Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 18:4

Մաղաքիա արք. Օրմանյան

4-9. Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»: Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան: Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան: Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ». որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի:
   
    Հիսուսը հանդիմանելով Հուդայի համբուրելը, բաժանվում է նրանից, մոտենում է ամբոխին, որը ձերբակալվող անձին տեսնելով, նրան բռնելու համար առաջ է գալիս։ Հիսուս ամուր ձայնով և վեհ կեցվածքով հարցնում է․ «Զո՞ խնդրէք»։ Նրանք գիշերային շփոթության ևիրենց շտապողականության մեջ չեն պատկերացնում, թե հարցնողը նույն մարդն է, որին Հուդան իրենց համբույրով մատնանշեց և ակամայից հայտնում են իրենց մտադրությունը և ասում, թե փնտրում են Նազովրեցի Հիսուսին։ Հիսուս աներկյուղ կերպով պատասխանում է․ «Ե՛ս եմ»։
    Պաշտոնյաներն ու զինվորները այս ձայնից շփոթվում են, երբ տեսնում են, թե իրապես իրենց հետ խոսողը Նազովրեցի Հիսուսն է, որին ձերբակալելու համար էին եկել և, որ Հուդան համբույրով հեռվից իրենց նշել էր։ Շփոթվում են, մանավանդ, տեսնելով, որ փոխանակ փախուստի դիմելու և հակառակ իրենց կողմից փախուստը արգելելու համար ձեռնարկած մեջոցներին, նա համարձակորեն առաջ է գալիս և ինքն իրեն հայտնում։ Երբ մարդ իր սպասածին և կարծածին հակառակ երևույթ է տեսնում, անսպասելիորեն այլայլվում է, շփոթության մատնվում և իր անելիքները դադարեցնում։ Հիսուսին բռնելու համար առջևից գնացողները նույն ապրումն են ունենում․ հանկարծ դեպի ետ շարժում են սկսում, զարկվում ետևից եկողներին, ուժաթափ, սահում, գլորվում ու ընկնում գետին։
    Հիսուսի խոսքի և ամբոխի գետին ընկնելու մեջ կապը գերբնական զորությանը վերագրողներ կան, որոնք ենթադրում են, թե Հիսուսի վրա եկողները հանկարծ Նրան լուսավոր և ճառագայթարձակ կերպարանքով տեսան ու արհուրեցին, երկնային տեսիլքից սոսկալովէ գետին թավալվեցին։ Մենք դժվարություն չունենք որևէ հրաշալի պարագա ընդունելու, բայց որտեղ Ավետարանը լռում է և իրողությունն էլ չի պահանջում, ավելորդ ենթադրությունների կարիք չենք տեսնում։ Ավետարանը պարզապես ասում է․ «Իբրեւ ասաց, թե ես եմ, յետս յետս չոքան եւ զարկան զգետնի»։ Ավետանարը գետին ընկնելը վերագրում է ետ ետ գնալուն և ոչ հրաշալի տեսիլքի։ Հուդայի մասին էլ խոսելով՝ գրում է, թե «կայր ընդ նոսա եւ Յուդա» և նրա գետնին ընկնելու մասին ոչինչ չի ասում, որովհետև նա խմբից դուրս էր և մնացել էր Հիսուսի ետևում։ Ավելացնենք նաև, որ նույն խմբի երկրորդ հարցումին համարձակ պատասխանելով՝ Նազովրեցի Հիսուսին փնտրելը կրկնելը խոսում է այն մասին, որ երկնային տեսիլքից սոսկահար և շփոթված վիճակում չէինմ ինչը որ գերբնական երևույթի անհրաժեշտ հետևանքը պիտի լիներ։ Ընկածները շուտով ոտքի են կանգնում և մտաբերելով ցանկանում են նորից առաջ գալ։ Հիսուս երկրորդ անգամ էլ է հարցնում․ «Զո՞ խնդրէք» և նրանք կրկնում են առաջին պատասխանը, թե՝ Նազովրեցի Հիսուսին։ Այդ ժամանակ Հիսուս ավելացնում է․ «Արդեն ասացի և նորից կրկնում եմ, թե Նազովրեցի Հիսուսը ե՛ս եմ։ Օ՛ն, ուրեմն, եթե միայն ինձ համար եք եկել, ապա աշակետնեիս չդիպչեք։ Ինչ ինձ պիտի անեք՝ արեք, բայց ինձ հետ եղողներին ազատ թողեք»։
    Այստեղ ավետարանիչը Հիսուսի այս պաշտպանողական խոսքերն ակնարկելով ավելացնում է, թե Նա այս արտահայտութամբ կատարեց այն խոսքը, որը քիչ առաջ էր Իր մեծ աղոթքում․ «Զորս ետուր ցիս, ոչ կորուսի ի նոցանէ եւ ոչ զոք: Ես պահեցի զնոսա յանուն քո, եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ»։ Աղոթքի միջի իմաստը հոգեկան պահպանության համար էր, որովհետև համեմատվում էր Հուդայի կորուստի հետ (Հովհ. 17:9-19), իսկ այստեղ խոսքը մարմնավոր պահպանության մասին է, որովհետև ակնարկվում է ձերբակալությունից ազատվելը։ Երկու առումները իրարից տերբեր լինելովէ մեկը մյուսի հետ նույնացնելու տեղ չի մնում, սակայն դժվար չէր երկու առումների մեջ ներքին առնչություն տեսնել, անդրադառնալով, որ առաքյալների ձերբակալությունը կարող էր նրանց հոգեկան անկման առաջներդել և առաքելական կոչումից դուրս նետել՝ ինչպես եղավ Հուդայի վիճակը։ Հետևաբար, Հիսուս երկու տեղերում էլ իր առաքյալների թվի և կոչման պահպանությունն է ակնարկում՝ թե՛ երբ ասում է, որ Հուդայից բացի ուրիշ ոչ ոք այդ կոչումից չզրկվեց և, թե՛ երբ հոգ է տանում, որ առաքյալները փորձության ենթարկվելով կոչումից չզրկվեցին։