Մաղաքիա արք. Օրմանյան
1-8․ Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր: Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր: Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը: Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
Երբ միտքը վրդովվում է հուզիչ գաղափարներով և սիրտն այլայլվում սրտաշարժ պատկերներով, հոգում գոյանում է ներքին մի վրդովում, զգացմունքների պոռթկում է առաջանում և լցված սրտից ինքնաբերաբար հանկարծ հառաչանքներ են բխում։ Այս երևույթը ճշմարտվում է նաև Հիսուսի դեպքում։ Կտակ-քարոզում կրկնված գաղափարները ուժեղ ազդեցություն են գործում, մատնության և չարչարանքների ու խաչի հեռանկարները բորբոքում են երևակայությունը, յուրայինների տկարության նախազգացումը ցավալի ցնցում է առաջ բերում, սիրտը կարծես ելնում է, իղձերը բորբոքվում և կտակը ավարտելու պահին, հանկարծ, աչքերը վեր բարձրացնելով, ի խորոց սրտի հառաչանք է ելնում բերանից․ «Հա՜յր, Հա՜յր, ահա հասավ նախասահմանյալ ժամը, ահա իմ մահվան վայրկյանը եկավ, ևս մի պահ և պիտի զոհեմ կյանքս մարդկային փրկության համար։ Մարդու Որդին այս կերպ պիտի քո անունը փառավորի, դու էլ նրան փառավորիր, որպեսզի իր կամավոր պատարագը պատրաստի թե իր անվան, թե Երկնքի Արքայության փառավորումը։ Դու տվեցիր իրեն Երկնքի Արքայության իշխանությունը, որպեսզի այն տարածի բոլոր մարդ արարածների վրա և զորությամբ այդ իշխանության փրկագործության ահեղ խորհուրդը լրացնի, և ամբողջ մարդկության համար բացի հավիտենական երանավետ կենաց մուտքը և շնորհի անվախճան հոգևոր կենդանությունը։ Այս հավիտենական կյանքի հիմքն է մեծ ճշմարտությունը ճանաչելը, ուստի պետք է, որ բոլորն այն ընդունեն ու քեզ միայն ճանաչեն որպես ճշմարիտ Աստված և Քո կողմից ուղարկված Հիսուս Քրիստոսին»։
Աղոթքի իմաստը շատ պարզ է, Հիսուսի կատարվելիք փրկագործության հայտարարությունն է և ավելի բացատրության կարիք չունի, միայն վերջին համարում կետադրության շուրջ են ծագելի վիճելի հարցեր։ Արդեն հայտնի է, որ բնագրում կետադրական նշաններ չեն եղել, դրանք ներմուծվել են շատ ավելի ուշ և տարբեր կետադրության հետևանքով առաջ եկան տարբեր իմաստներ և դժվար է ճշտել սրբագիր հեղինակի բուն միտքը։ Վեճը ծագել է հետևյալ համարի շուրջ․
«Զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս»։ Իմաստը ճշտելու համար կետեր կամ, ըստ մեզ, բութեր պիտի ավելացվեն, որոնք կարող են դրվել երկու կերպ, այսինքն՝ «Զի ծանիցեն զքեզ՝ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս», կամ թե՝ «Զի ծանիցեն զքեզ միայն՝ ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս՝ Քրիստոս»։ Առաջին հատվածում տարբերությունը շատ մեծ չէր, որովհետև ճանաչել, որ «Հայր Երկնաւոր՝ է միայն ճշմարիտ Աստուած», կամ թե՝ «Հայր Երկնաւոր միայն՝ է ճշմարիտ Աստուած», հիմնական տարբերություն առաջ չի բերում։ Իսկ երկրորդ հատվածում բավականին տարբերություն կա․ ճանաչել, թե «Յիսուս Քրիստոս՝ յԵրկնաւոր Հօրէ առաքեալ է», կամ թե ճանաչել, որ «յԵրկնաւոր Հօրէ առաքեալ Յիսուս՝ է Քրիստոս», որ խոստացյալ Մեսիան է։ Այդ երկու իմաստներն էլ իրար կմոտենային, եթե երկուսի մեջ էլ տիրեր միմիայն Աստվածառաք Մեսիայի առումը, սակայն աստվածաբանները այս վկայությունից ուզում են քաղել Հիսուս Քրիստոսի աստվածությունը վկայող փաստ, որի վերաբերյալ հարկ չենք համարում երկար խոսել։ Միայն ուզում ենք ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ թեպետ մյուս Ավետարաններում Հիսուս Քրիստոսի անվանումը այսպես կից չենք գտնում, սակայն Հովհաննեսն այլ տեղերում էլ գործածում է․ «Շնորհք եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն» և դարձյալ՝ «Զի հաւատայցէք Յիսուս՝ Քրիստոս է Որդի Աստուծոյ» Հովհ․ 1:17 և 20:31։
Հիսուս շարունակում է Իր Աղոթքը և Իր խոսքը Երկնավոր Հորն ուղղելով, ավելացնում է․ «Ինչ որ պետք էր անել երկրի վրա քո փառքը մեծացնելու համար արեցի․ ինձ հրամայած բոլոր գործերդ կատարեցի․ և այժմ էլ մնում է, որ դու էլ, Հա՜յր, ինձ փառավորես՝ վերադարձնելով այն առաջին փառքին, որ ունեի քեզ հետ, երբ դեռ աշխարհն էլ չէր ստեղծված։ Քո անունը հայտնեցի ու սովորեցրի նրանց, ում աշխարհից զատելով ինձ հանձնեցիր․ նրանց տերը դու էիր․ և ինձ հանձնեցիր քո վարդապետությունը և պատվերները նրանց հաղորդելը։ Ես հաղորդեցի իրենց, և իրենք ընդունեցին քո վարդապետությունն ու պատվերները և, վերջապես, համոզվեցին ու հավատացին, որ բոլոր իմ հաղորդածները քեզնից են և այդ գիտակցությամբ էլ ընդունեցին։ Մի խոսքով, ճանաչեցին և անկեղծ սրտով խոստովանեցին, թե ես քեզանից եմ ելել և եկել, և դու ես ինձ ուղարկել»։ Հարկ չենք համարում անդրադառնալ հայտնված գաղափարների բացատրությանը, քանի որ նրանք նույնն են, ինչ որ կտակի մեջ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: