Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 18:13

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13, 24. Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր: Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ:
   
    Երեք ավետարանիչները միմյանց համաձայն ասում են, թե Հիսուս Գոթսեմանիից ուղղակի քահանայապետարան տարվեց եւ Կայիափի քահանայապետի առջեւ սկսվեց հարձուփորձը։ Հովհաննեսը, որ հաճախ է հիշատակում երեք ավետարանիչների բաց թողած դեպքերը, այստեղ եւս պատմում է, թե Հիսուս մինչեւ Կայիափայի ատյանին ներկայացվելը, տարվեց նախկին քահանայապետ Աննայի եւ միայն դրանից հետո՝ Կայիափայի մոտ։ Այս խոսքը խնդրո արառկա չէր լինի, եթե Հովհաննեսը՝ Հիսուսի Աննայի մոտ տարվելը հիշատակելուց հետո չպատմեր նրա հարձուփորձից եւ Պետրոսի ուրացությունից մի մաս ,որը իբրեւ թե տեղի է ունեցել Աննայի ապարանքում, մինչդեռ մյուս ավետարանիչները նույնը պատմում են որպես Կայիափայի ապարանքներում տեզի ունեցած իրադարձություն։ Ահա եւ երեք ավետարանիչների եւ Հովհաննես միջեւ տարբերության մի մի նոր կետ եւ այն համաձայնեցնելու մի նոր խնդիր է առաջանում։ Նրանք, որ սիրում են միշտ նախապատվությունը Հովհաննեսին տալ, Աննայի ապարանքում կատարված գործողություններից մի փոքրիկ կտոր են հորինում եւ նույնը համարում են Կայիափայի ապարանքներում կրկնված կամ էլ զեղչում են Կայիափայի ատյանի գործողություններից։ Մեր կարծիքով, որն ընդունում են շատերը, Աննայի ապարանքում հարցաքննություն երբեք էլ տեղի չունեցավ եւ Պետրոսի երեք ուրացությունները տեղի ունեցան Կայիափայի ապարանքում։
    Մեր ուշադրությունը գրավող կետերից մեկն այն է, որ եթե Կայիափայի ատյանում կատարված դեպքերը տեղափոխենք Աննայի ատյանը, պետք է երեք ավետարանիչների պատմությունը հիմնովին բռնազբոսենք եւ եղծենք, իչը չի կարող ընդունելի լինել։ Մինչդեռ Հովհաննեսի պատմությունը ամենեւին բռնազբոսելու հարկը չենք ունենա, եթե Աննայի ապարանքում ատյան կազմված չլինեիը պնդենք։ Հրեական բարձրագույն ատյանը կամ քահայանապետարանը կամ սինեդրիոնը մեկն էր ու մեկ պաշտոնատուն ուներ եւ այնտեղ էր ժողովը հավաքվում ու ոչ թե ցանկացած վայրում կարարում պաշտոնական գործերը։ Աննան նախկին քահանայապետն էր, բայց պաշտոնավարողը չէր։ Նա իր անձնական կապերով շատ ազդեցություն ուներ՝ Հովսեփ Կայիափան իր փեսան էր, որդին՝ Եղիազարը քահանայապետ էր եղել, որից հետո իր մյուս որդիները՝ Հովնաթանը, Թեոփիլոսը, Մատաթիան եւ Անանոսը իր ազդեցության շնորհիվ քահանայապետություն վարեցին։ Սակայն մի բան է քահանայապետերի վրա, ազդեցություն ունենալը եւ մեկ այլ բան՝ պաշտոնական ձեւակերպումներ վարելը, որոնք այդ կերպով իրենց օրինակ պայմանը կկորցնեն։ Ուստի անհնար էր Աննայի նախագահությամբ ատյան կազմելն ու գործելը։
    Մեր այս դիտարկումներին նպաստում է նաեւ Հովհաննեը որ Աննային երբեք քահանայապետ անունը չի տալիս եւ այն բացարձակապես վերապահում է Կայիափային. «Եւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիափայի, որ քահայանապետն էր տարւոյն այնորիկ»։ Եվ դարձյալ «եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ»։ Իսկ այս երկու խոսքերի միջեւ պատմած գործողությունները երբեք Աննային չի վերագրվում, այլ՝ քահանայապետրին. «Եւ քահանայապետն եհաց», որ չի նշանակում, թե «Աննա եհաց», այլ նա որ իսկապես քահանայապետն էր, այսինքն՝ Կայիափան։ Տեղի մասին մեր դիտողությունները կատարելով, նշենք, որ Հիսուսի Կայիափայի մոտ ուղարկվելը դեռեւս չհիշված, Պետրոսի համար գրում է. «Կայր ընդ նոսա եւ Պետրոս եւ ջեռնոյր»։ Իսկ Հիսուսին Կայիափայի մոտ ուղարկվելը հիշելուց հետո ավելացնում է. «Եւ Սիմոն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր» ։ Այս վերջին արտահայտության մեջ դրված անդ բառը բացահայտ կերպով շեշտում է երկու վայրերի նույնը լինելը, որից էլ մեկը՝ Աննայի եւ մյուսը՝ Կայիափայի ապարանքին վերագրելու հարկ չենք տեսնում։
    Հետեւաբար պետք է ասել, որ Հովհաննեսը, երբ նշում է Աննայի մոտից Հիսուսի Կայիափայի մոտ ուղարկվելը, անտեսված մի պարագա է ավելացնում, որ իր տեղում մոռացված է եղել։ Եվ սա հիշում ե այնպիսի տեղում, ու պատմական հերթականությանը երբեք չի համապատասխանում, որ նույն գործողույան տեղի համար միջանկյալ հիշատակություն կատարվի։ Աննայի՝ Կայիափայի աներ եւ Կայիափայի՝ բուն քահանայապետ լինելու հիշատակվելը գաղափարների լծորդությամբ առիթ՝ ընծայում Կայիափայի գործերը պատմելու համար, սակայն փոքր իմչ առաջ գնալով, նկատում է, որ Կայիափայի մոտ գնալը նշված չէ, ուստի այդ թերին լրացնում է միջանկյալ կերպով եւ գրում է. «Եւ առաքեաց զնա Աննա՝ կապեալ առ Կայիափա քահանայապետ»՝ այն իմաստով եւ նպատակով, որ նշանակում է, թե «Եւ առաքեալ զնա Աննա», որով ցանկանում է ասել, թե այս ամբողջը կատարվեց Կայիափայի ապարանքներում, ուր Հիսուս ուղարկված էր Աննայի կողմից։
    Մեզ մնում է հետազոտել, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Հիսուսի հակառակորդները նրան սկզբում Աննայի ապարանքը տանելով, դեռ քահանայապետարան չհասնելով։ Շատերը զանազան ենթադրություններ են արել այս մասին։ Նախ, որ Աննայի ապարանքը քահանայապետարան չհասած ճանապարհի վրա էր եւ մի պահ հանգստանալու եւ պատրաստվելու կարիք զգացվեց։ Երկրորդ, թե հակառակորդների բուն պարագլուխը Աննան էր, որ որպես պատկառելի անձնավորություն հարգված էր բոլորի կողմից եւ ձերբակալության հաջողության մասին նրան էր հարմար հաղորդել ու ներկայացնել։ Նաեւ, թե Հուդան,որ շտապեցնում էր իր սակարկած վարձքը ստանալ, պնդեց, որ իր հանձնառության կատարման դիմաց մատնության գինը վճարվի եւ այս պատճառով այստեղ մտան ու այս խնդիրը լուծեցին։
    Այս կարծիքները թեպետ ոչ անհավանական, բայց կարող են անբավարար համարվել, մեծ նշանակություն ունեցող իրադարձության պատճառը ցույց տալու համար և մենք ավելի կարեւոր նպատակ ենք տեսնում այդ պարագայում։
    Հիսուսի հակառակորդների միակ եւ բուն նպատակը նրան սպանելն էր։ Նրանք ո՛չ մտածում էին նրան իրենց օրենքով ամբաստանել ու դատել, դատապարտել ու սպանել եւ ո՛չ էլ քաղաքական օրենքով հռոմեացի դատավորի առաջ ամբաստանել եւ դատապարտել տալ, այլ պարզապես մտածում էին խարախ դավաճանությամբ վրա հասնել եւ նենգությամբ սպանել. «Եթէ զիա՛րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն» Մարկ. 14:1 ։ Այս էր իրենց բուն եւ ուղղակի մտադրությունը։ Արդ՝ Հուդայի հետ սակարկել էին զատկից հետո Հիսուսի տեղն իմանալ եւ նենգությամբ իրագործել մարդասպանությունը։ (Մատթ. 26:14-16), բայց վերջին պահին մատնության եւ իրենց մմտադրության բացահայտված լինելը իմանալով, դեռեւս Հիսուսը չհեռացած աճապարանքով նրան ձերբակալելու անհրաժեշտությունն առաջացավ (Մատթ. 26:46)։ Այժմ, այսպես թե այնպես վերջապես հաջողվել էր Հիսուսին ձերբակալել եւ նրան կապած ու անօգնական իրենց իշխանության տրամադրության տակ առնել (Մատթ. 26:56-57), ուստի պետք էր անելիքները որոշել։ Եթե իրենց սկզբնական որորշմանն ու բուն նպատակին պիտի հետեւեին, կարող էին Հիսուսին որեւէ, տեղում արգելափակել եւ այնտեղ դավաճանորեն սպանել ու իրենց նպատակին հասնել, Հիսուսի ձեռքից ազատվել, եւ իրենց դրության դեմ եղող մարտը ավարտել ու հանդարտություն գտնել։ Ահա ամենամեծ խնդիրը, որի համար հարկավոր էր մի տեղ նստել, պարագաները կշռել, հնարավորը մտածել, օգտակարը նախադասել, իրենց անելիքը որոշել։ Եվ այս խորհրդակցությունը պետք չէր, որ քահանայապետարանում՝ պաշտոնական կերպով կատարվեր, այլ անպաշտոն կերպով եւ անպաշտոն վայրում եւ ըստ այնմ էլ գործի անցնել, մինչեւ իսկ եթե պետք լիներ նույն տեղում սպանել։
Այս խորհրդակցությունն էր, որ կատարվեց Աննայի նախագահությամբ, որ հակառակորդների պարագլուխն էր եւ անձնական, ազդեցության մենաշնորն էր վայելում։ Այդ պատճառով էլ Հիսուս այնտեղ տարվեց, Հուդայի վարձը վճարվեց եւ հեռացվեց, ձերբակալող խումբը ցրվեց, պաշտոնյաներն ու զինվորները իրենց տեղերն ուղարկվեցին, Հիսուս առանձին մնաց եւ միայն մի քանի պահպանների հսկողությանը հանձնվեց,որպեսզի եթե իսկույն որեւէ բան գործադրելու անհրաժեշտություն առաջանա, առանց ամբոխի եւ աղմուկի ի կատար ածվի։
    Գործի ընթացքը եւ Հիսուսի նկատմամբ կատարված գործողությունները ցույց են տալիս, թե դավաճանաբար սպանության խորհուրդը դժվարացավ, քանի որ ձերբակալությունը մեծ պատրաստությամբ եւ գրեթե պաշտոնական հանգամանքներում էր կատարվել։ Հիսուսի հանդեպ կատարված բոլոր գործողությունները շատ բացահայտ եւ ծանոթ անձանց միջոցով էին տեղի ունեցել եւ Հիսուսի դավաճանորեն ու նենգությամբ սպանությունը ի հայտ կգար, որի պատճառով Հիսուսի աշակերտները եւ նույնիսկ սինեդրիոնի անդամներից նրա համակիր նիկոդեմոսներն ու արեմաթացիները, մինչեւ իսկ հռոմեացի զինվորները, կարող էին քաղաքական իշխանության եւ հռոմեացի դատավորի առջեւ սպանողների դեմ դատ բացել եւ նրանց նկատմամբ մարդասպանության ամբաստանություն հարուցել։ Հետեւանքը ո՛չ օգտակար կլիներ եւ ո՛չ էլ պատվաբեր, մանավանդ, նաեւ խիստ վտանգավոր։
Այդ մտածումները զորացան Աննայի ապարանքի խորհրդակցության ժամանակ եւ որոշվեց հրեական օրենքի համաձայն, Հիսուսին որպես օրինազանց եւ հայհոյիչ ամբաստանել ու դատապարտել եւ այդպիսով մահապարտության վճիռ կայացնել ու սպանել՝ հավանաբար, օրենքի պատվիրած քարկոծման եղանակով Ղեւտ. 24:16։ Միասնաբար որոշվեց այդ գործը չհետաձգել, որպեսզի նոր դժվարությունների առիթ չտրվի, այլ հապճեպ կատարել եւ վերջացնել ու այդպիսի ստիպողական ձեւով նույնիսկ ժողովրդի վրա ներազդել ՝ հեռու պահելով Հիսուսի համար նպաստավոր խռովություններ բարձրացնելուց։ Այդ որոշման պատճառով է, որ Աննան ձերբակալված եւ կապված Հիսուսին անմիջապես ուղարկում է քահանայապետի մոտ եւ միեւնույն ժամանակ հանձնարարում Կայիափային, որ ձեւական կողմի պահպանությամբ անհրաժեշտը գործադրվի եւ Հիսուսի նկատմամբ օրինազանցության եւ Աստուծո դեմ հայհոյության դաըապարտությունն ու մահապարտության վճիռ արձակվի։