Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Իմ ուխտը, որ կապեցի ձեզ հետ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և Իմ Հոգին բնակվում է ձեր մեջ. մի՛ վախեցեք»։ (Սինոդական թարգ․)[5]
Իր քերականական կառուցվածքի պատճառով ճշգրիտ մեկնության համար դժվարին այս 5-րդ համարը, այնուամենայնիվ, իր մեջ միանգամայն որոշակի միտք է բովանդակում Աստծու բարեհաճության և փրկության անքակտելի գրավական համարվող խոստումների մասին: Դրանք հինկտակարանյան փրկության պատմության բոլոր ժամանակներում աստվածաշնչյան Իսրայելի համար կապված են եղել Սինայում կնքված Ուխտի գաղափարի հետ (Ելք 19:5 և հաջ., Բ Օր. 5:1 և հաջ.), ինչի մասին հստակ մատնանշվում է նաև սույն քննարկվող համարում:
Երանելի Թեոդորիտոսը տվյալ հատվածը վերաշարադրում է հետևյալ կերպ. «Մի կողմ թողնելով ամեն ծուլություն և վախ՝ ընդունե՛ք ձեզ տրվող զորությունը` հավատալով, որ Ես, տալով Օրենքը, միշտ ձեզ հետ եմ, և ձեր մասին հոգ է տանում Ամենասուրբ Հոգու շնորհը» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 62): Հինկտակարանյան համատեքստում վերջին միտքը (Ամենասուրբ Հոգու շնորհի մասին) պետք է հասկանալ ավելի ընդհանուր իմաստով՝ որպես Աստծու զորություն, որով իրականացվում են Աստծու ժողովրդին և ամբողջ մարդկությանը տրված Իր փրկարար խոստումները: Գիտակցելով Աստծու հետ ուխտի հարաբերությունների անխախտելիությունը և զգալով Աստծու Հոգու կենդանի ներկայությունն իրենց մեջ՝ հրեաները, ըստ մարգարեի, չպետք է խռովվեն կամ հուսահատվեն, թեկուզ տվյալ պահի արտաքին հանգամանքները չհամապատասխանեն իրենց նվիրական ցանկություններին ու բուռն սպասումներին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իսկ արդ, զօրացի՛ր դու, Զորոբաբէ՛լ, - ասում է Տէրը, - զօրացի՛ր, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսո՛ւ, եւ թող զօրանայ այդ երկրի ամբողջ ժողովուրդը, - ասաց Տէրը. - գործի՛ անցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․2:4) «Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ արդ, զաւրացիր դու, Զորաբաբէլ, ասէ Տէր, եւ զաւրացիր, Յեսու Յովսեդեկեայ քահանայ մեծ, եւ զաւրասցի ամենայն ժողովուրդ երկրիդ ասէ Տէր, եւ գործեցէք զի ես ընդ ձեզ եմ, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: