Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 14:5

Մաղաքիա արք. Օրմանյան

5-7. Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով: Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:
   
    Կտակի քարոզներում մի քանի ընդմիջումներ կամ, այլ խոսքով ասած, առաքյալների կողմից միջանկյալ հարցումներ, որոնք եթե ըստ էության մեծ կարևորություն պարունակող կետեր էլ չլինեն, ցույց էին տալիս, թե ինչ հետաքրքրությամբ և ինչ մտադրությամբ էին հետևում առաքյալները Հիսուսի խոսքերին։
    Ընդմիջողների մեջ առաջին հիշվածը Թովմասն է, Դիդիմա կամ Երկվորյակ մականունով, որն իբրև թերահավատ և սակահվահավատ է նշվում հարությունից հետո հայտնված երկբայության համար (Հովհ․ 20:25)։ Սակայն մենք արդեն առիթ ունեցանք ցույց տալու, որ ոչ թե սակավահավատ, այլ հաստատուն հավատքի հետամուտ և եռանդոտ անձ էր Թովմասը (Մատթ. 9:35-38
    Հիսուս ասել էր, որ երբ վերադառնա և առաքյալներին Իր հետ տանի, Իր գնացած տեղերն էլ, ճանապարհն էլ պիտի իմանան։ Թովմասն այնպես էր հասկանում, թե Հիսուս ասել է, թե հիմիկվանից կիմանան, ուստի զարմաքով ընդմիջում է․ «Տեր, եթե ուր գնալդ չգիտենք, գնալուդ ճանապարհը ինչպե՞ս կիմամանք»։ Հիսուս Թովմասի սխալ իմացածն ուղղել չի ցանկանում․ չի ասում, թե «Ես հիմա կիմանաք չասացի, այլ երբ որ վերադառնամ ու ձեզ տանեմ, այն ժամանակ կիմանաք ասացի»։ Այլ, ընդհակառակը․ կարծես թե Իր առաջին բացատրությունն էր շարունակում, խոսքի ընթացքը պահելով, ավելացնում է․ «Ճանապարհն եք ուզում իմանալ, այն հայտնի է, ճանապարհն էլ ես եմ, ճշմարտությունն ել ես եմ, կյանքն էլ ես եմ։ Երբեք ոչ մեկը չի կարող մոտենալ իմ Երկնավոր Հորը, եթե ոչ իմ միջնորդությամբ։ Դուք էլ եթե ինձ լավ ճանաչեիք, Երկնավոր Հորս էլ կճանաչեիք, որովհետև ինձ տեսնելով, Երկնավոր հորս տեսած կլինեիք, ինչը որ տեսած կարող եք համարել, քանի որ ինձ եք տեսել»։
    Հիսուս գրեթե առաջին անգամ ասածն է կրկնում «Հաւատացէք յԱստուած, եւ յիս հաւատացէք»։ Միշտ Ինքն Իրեն Աստծու հետ միացած է ցույց տալիս, և ինչ-որ Աստծուն է պատկանում, Իրեն է վերագրում։ Աստված կյանք է, կամ թե կյանքը Աստծով է, կյանքի իրականացումը՝ ճշմարտության հետևելով կստացվի, իսկ ճշմարտության ուսուցիչն Ինքը՝ Հիսուս է։ Ուրեմն Ինքը՝ Հիսուս է Աստծուն հասնելու ճամփան, և ճշմարտությունն էլ և կյանքն էլ Իրենքվ է իրականանում և ստացվում, որով էլ Ինքը լինում է ճշմարտություն և կյանք տվողը, կամ թե նույնիսկ ճշմարտությունն ու կյանքը։