրդների ու ազգերի շուրթերին, որոնք այժմ ուրախանում էին իրենց կեղեքող թշնամու անկումով (Նավե. 3:19), իր բնույթով ու բովանդակությամբ կոչվում է «առակ», ինչպես «մաշալ՝ машаль»−ը հատուկ իմաստ ունեցող «ծաղրական երգ»−ում (տե՛ս համար 6, ինչպես նաև Ես․. 14:4, Միք. 2:4), և «մելիցա հիդօկ՝ мелица хидот»−ը՝ «սրամիտ, խայթող հանելուկներ»−ում (Առակ. 1:6): Քաղդեացիներին ու Բաբելոնին սերտորեն առնչվող այս երգը կամ խոսքը բովանդակում է կրոնաբարոյական ընդհանուր և ունիվերսալ իմաստ: Այս մասին վկայում է նաև խոսքի վերջին բացականչությունը․ «Եվ լռում է ողջ աշխարհը Տեր Աստծո առաջ» (համար 20։2):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»:
(Արարատ թարգ․) Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։
(Գրաբար) եւ եթէ երկմտեսցէ ոք՝ ոչ հաճեսցի ընդ նա անձն իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: