Մաղաքիա արք. Օրմանյան
20-21․ Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
 
 Եթե Հիսուս մի պահ ամփոփեց մաղթանքներն ու Իր հետ գտնվող առաքյալների համար աղոթքներ արեց, ապա դա մի հատուկ անհրաժեշտություն էր, որ կամեցավ շեշտել, քանի որ նրանք պիտի լինեին Ավետարանը տարածողները, այն աշխարհի բոլոր կողմերը տանողները և Հիսուսի Եկեղեցին հիմնողները։ Սակայն Հիսուսի տեսադաշտից չեն վրիպում նաև նրանք, ովքեր Ավետարանը պիտի ընդունեն առաքյալների քարոզությամբ և, մեկից մյուսին անցնելով, միմյանց հաջորդելով, հավերժական ու հարատև եկեղեցին պիտի կազմեն։ Ուստի, խոսքը միշտ Երկնավոր Հորն ուղղելով, բացահայտորեն ասում է․ «Այս ամենը խնդրում եմ անմիջական առաքյալներիս համար, բայց իմ աղաչանքը նրանց համար անհրաժեշտ խնդրելով չի վերջանում։ Ոչ թե լոկ նրանց համար եմ աղոթում, այլ նաև աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր այս առաքյալների քարոզությամբ պիտի լուսավորվեն, իմ հավատքը պիտի ընդունեն և ինձ պիտի հավատան՝ լինեն անմիջապես նրանց քարոզությունն ընդունողներ, նրանց աշակերտների ձեռքով դարեդար նույն քարոզությունն ընդունողներ ու Ավետարանի հետևողներ։ Բոլոր սրանց համար խնդրում եմ, որ սերտ կապով ու սուրբ սիրով միմյանց հետ համամիտ ու միաբան լինեն, նույն կերպ նաև ինձ հետ և ինձանով քեզ հետ միացած լինեն։ Այնպես որ ես և դու, բոլոր հավատացյալները ներքին և անձուկ կերպով միավորված լինենք, և ինչպես որ ես ու դու ենք մի, այնպես էլ նրանք, ինձ հետ ու քեզ հետ միանալով, կատարյալ ու անթերի միություն կազմենք։ Այդ միությունը և Եկեղեցու ամուր հաստատությունը մի փաստ պիտի լինի ամենքի աչքում, թե ստուգապես և աստվածառաք եմ եղել ու Ավետարանի գործն էլ աստվածային է»։
 Հիսուսի այս աղոթքը իրավունք է տալիս մեզ եզրակացել, թե Քրիստոսի եկեղեցու հիմքն ու լրումը սերն ու միությունն են։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: